«Հաջորդ տարին քաղաքական պայքարի իմաստով լինելու է վճռորոշ տարի». Դավիթ Շահնազարյան

Սաթիկի Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը Դավիթ Շահնազարյան է:

– Ուզում եմ խոսենք դեկտեմբերի 4-6 Բրատիսլավայում տեղի ունեցած նախարարական համաժողովի մասին, որին մասնակցում էր Հայաստանի արտգործնախարարը: Նախ հիշեցնեմ, որ մինչև համաժողովը Twitter-ում Ավստրիայում Ադրբեջանի դեսպանության կողմից հուշագիր դաշտ նետվեց, բավականին կոշտ տեքստ, որին Հայաստանի արտգործնախարարը չշտապեց պատասխանել: Այնուհետև դրան հետևեց Զոհրաբ Մնացականյանի ելույթը Բրատիսլավայում: Ձեր կարծիքով կամ ունեցած տեղեկատվությամբ՝ ի՞նչ է տեղի ունեցել Բրատիսլավայում, ի՞նչ է քննարկվել, փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ:

– Մինչ այդ եկեք նաև վերհիշենք, թե դրանից ընդամենը մեկ օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինչ ասաց Բաքվում, ուր գտնվում էր պաշտոնական այցով: Երկու պահի կուզեմ անդրադառնալ: Առաջինը, որի մասին մեր մամուլում խոսվել է, այն է, որ Լավրովն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի դերը՝ որպես գործոն: Բայց մի հայտարարություն կար, որը շատ ավելի կարևոր էր: Լավրովն ասաց, որ կարգավորումն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափում, բայց ընդգծեց նաև, որ հնարավոր է՝ նաև Ռուսաստանի կողմից առանձին միջնորդական որոշ գործառույթ լինի:

Սա չափազանց կարևոր էր: Հիմա, եթե մենք դիտարկենք՝ ինչ է տեղի ունեցել Բրատիսլավայում, առաջինը՝ ինչի՞ մասին էր, ինչպե՞ս ընթացավ այդ հանձնաժողովը: Ես կուզեմ շատ կարճ սա ներկայացնել: ԵԱՀԿ երկրների նախարարների հանձնաժողովը Բրատիսլավայում առանձնահատուկ էր՝ Ռուսաստան-Արևմուտք դիմակայմամբ: Ամբողջ հանձնաժողովն ընթացավ հենց այս հունով: Ընդ որում, ես դիտմամբ չասացի՝ Ռուսաստան-ԱՄՆ, որովհետև ԱՄՆ դիրքորոշումը շատ ու շատ հարցերում պաշտպանում էին Եվրամիության մի շարք երկրներ: Ռուսաստանի կողմից բազմաթիվ նախագծեր էին առաջ քաշվում, և ըստ էության դրանք բոլորը մերժվեցին: Ավելին, Ռուսաստանի կողմից առաջարկվող նախագծերից մեկն այն էր, որ առանձին բանաձև լինի՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի հետ, և սա նույնպես մերժվեց: Եվ այս տրամաբանությունն ըստ էության անդրադարձավ նաև մեզ հետաքրքրող հարցերի վրա, այսինքն՝ նախորդ օրը տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման: Եվ այստեղ չափազանց կարևոր է եռանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, որն արվեց Բրատիսլավայում:

Ուզում եմ հիշեցնել, որ Լավրովը ամսի 3-ին Բաքվում ասաց, որ ակնկալում է, որ այդ հայտարարությունը հնգակողմ կլինի, բայց եղավ եռակողմ: Այստեղ արժե անդրադառնալ ոչ միայն այն փաստաթղթին, որը դուք նշեցիք, որ Ադրբեջանը տարածել էր այդ համաժողովում՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, այլ նաև Մամեդյարովի ելույթին:

Ըստ էության որևէ նոր բան այդտեղ չկար, նույն այն փաստաթղթի ոգով էր, որը տարածվել էր: Բայց կար մի շատ ուշագրավ և ըստ էության նոր կետ ընդհանրապես Ադրբեջանի ողջ հռետորաբանության, նրա ղեկավարների հրապարակային հայտարարության մեջ: Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին, որ Հայաստանը ռազմականացվում է, և, բացի այդ, Մամեդյարովը հայտարարեց, որ ԵԱՀԿ ամենառազմականացված երկիրը Հայաստանն է:

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի գործող իշխանություններն անընդհատ փաստարկներ են տալիս Ադրբեջանին, որով նրանք կարող են միջազգային հանրության առաջ արդարացնել, փաստարկել իրենց նոր ռազմական, հարձակողական գործողությունները: Այստեղից կարելի է ուղղակիորեն հետևություն անել, որ Հայաստանի այս իշխանությունների գործունեության հետևանքով էապես մեծանում է պատերազմի վտանգն ու սպառնալիքը: Հայաստանի վարչապետի կողմից շատ ու շատ անպատասխանատու, իրար հակասող հայտարարություններ են արվել, բայց ուզում եմ նշել վերջերս նրա արած մի արտահայտությունը, որի արձագանքը ես ուղղակիորեն կապում եմ Մամեդյարովի հայտարարության հետ, հերթական պոպուլիստական հայտարարությունն է, որ այս մեկուկես տարվա ընթացքում (նկատի ունի իր իշխանության) Հայաստանը ներկրել է աննախադեպ ծավալի սպառազինություններ: Առաջինը, ես ասեմ, որ դա շատ հեռու է իրականությունից: ես տիրապետում եմ այդ ինֆորմացիային բավական մանրամասն, և երկրորդ, եթե դա նույնիսկ այդպես է, նման բան հայտարարելն ուղղակիորեն Ադրբեջանի օգտին է:

– Մի հստակեցում: Որևէ պայմանագիր, թուղթ եղե՞լ է, թե՞ չէ:

– Պայմանագիրը ստորագրված փաստաթուղթն է: Թուղթը վաղուց կա: Հիմա կանդրադառնամ: Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը կար նաև ԼՂ բանակցային գործընթացում: Ես ասացի, որ Լավրովն ըստ էության չէր բացառել, որ ՌԴ-ն առանձին միջնորդությամբ հանդես կգա, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պատվիրակությունների ղեկավարների կողմից ստորագրված և տարածված փաստաթուղթը հստակ նշում է, որ ԼՂ հակամարտության բանակցային և կարգավորման գործընթացի միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությունն է:

Այսինքն՝ այն, ինչ 2 օր առաջ Լավրովն ակնարկել էր Բաքվում, այստեղ հաստատվեց սրանով: Ակնհայտ է, որ Ադրբեջանը և վերջին ամիսներին, և հատկապես ամսի 3-ին Լավրովի հետ հանդիպման ժամանակ անընդհատ փորձում էր Ռուսաստանի դերն ընդգծել և Ռուսաստանին տալ մեծ առավելություն բանակցային գործընթացում: ՌԴ՝ Կրեմլին մոտ կանգնած որոշ վերլուծաբաններ վերջին օրերին խոսել են այն մասին, որ Հայաստանն այդ դերը փորձում էր Արևմուտքին տալ: Ես այնքան էլ այդպես չեմ կարծում, բայց դա այն կարծիքն է, որը ձևավորվել է Կրեմլում: Հայաստանը միշտ, բանակցային այս ողջ գործընթացում՝ սկսած 1992թ.-ից, միշտ կարևորել է հենց եռանախագահողների ձևաչափը, և ցանկացած առանձին նախաձեռնություն Հայաստանը փորձել է բերել եռանախագահողների գործընթաց:

Իհարկե, փաստաթուղթ կա բանակցային սեղանին, թեպետ Հայաստանի իշխանություններն ասում են, որ դա փաստաթուղթ չէ:

– Ի՞նչ է դա, Լավրովի պլա՞ն:

– Լավրովի պլանն այն պլանն է, որը եռանախագահողները ըստ էության նույնպես ընդունում են:

– Մամեդյարովը Բրատիսլավայից հետո նորից իր հարցազրույցներից մեկում ասաց, որ Լավրովի պլանն է դրվել, և նշեց, որ անվտանգության հարցում ամեն ինչ չէ, որ հստակ է: Նկատենք, որ անցյալ տարի ապրիլին, երբ Մամեդյարովը դարձյալ Լավրովի պլանի մասին խոսել էր, Լավրովն ինքը չէր հերքել: Այսինքն՝ փաստաթուղթ կա, որքան էլ ասեն, նաև մեր ԱԳՆ-ն, որ Լավրովի պլան չկա:

– Լավրովի պլանը կարգավորման այն մեխանիզմն է, որը 3 եռանախագահող պետություններն էլ ընդունում են: Ամիսներ առաջ եմ դեռ ասել, որ բանակցություններում քննարկվում է, ըստ էության, տարածքներ խոստումների դիմաց: Այսինքն՝ սա փուլային տարբերակ է: Սա նշանակում է՝ որոշակի տարածքների հանձնում ինչ-որ խոստումների դիմաց: Սա է փուլային տարբերակը: Այդ մասին, Հայաստանից բացի, խոսում են բոլորը: Մասնավորապես 2 օր առաջ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում՝ Վիեննայում, նաև այս դիմակայության մասին խոսելով, հայտարարել է, որ, այո, պետք է լինի փուլ առ փուլ կարգավորում, և այդ մասին բանակցվել է: Իմիջիայլոց, «Վերնատան» հայտարարության մեջ նշված էր, որ Հայաստանը ուղղակիորեն պետք է բացառի որևէ քննարկում, որում ամրագրված չէ ԼՂ կարգավիճակն Ադրբեջանի կազմից դուրս: Ինչքան ուզում է Հայաստանը մերժի, սա է բանակցությունների սեղանին: Ես ուզում եմ մի անգամ ևս հիշեցնել, որ մինչև Հայաստանում իշխանափոխությունը բանակցվում էր միմիայն մի հարց. Դա շփման գծի շուրջ միջոցառումների հարցն էր, 3 կետեր՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում, հատուկ սարքերի տեղադրում և խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ստեղծում:

Դա մի ծուղակ էր, որում հայտնվել էր Ադրբեջանը, և Փաշինյանն ուղղակի նրան փրկօղակ նետեց: Ընդ որում, սա միջազգային հանրության դիրքորոշումն էր: Հիմա արդեն դա մոռացված է, այդ մասին չեն խոսում: Հայաստանն է հայտնվել այդ ծուղակում: Հիմա ասում են՝ փուլային է, և Հայաստանը մտել է այդ քննարկումների մեջ, և ասել, որ դա վատ է, նշանակում է՝ ոչինչ չասել: ՀՀ արտգործնախարար Մնացականյանը ակնարկեց ռազմական սպառնալիքի մասին, բայց որ էսկալացիայի վտանգը բավականին մեծ է, այս մասին իր ելույթում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ Լայչեկը: Հիմա սա է սեղանին, և սա է քննարկվում, ինչն ամեն կերպ Հայաստանի իշխանությունը փորձում է թաքցնել: Բանակցային գործընթացը էական որակական փոփոխության ենթարկվեց Ադրբեջանի օգտին զինադադարի ռեժիմի պահպանման հարցում անցյալ տարվա սեպտեմբերին Փաշինյանի և Ալիևի հայտնի վերելակային հանդիպմանը:

Մինչ այդ զինադադարի պատասխանատվությունը, հակամարտության կառավարումը միջազգային հանրության և առաջին հերթին՝ եռանախագահող երկրների գործն էր: Սրանով այս երկուսն ասացին՝ մենք ենք պատասխանատու: Եվ եռանախագահողները դեմ չէին պատասխանատվությունն իրենց վրայից գցելու: Սա մեծ նվեր էր Ալիևին, որը Փաշինյանն արեց: Սա է մեծագույն այն սխալը, որն Ալիևի առաջարկությամբ Փաշինյանն արեց վերելակում:

– Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ «այս իշխանությունը ոչ մի սխալ չի արել: Միակ սխալը, որ արել է, դանդաղում է: Դրսից ուղղորդվող իշխանություն է և դանդաղ է անում այն, ինչ ստանձնել է»: Ի՞նչ խնդիր էր ստանձնել Նիկոլ Փաշինյանը արտաքին ուժերի կողմից: Ո՞րն էր պլանը:

– Բազմիցս ասել եմ և այսօր էլ կրկնում եմ, որ Փաշինյանին բերել են իշխանության, որ նա լուծի ԼՂ խնդիրը այնպես, ինչպես ձեռնտու է Ադրբեջանին, և իր բոլոր գործողությունները, որ առաջին հայացքից թվում է, թե կապ չունեն Արցախի հետ, ուղղված են Արցախի դեմ:

– Այսինքն՝ իշխանությունը պահել դրա գնո՞վ:

– Ես այդ բանաձևը տվել եմ՝ Արցախի դիմաց իշխանություն: Բայց ինքը լուծում է այդ խնդիրը: Դա դրսի ուժերի պատվեր է, որը նա իրականացնում է:

– Որևէ իշխանություն չի՞ վախենա նման բանի գնալ:

– Եկեք խոսենք փաստերով: Հիշեք, անցյալ տարի նոյեմբերին իր կողմից հարձակում սկսվեց ԼՂ ղեկավարության, բանակի, գեներալիտետի դեմ, բոլոր այն գործիչների դեմ, որոնք ռազմական, քաղաքական ներդրում են ունեցել 90-ականների ազատամարտում, բանակցային գործընթացում՝ վարկաբեկելով, անիմաստ, անհասկանալի խաղաղասիրական կոչեր: Բազմաթիվ փաստեր հիշեցնեմ, որ «մեր զինվորները հանուն ոչնչի են զոհվել»: Դա այս իշխանությունների քաղաքականությունն է: Հետևողականորեն այս ամեն ինչը արվում է:

Ուրիշ մի բան ասեմ: Արտգործնախարաը մի քանի օր առաջ հանդիպել էր, այսպես կոչված, հ/կ-ի ներկայացուցչի հետ փակ ռեժիմով: Այդ ժամանակ արվեց այսպիսի հայտարարություն՝ որ արտգործնախարարը տեղեկացրել է, ցիտում եմ, «Հայաստանի արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխության մասին»: Կարող է փոխվել արտաքին քաղաքականությունը, բայց տրամաբանությունը՝ ոչ, որովհետև առաջին հերթին՝ դա Հայաստանի, Արցախի անվտանգության ապահովումն է: Այսինքն՝ դա՞ է փոխվել: Ճիշտ են ասում, փոխվել է: Դրանից հետո Արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ պատրաստ է նմանատիպ հանդիպումներ կազմակերպել, բայց փակ ռեժիմով: Ես Հայաստանի արտգործնախարարին բազմիցս հրավիրել եմ հրապարակային, չասեմ՝ քննարկման, չասեմ՝ բանավեճի: Հիմա էլ եմ հրավիրում, որպեսզի ջարդեմ բոլոր այդ փաստարկները, բայց ոչ չհրապարակելու պայմանով:

Ադրբեջանը գործում է բաց: Հրապարակված փաստաթղթով Ադրբեջանը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումները: Փաշինյանն ասում է՝ անհեթեթություն է: Սա ոչ միայն բացարձակ ոչ պրոֆեսիոնալիզմ է, արտաքին հարաբերությունները չհասկանալու ապացույց, այլև ուղղակիորեն Հայաստանի և Արցախի նպատակներին է խփում: Ուզում եմ հիշեցնել նաև Փաշինյանի մի ասածը, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների մեջ կան խնդիրներ, բայց այս ընտրություններով դրանք կլուծվեն: Ինքը հույս ունի ունենալ իրեն ենթակա իշխանություն Արցախում, որը նույնպես կողմ կլինի փուլային տարբերակին, և ըստ էության ամեն ինչ կավարտվի: Փուլային տարբերակը պետք է բացառել: Նորից եմ ասում՝ Ադրբեջանը բացահայտ է աշխատում, դուք այստեղ քչփչոցներո՞վ եք աշխատում:

…Հայաստանում կարելի է քննարկել ամեն ինչ, բացի Արցախի հարցից: Հայաստանում Արցախի հարցը միշտ է եղել կարևորը: Եվ հիմա ի՞նչ է անում Փաշինյանը: Ինքն ըստ էության թելադրում է օրակարգ, որը անհեթեթ, բացասական իրավիճակ է ստեղծում, և շատ վատ է մեր հասարակության համար, որ այդ ամեն ինչն ընդունում է: Այսինքն՝ քննարկեք ամեն ինչ, քննարկեք Ջինգլ բելզ, քննարկեք Հաթերք, խոզի բուդ, ավտոմեքենայի կմախքներ, ՀԴՄ-ներ, Նոր տարվա հոթ-դոգ, բայց ոչ Արցախի հարց: Բայց արդեն այս ամեն ինչը տապալված է, և մեր հասարակությունն արդեն կամաց-կամաց և բավական մեծ չափով այս հարցը քննարկում է, և այս ամենն արդեն չի աշխատում:

– Այսինքն՝ ամեն կերպ շեղում է անվտանգության ու Արցախի խնդիրներից:

– Արցախ, անվտանգություն, արտաքին քաղաքականություն՝ նույն հարցն է: Այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում՝ Միջին Արևելքում, Իրանի շուրջ, ուղղակիորեն կապված է մեր անվտանգության հետ:

…Բայց Ռուսաստանը հստակ պետք է հասկանա, որ Փաշինյանը Հայաստան չէ և Արցախ չէ, և ինչ էլ որ նա խոստանա, որ անելու է, դա չի կատարվելու, և Ռուսաստանը պետք է հասկանա, որ այս իմաստով Արցախի անկախության հարցով մենք որևէ զիջման տեղ չունենք:

– Ակնարկել էիք, որ չզարմանանք, որ մինչև տարեվերջ Փաշինյանն ու Ալիևը նստեն սեղանի շուրջ: Ինչի՞ մասին են խոսելու:

– Դեկտեմբերի 20-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ գագաթաժողովը, և ես չեմ զարմանա, եթե ոչ՝ նիստերին, գոնե որպես հյուր՝ կհրավիրվի Ալիևը: Համենայն դեպս, դա ծրագրված է, եթե ինչ-որ բան չփոխվի: …Իրենք իրար հետ 5 անգամ հանդիպել են, որից միայն մեկը՝ ԵԱՀԿ ձևաչափում, բայց այն փաստը, որ Ալիևը հրավիրվի նման միջոցառման, արդեն խոսում է Ռուսաստան-Ադրբեջան շատ սերտ հարաբերությունների և Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մակարդակի մասին:

Ես էլի եմ կրկնում՝ Հայաստանն էապես պետք է փոխի բանակցությունները: Մեզ միմիայն պետք է փաթեթ, որտեղ կարգավիճակ է ֆիքսված:

– ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը խոսել էր Սորոսի և դրսից ֆինանսավորվող կուսակցությունների մասին: Որքան հետագայում նաև մամուլից հասկացանք, խոսքը «Սասնա ծռեր» խմբավորման մասին էր, որն այնուհետև դարձավ կուսակցություն: Դուք այդ նույն վտանգները տեսնո՞ւմ եք:

– Ամիսներ առաջ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը ուղղված է մեր պետականության դեմ: Փաստերը բերել եմ: Նրանց կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները, բոլորը առաջինը պաշտպանեցին 2016թ. ՊՊԾ դեմ ահաբեկչական գործողություն կատարող անձանց, տեռորիստներին պաշտպանեցին և շարունակում են այդ քաղաքականությունը մինչ այսօր:

Այդ կազմակերպությունն այսօր ըստ էության իշխանության մաս է կազմում: Երկրորդ, Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հրապարակավ հայտարարեց, որ իրենք օգնել և օժանդակել են այս հեղափոխությանը, այսինքն՝ ուղղակիորեն խոստովանել են, որ իրենք խառնվել են մեր ներքաղաքական խնդիրներին: Այսօր նրանց դեմ շարժում կա, նկատի ունեմ «ՎԵՏՕ» շարժումը, բայց այդ կազմակերպությունը հրաժարվում է որևէ հրապարակային քննարկումից: Այդ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները վերջերս բողոքի ցույց էին կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց, և պահանջը ոչ թե այնտեղ բանտարկված որևէ անձի ազատումն էր, այլ այդ կառույցի, ինստիտուտի դեմ էր: Հիմա սկսվել է պայքար պետական կառույցների, անվտանգությունն ապահովող ինստիտուտի դեմ:

Ես հիմա դիմում եմ ԱԱԾ ծառայողներին: Դուք շատ լավ գիտեք, որ ծառայում եք պետությանը, այլ ոչ թե անձին, որը այսօր զավթել է պետությունն ու, ըստ էության, իշխանության բոլոր թևերը: Եվ ես կոչ եմ անում ձեզ օպերատիվ մշակումներ սկսել բոլոր այն կազմակերպությունների դեմ, որոնք ֆինանսավորվում են դրսից, որոնց գործունեությունը մեր պետության դեմ է: Պետք չէ, որ այդ մասին իմանա քաղաքական ղեկավարությունը, դա ձեր պարտքն է: Եվ դա ձեզ պետք է գալու, և ես վստահ եմ, որ դուք ունեք այդ արժանապատվությունը, որ շատ լավ հասկանում եք իրավիճակը:

– Դուք ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ նախկինում, լինելով ԱԱԾ ղեկավար, նախկին ղեկավարը նման հայտարարություն աներ:

– Ամենայն լրջությամբ դա կընդունեի:

….Ամենամեծ վտանգը, որ մենք այսօր ունենք, մեր հասարակության մասնատվածությունն է, որ իշխանությունը մտցրել է, և նպատակն էլի Արցախն է, այսինքն՝ էլի Արցախի դեմ ուղղված քայլեր են: Այն, ինչը շատ-շատերին է դրսում անհանգստացրել, ազգային միասնությունը, որ մենք դրսևորեցինք 2016թ. ապրիլին, պետք է ոչնչացնել: Եվ Փաշինյանի ողջ գործունեությունն ուղղված է դրան:

Առաջիկա ամիսներին կլինեն լուրջ քաղաքական զարգացումներ, և հաջորդ տարին վճռորոշ տարի է լինելու հենց քաղաքական պայքարի իմաստով:

Տեսանյութեր

Լրահոս