Բրիտանիայի կառավարությունը Brexit-ի մասին օրինագիծը խորհրդարանին կներկայացնի դեկտեմբերի 20-ին
Brexit-ի իրականացման մասին օրինագիծը պլանավորվում է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նոր կազմի քննարկմանը ներկայացնել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին: Այդ մասին դեկտեմբերի 16-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչը։
«Մենք պլանավորում ենք ԵՄ-ից դուրս գալու բիլլի հաստատման գործընթացն սկսել մինչեւ Սուրբ Ծնունդ, պլանավորվում է այն խորհրդարանի քննարկմանը ներկայացնել ուրբաթ օրը»,-ասել է վարչապետի դիվանատան աշխատակիցը, որի խոսքը մեջբերելէ Reuters գործակալությունը, Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը սահմանված ժամկետում Եվրամիությունից դուրս կգա որպես մեկ ամբողջություն, Brexir-ը կիրականացվի մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:
«Մենք Brexit-ը կիրականացնենք սահմանված ժամկետում, մինչեւ հունվարի 31-ը՝ առանց որեւէ «բայցերի», «եթեների» կամ «գուցեների»: Միացյալ Թագավորությունը որպես մեկ ամբողջություն դուրս կգա Եվրամիությունից՝ իրեն վերադարձնելով հսկողությունը, օրենքների, սահմանների, ֆինանսների, առեւտրի եւ ներգաղթի համակարգի նկատմամբ»,-ասել է Ջոնսոնը: Կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ դեկտեմբերի 12-ին երկրում կայացած ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման սպառնալիք այլեւս չկա: «Պահպանողական կառավարությունը նոր հզոր մանդատ ստացավ իրականացնելու Brexit-ը»,- ասել է վարչապետը: «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործել բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխել այս երկիրը, եւ դա մենք կսկսենք անել վաղը»,- հայտարարել է Ջոնսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: