Եկամուտների վրա ճնշումը կթուլանա՞, թե՞ կավելանա. Ինչ է թաքցնում կառավարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում, որ եկամտային հարկի նվազեցումը բերելու է մարդկանց եկամուտների ավելացման, սակայն խուսափում է խոսել այն մասին, թե դրանք ինչքանով են կրճատվելու այլ ոլորտներում հարկային բեռի ավելացման հետևանքով։ Իսկ որ կրճատվելու են ու շատ ավելի մեծ չափով, քան եկամտային հարկի նվազեցմամբ ակնկալվող ավելացումն է, այդպես էլ կա։
Հայաստանում բնակչության իրական եկամուտները դանդաղ են աճում։ Այնքան դանդաղ, որ չեն ծածկում անգամ տարբեր ոլորտներից եկող հավելյալ ծախսերը։
Իշխանափոխությունից հետո այս առումով գրեթե բան չի փոխվել։ Որքան էլ առանձին ուղղություններով աշխատավարձեր են բարձրացվել, այնուհանդերձ պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ դա էական ազդեցություն չի թողել մարդկանց եկամուտների վրա։ Դրանք շատ քիչ են ավելացել։
Աշխատավարձերի բարձրացման տեմպն առավել ևս դանդաղ է մասնավոր հատվածում, որտեղ զբաղված է աշխատող քաղաքացիների գրեթե 65-70 տոկոսը։ Ու դա պայմանավորված է, առաջին հերթին՝ տնտեսության իրական վիճակով։
Հասարակության եկամուտների էական փոփոխություններ չեն ակնկալվում նաև հաջորդ տարի, չնայած մի շարք գործոնների հետևանքով առկա է գնաճային ճնշման մեծացման բավական լուրջ ռիսկ։ Խոսքն ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին միջավայրից թելադրված ճնշումների մասին է։
Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա սկզբից բարձրանալու են երրորդ երկրներից ներմուծվող շուրջ 700 ապրանքատեսակների, այդ թվում` մսի, կարագի, հացահատիկի, դեղամիջոցների մաքսային արժեքները։ Գնաճային սպասումներ կան նաև 2020թ. սկզբից գործողության մեջ մտնող հարկային օրենսդրության փոփոխությունների, մասնավորապես՝ ենթաակցիզային որոշ ապրանքների հարկային բեռի ավելացման հետ կապված։ Բարձրանալու է ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզելային վառելիքի, բնական գազի, ինչպես նաև՝ ծխախոտի ակցիզային հարկը, ինչը բերելու է դրանց թանկացման։
Ու դա չի սահմանափակվելու միայն հաջորդ տարվանով։ Ենթաակցիզային ապրանքների հարկային բեռի ավելացումը լինելու է շարունակական։
Այս պայմաններում սոցիալական լարվածության թուլացման հիմնական միջոցը կարող էր լինել հասարակության եկամուտների ավելացումը։ Բայց ոչ այն, ինչ կառավարությունն ակնկալում է եկամտային հարկի նվազեցման արդյունքում։ Դա շատ քիչ է ծածկելու այն բեռը, որը ձևավորվում է այլ ոլորտներում։ Հատկապես որ, այդ բեռը չի սահմանափակվելու միայն գնաճով։
Կառավարությունը պատրաստվում է հասարակության տնօրինվող եկամուտների վրա մեծացնել հարկային բեռը։ Ու դա մտադիր է անել ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղություններով։
Առաջիկա 2 տարիներին նախատեսվում է ներդնել առողջապահության 6 տոկոսանոց հարկ, կտրուկ բարձրացնել գույքահարկը և վերադառնալ կուտակային կենաթոշակային ֆոնդերին պարտադիր վճարվող նախկին 5 տոկոսին։ Սա, իհարկե, ամենը չէ։ Բայց այդքանն էլ բավական է՝ պատկերացնելու համար, թե միայն նշված 3 ուղղություններով ինչպիսի լրացուցիչ հարկային ճնշում է սպասվում հասարակության եկամուտների վրա։ Այն դեպքում, երբ ոչ մի խոսք չկա աշխատավարձերի ավելացման մասին։
Ասվածը, իհարկե, չի վերաբերում բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր այսօր էլ իրենց վատ չեն զգում` վայելով պետական միջոցների հաշվին տրվող բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք նստած են ոչ միայն՝ ցածր, այլև՝ չոր աշխատավարձերի վրա։
Եթե առողջապահության 6 տոկոսանոց հարկը կառավարությունը նախատեսում է մտցնել 2 տարուց, ապա գույքահարկի փոփոխությունը կկիրառվի ընդամենը 1 տարի հետո՝ սկսած 2021թ.։ Դրա համար կառավարությունն արդեն հասցրել է ստեղծել համապատասխան օրենսդրական բազա. ընդունվել է օրենք` անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին առավելագույնս համապատասխանեցնելու վերաբերյալ։ Սա այն օրենքն է, որը դառնալու է գույքահարկի բեռի բարձրացման սկիզբը։
Անշարժ գույքի կադաստրային արժեքները որոշվելուց հետո` դրանք ուղղակիորեն կդրվեն գույքահարկի գանձման հիմքում, ինչի հետևանքով առկա գրեթե ամբողջ անշարժ գույքը կմտնի հարկման տակ։ Դա կվերաբերի ոչ միայն թանկարժեք, այլև, այսպես ասած, ոչ թանկարժեք գույքին։
Ժամանակին կառավարությունն այս նախաձեռնությամբ փորձում էր ցույց տալ, թե այն միտված է վերջին տարիներին տարբեր ճանապարհներով հարստացածների թանկարժեք դղյակները հարկելուն։ Սակայն հետագայում ամեն ինչ արվեց, որպեսզի գույքահարկի տակ հայտնվի անխտիր ամբողջ անշարժ գույքը։
Ներկայացված նախաձեռնության արդյունքում անշարժ գույքի, այդ թվում՝ բնակարանների գույքահարկը մի քանի անգամով կբարձրանա։ Իհարկե, թանկարժեք գույքի նկատմամբ ճնշումը շատ ավելի մեծ կլինի, բայց դա ոչնչով չի թեթևացնի նրանց վիճակը, ովքեր 1 կամ 2 սենյականոց բնակարան ունեն և մի կերպ ապահովում են իրենց սոցիալական գոյությունը։
Գույքահարկի տեսքով վճարվող գումարները դուրս են գալու հասարակության ոչ միայն հարուստ, այլև աղքատ խավի գրպանից։ Եվ կարևոր չէ, որ հարուստներն ավելի շատ են վճարելու։
Հասարակության աշխատող հատվածի վրա հարկային բեռը կավելանա նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերին կատարվող վճարումների վերանայման հետևանքով։ Այդ ազդեցությունը կարտահայտվի արդեն հաջորդ տարվանից։ Կառավարությունը որոշել է աստիճանաբար վերադառնալ նախկին հարաբերակցությանը, որը վերանայվել էր իշխանափոխությունից ամիջապես հետո։ Հասարակության շրջանում առկա դժգոհությունները մեղմելու նպատակով այն ժամանակ որոշվեց, որ աշխատավարձերից ֆոնդերին վճարվող 5 տոկոսից 2,5-ի փոխհատուցման պարտավորությունը կստանձնի կառավարությունը։
Արդեն հաջորդ տարվանից այլևս այդպես չի լինելու։ Աշխատողների բեռն այս հատվածում կավելանա 1 տոկոսային կետով։ Այսինքն` այսօր գործող 2,5-ի փոխարեն՝ նրանք կենսաթոշակային ֆոնդերին կվճարեն աշխատավարձի 3,5 տոկոսը։ Եվս մեկ-երկու տարի, և նախկին հարաբերակցությունն ամբողջությամբ կվերականգնվի։ Ու դա կհամընկնի այն ժամանակահատվածի հետ, երբ կառավարությունը կսկսի գույքահարկի նոր դրույքաչափերի և առողջապահության հարկի կիրառումը։
Այդ ընթացքում թեև կառավարությունը նախատեսում է 3 տոկոսով նվազեցնել եկամտային հարկը, այնուհանդերձ, միայն առողջության հարկի կիրառմամբ պատրաստվում է կրկնակի մեծացնել հարկային բեռը։ Չհաշված դեռ, թե ինչպիսին կլինի լրացուցիչ ճնշումը մյուս ուղղություններով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ