«Ի շահ ՀՀ-ի և Արցախի՝ քաղաքական առևտրի էջը ՀՀ-ում փակված է». Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀԽ նոր նախագահին

Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում գործադիրը որոշում կայացրեց Հանրային խորհրդի նախագահ նշանակել Ստյոպա Սաֆարյանին։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Սաֆարյանի թեկնածությունն ինքն է առաջադրել, քանի որ վերջինս երկար տարիներ իրականացրել է հանրային գործունեություն։

«Կարծում եմ, որ այս նոր կարգավիճակում նրա գործունեությունը շատ ավելի արդյունավետ կլինի՝ ի շահ ՀՀ-ի և Արցախի և հայ ժողովրդի»,- ասաց  Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ Ստյոպա Սաֆարյանն այնքան էլ լավ պայմաններում չի ստանձնում ՀԽ նախագահի պաշտոնը։

«Գիտեք, ստեղծման առաջին օրից Հանրային խորհրդի նպատակահարմարության և գոյության հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել։ Եկեք ուղիղ խոստովանենք, որ վերջին շրջանում այդ թեմայով  բազմաթիվ քննարկումներ կան և՛ ընդդիմության, և՛ իշխանության շրջանում։ Ուզում եմ ասել, որ իրականում շատ ծանր առաքելություն է լինելու ՀԽ նոր նախագահի առաքելությունը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նոր նախագահի առաջ դրված է բարդ խնդիր, և սա ՀԽ-ի վերջին շանսն է, որ կարողանա ապացուցել, որ իսկապես արդյունավետ է գործում՝ որպես Կառավարությանն առընթեր խորհրդատվական մարմին։

Փաշինյանն ընդգծեց, որ Հանրային խորհուրդը կարող է լինել արտախորհրդարանական ուժերի հետ հարաբերությունների և հանդիպման հարթակ, քանի որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում տեղի են ունեցել քաղաքական պայմանների ահռելի փոփոխություններ, ինչը, սակայն, շատ քաղաքական ուժեր չեն արձանագրել։

«Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, բոլորի և քաղաքական ուժերի համար եղել է անսպասելի, քաղաքական ուժերի 99 տոկոսի անելիքները պայմանավորված և  պլանավորված են եղել։ Ահա այս իրավիճակում գտնվող քաղաքական ուժերը մինչև հիմա այդ շոկը չեն հաղթահարել, ուստի ՀԽ-ն կարող է լինել հարթակ, որտեղ կարող են քննարկվել ընթացիկ այս հարցերը։ ՀԽ-ն կարող է դառնալ Կառավարություն և արտախորհրդարանական ուժերի համար հարթակ, և կարվի՞ դա, թե՞ ոչ՝ կախված է ձեզանից»,- ասաց  Փաշինյանը։

Նա նաև հիշեցրեց, որ, երբ ինքն ընտրվեց վարչապետ, թեև պետք է ձևավորեր նոր ՀԽ, սակայն հեղափոխությունից հետո հայտարարեց, որ կադրային ջարդ չի լինելու, և յուրաքանչյուրը պետք է ունենա նոր հնարավորություն։

«Ըստ էության, ես համարյա զրոյական միջամտություն եմ ունեցել ՀԽ ձևավորմանը և ես այդ գործառույթը պատվիրակել էի նախկինում գործող ՀԽ-ին։ Հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, որոնք եղել են Երրորդ Հանրապետության ձևավորման ակունքներում, ես պատշաճ պատեհ չեմ համարել այդ առիթն օգտագործել, և, անկախ իմ ունեցած վերաբերմունքից, մարդկանց իմ ձեռքն ընկած իշխանությամբ պաշտոնանկ անել։ Ես հույս եմ ունեցել, որ այդ մարդիկ կօգտվեն այդ շանսից, և սա միայն այդ կառույցին չի վերաբերում։ Ոչ միայն ՀԽ-ի պարագայում, այլ դեպքերում ևս մենք տեսել ենք, որ մեր շանս տալու հնարավորությունը ոմանց կողմից ընկալվել է՝ որպես թուլություն կամ հին հարաբերություններ»,- ասաց  Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նաև քաղաքական ուժերի պարագայում մինչ այս պահը կա «ինձ պաշտոն տուր, թե չէ ասուլիս կանեմ, ցույց կանեմ, բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հարցազրույց կտամ» տրամաբանությունը։

«Այդ հարաբերությունները չեն կարող լինել, ինչքան էլ էդ մարդիկ ասուլիսներ անեն, կիսվեն, չորս մասին բաժանվեն. այդ հարաբերությունները չկան, նոր իշխանությունն այդ հարաբերությունները չի ունենալու, քաղաքական առևտրի էջը ՀՀ-ում փակված է, սա կառավարություն է, և ոչ թե՝ առուծախի բորսա»,- ասաց  Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր այն «խոզի գլուխները, որոնք դրվել են գորգի վրա, հերթով ընկնելու են ցեխի մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս