«Ես երբեք չեմ եղել, չեմ լինելու որևէ ուժի կցորդ». Թովմաս Գրիգորյան

Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն այս շաբաթ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն է:

ՀՖՖ գործկոմի՝ 11.12.2019թ. կայացած վերջին նիստի մասին

Ընդհանուր առմամբ 3 հարց էր քննարկվում, որոնցից մեկը հիմնադիր-մասնակից հ/կ-ների նոր անդամների (որոնցից 3-ին ես էի առաջարկել) և 4 ուրիշ անդամների կասեցման հարցն էր, որի արդյունքում 2-ի անդամությունը կասեցվեց: Ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահին՝ գործկոմի նիստի ժամանակ, որոշվեց, որ, այսպես ասած, գործունեություն չծավալող կազմակերպությունները պետք է կասեցվեն, մինչև ժողովը որոշի իրենց անդամակցության լիարժեքությունը: Ես չեմ ցանկանա «ֆեյք» եզրույթն օգտագործել նրանց նկատմամբ, որովհետև նրանց մեջ կան Հայաստանի ֆուտբոլի զարգացման բնագավառում գործունեություն ծավալած շատ լուրջ կազմակերպություններ:

Իր դեմ ծավալված արշավի ու հենց այս պահին իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին

Մոտ 1.5 տարի առաջ, երբ Ռուբեն Հայրապետյանն ուզում էր հրաժարական տալ, ես այդ ժամանակ պատրաստվում էի իմ թեկնածությունն առաջադրել, անգամ 10 տարվա ռազմավարություն էի մշակել: Գիտեինք, որ Հայրապետյանն էլ չի առաջադրվելու, ու ես որոշեցի դնել իմ թեկնածությունը: Հետո, երբ ակումբներով հավաքվեցինք, բոլորն առաջ քաշեցին պարոն Վանեցյանի թեկնածությունը: Ես պնդեցի, որ մասնակցելու եմ: Հետո ինչ եղավ՝ դուք ինքներդ տեսաք. Վանեցյանը մնաց միայնակ թեկնածու և ընտրվեց ՀՖՖ նախագահ:

ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի մասին

Անկեղծ որ ասեմ, ինքը ֆուտբոլում բերեց մի որակ… Ինքն ուզում էր համերաշխություն մտցնել ֆուտբոլում, իսկ մնացած հարցերում ինքը շատ զբաղված էր, և հիմնական կառավարումը կատարում էին իր երկու տեղակալները, և ասել, որ ինքը վատ է կառավարել, ինչպես վերջում ասացին, սխալ կլինի, քանի որ դե ֆակտո ինքը չի կառավարել ՀՖՖ-ն: Ինքը որոշակի կետեր է մտցրել ֆուտբոլում:

«Լոռի» ֆուտբոլային ակումբի ու ՀՖՖ ղեկավարությունը համատեղելու վտանգի մասին

Ոչ միայն իմ ընդդիմախոսներն են շահարկում այդ փաստը և ասում, որ հնարավոր է՝ շահերի բախում լինի, այլև իմ համախոհներն էլ, որոնց մեծ մասն ակումբների նախագահներ, սեփականատերեր են: Մինչ իմ թեկնածության առաջադրումն իրենք իմ դեմ այդ հարցն առաջ են քաշել, որ ես պետք է համաձայնագիր ստորագրեմ, որ ես «Լոռիից» պետք է հրաժարվեմ:

ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ, ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանի՝ պաշտոնը և լծակները սեփական նպատակներին ծառայեցնելու մասին

Իմ՝ այդ մասին արած գրառմանը Ա. Մելիքբեկյանը պատասխանել էր, որ ես իրեն նշանակողներից մեկն եմ եղել: Գործկոմի վերջին նիստի ժամանակ ես իրեն ասացի. «Ամսի 6-ին, երբ մենք քվեարկության էինք դնում, և ես կողմը հաստատել եմ, Դուք, պարոն Մելիքբեկյան, հայտարարել եք, որ չեք դնելու Ձեր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Եթե դրած չլինեիք, ես Ձեր անաչառության վրա չեմ կասկածում, և այսօր էլ կպնդեի, որ Դուք կազմակերպեք համաժողովը և ընտրությունները: Բայց Դուք այսօր շահագրգիռ կողմ եք»:

Եվ նրանք, այո, ոչ միայն աշխատակիցների ռեսուրսն են օգտագործում, շենքն են օգտագործում, անգամ ՀՖՖ կայքն են օգտագործում: Այնպես որ, ես ու Խորեն Հովհաննիսյանը գտնվում ենք ոչ հավասար պայմաններում:

Արմեն Մելիքբեկյանի կողմից իր անունը Ռուբեն Հայրապետյանի հետ կապելու շահարկումների մասին

Ես ՀՖՖ 3 նախագահների հետ եմ աշխատել՝ Սուրեն Աբրահամյան, Ռուբեն Հայրապետյան, Արթուր Վանեցյան: Այս պահին պաշտոնապես ունենք մի հայտարարություն, որ Սուրեն Աբրահամյանը հայտարարել է, որ պաշտպանում է իմ թեկնածությունը: Մյուս երկու թեկնածուներից ես որևէ արձագանք չեմ ստացել: Սա պարզ մանիպուլյացիա է: Իրենք էլ են հին պաշտոնյաներ: Ընդ որում, Արմեն Նիկողոսյանը մինչև վերջին վայրկյանը եղել է Ռուբեն Հայրապետյանի խորհրդականը: Արմեն Մելիքբեկյանն էլ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է անգամ գլխավոր քարտուղարի տեղակալ: Ի՞նչ է նշանակում՝ ես նախկինների ուժն եմ ներկայացնում: Ես միշտ եղել եմ ներկա, նախկինում էլ եմ եղել ներկա, 10 տարի հետո էլ եմ լինելու ներկա ուժ: Ով իմ կենսագրությունը գիտի, տեղյակ է, որ ես երբեք չեմ լինելու, չեմ եղել որևէ ուժի կցորդ: ես միշտ աշխատել եմ ի շահ ֆուտբոլի: 17 տարի ես ֆուտբոլին միայն տվել եմ, ի տարբերություն իմ ընդդիմախոսների, ովքեր միշտ տարել են ֆուտբոլից:

FIP.am-ի այն պնդման մասին, որը ինքը ոչ թե հաջողակ, այլ սնանկ գործարար է

Ես մտածում էի, որ այս ընտրությունները կլինեին մտքերի, տեսլականի, ֆուտբոլի ապագայի հետ կապված բանավեճեր, բայց մենք, մնացել է 10 օր, դեռ բամբասանքներով ենք զբաղված: Բայց ես կխոսեմ այդ մասին:

2012թ. աղետի գոտում իմ ընկերություններից մեկը մեծ ներդրումային ծրագիր էր իրականացնում: Բանկը, իմանալով ինձ, խնդրեց, որ այդ ծրագիրն կիրականանա մի դեպքում, եթե ես՝ որպես երաշխավոր, ներկայանամ: Խոշոր գործարար, խոշոր ռիսկեր… Եվ այդտեղ եղավ գլոբալ քաղաքական որոշում, երբ ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին, և շուկայում այդ ոլորտում խաղացող յուրաքանչյուրը սնանկացավ: Ով էլ լիներ իմ փոխարեն, այդ պահին տանուլ էր տալու: Եվ ընդհանրապես կա այդպիսի տեսություն՝ «Գլոբալ քաղաքականության ազդեցությունը տնտեսվարողի վրա», և դա կլասիկ այդ դեպքն էր:

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Հինես Մելենդեսի ու նրա հայտարարության մասին

Այս հարցի շուրջ այսօր ամեն ինչ հանդիպում ենք մամուլում, անգամ շատ լուրջ մեղադրանքներ, որոնք ես չէի ուզենա այսօր բարձրաձայնել. դա իրավապահների գործն է: Ես կուզենայի այս ամեն ինչի մեջ մի դրական բան տեսնել, որ Մելենդեսն այսօր գալիս է կոնսենսուսի, որ ինքը կգնա: Ես կփորձեմ հաղթել, և թող ինքը գնա: Դա, իհարկե, իրենց քարոզչական թիմի կողմից մեծ կիքս էր, որ դրանով իրենք փորձեցին ընտրողներին ուլտիմատում ներկայացնել, բայց ես այսօր շփվում եմ ընտրողներից՝ 34 հ/կ-ներից 30-ի հետ, և համատարած դժգոհություն է, համատարած ընդունում են, որ Վանեցյանը ժամանակ չի ունեցել և չի կառավարել իրավիճակը. դե ֆակտո կառավարել են 2 Արմենները, և այսօր ինչ ունենք, պատասխանատուն իրենք են: Ինչ վերաբերում է աստղաբաշխական թվերին, մանկապատանեկան ֆուտբոլով զբաղվող շատ հ/կ-ներ, օրինակ, չունեն խաղակոշիկ, գնդակ, վառելիք, որ Երևան հասնեն, և մենք այս իրավիճակում բերենք այդ խմբին ու նման գումա՞ր տանք: Մելենդեսը դեռ մի կողմ: Դա ամենացավոտ տեղը չէ, ամենացավոտն Անտոնիո Ֆլորեսն է՝ Մելենդեսի փեսան, մրցավարական բաժնի պետ Լիսկևիչը, նրա օգնականը. թայֆաբազություն է ստացվում, ընկերներով, բարեկամներով եկել են: Ոնց որ մեր մասնագետներին ձեռք առնեն: 66-ամյա Անտոնիո Ֆլորեսին, որը որևէ աշխատանքային փորձ չունի, մենք վստահել ենք մեր 21 տարեկանների հավաքականը, որը մեր գլխավոր թիմի հերթափոխն է: Ես չեմ տիրապետում նրա աշխատավարձի չափին, ինչն աննախադեպ է մեր ֆուտբոլի պատմության մեջ, որ այսպես ծածուկ լինի ամեն ինչը: Նույնիսկ լրագրողը կարող է հարցում անել ու իմանալ, ուր մնա թե՝ ֆեդերացիայի պաշտոնյան կամ գործկոմի անդամը չկարողանա իմանալ նրա աշխատավարձի չափը:

Ինչ վերաբերում է ուլտիմատումին, դա հաղորդում է հանցագործության մասին: Դուք եկել եք Արմեն Մելիքբեկյանի՞ն, թե՞ հայկական ֆուտբոլին ծառայելու:

Հայրենասիրության, ազգային արժեքների ու ֆուտբոլի փոխկապակցվածության մասին

Ֆուտբոլի ղեկավար լինելու հետ ուղիղ կապ ունեն երկու որակներ՝ հայրենասիրությունն ու պատվախնդրությունը: Սա տղամարդու խաղ է, սրանով դու ներկայացնում ես քո երկիրը միջազգային արենայում և պետք է լինես հայրենասեր ու պատվախնդիր: Դրանից հետո նոր պետք է ունենաս աշխատանքի կազմակերպման որակավորում, տնտեսագիտական ու իրավաբանական գիտելիքներ:

Արմեն Մելիքբեկյանի կայքի՝ ինտենսիվորեն ու հետևողական կերպով բանակի դեմ կատարած հրապարակումների մասին. «Բանակն ազգի սարսափն է», «Ոչ 1000 դրամների օրենքին» և նման մտքեր հաճախ կարելի է հանդիպել նրա epress.am կայքում:

Ես անակնկալի եկա այդ փաստերից: Ես հիշում եմ, թե 2016թ. ինչ կոնսոլիդացիա եղավ: Սեյրան Օհանյանի հետ բոլոր ընդդիմադիր ուժերը գնացին սահման: Ես էլ կարող եմ բարձրաձայն ասել, որ օգնել եմ շատ ու շատ հարցերում: Ես հիշում եմ, որ 1000 դրամների օրենքի ժամանակ, այն ժամանակ՝ ընդդիմադիր պատգամավոր, ներկայիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ քվեարկեց այդ օրենքին:

Հավաքականի ֆուտբոլիստների հետ ունեցած իր հարաբերությունների մասին

Ես բոլորի հետ ունեմ լավ հարաբերություններ: Հավաքականի հետ 17 տարի տասնյակ երկրներում եմ եղել, և ես զգացել եմ՝ ով է անտրամադիր, հրավիրել եմ սուրճ խմելու, խոսել ենք: Ես զգացել եմ` ով կարիքս ունի, շփվել եմ, զրուցել, հավաքականի տղաների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ:

ՀՖՖ նախագահի ընտրության՝ քաղաքական որոշում լինել-չլինելու մասին

Ես չեմ հավատում, որ քաղաքական որոշում է լինելու, ես չեմ հավատում, որ կա դա: Ես անգամ այլ ուժի հետ քննարկման ժամանակ ասել եմ, որ սա բացառիկ է, երբ 3 թեկնածու պայքարում են, և քաղաքական ուժը դիրքորոշում է հայտնել, որ պետք է ֆուտբոլային ընտանիքը որոշի իր ղեկավարին, ինչը ողջունելի է: Բայց իմ կարծիքով՝ դրանք շահարկումներ են: Ես չեմ զգում, որ վարչապետի կողմից կա աջակցություն Արմեն Մելիքբեկյանին: Անգամ մամուլում մի տեղ կարդացի, որ Արմեն Մելիքբեկյանը վարչապետի ընկերն է, բայց եթե այդպես էլ լինի, ես համարում եմ, որ իրավունք չունեն այդ եզրույթն օգտագործել:

Ընտրվելու դեպքում՝ կադրային ջարդի ու իր թիմակիցների մասին

Ֆեդերացիան ունի տասնյակ տարիների արդյունքում ստեղծված պրոֆեսիոնալ կադրեր: Հիմնականում չեմ ազատվելու պրոֆեսիոնալ կազմից: Գրեթե բոլորին ճանաչում եմ, և որոշակի ճշտումներից հետո կսկսենք մեր աշխատանքը: Ես ասեմ, որ չի լինելու կադրային ջարդ: Ես ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում առաջադրեցի Մարինա Տաշչյանի թեկնածությունը: Բոլորի մոտ նա ասոցիացվում է՝  որպես Հենրիխ Մխիթարյանի մայր, բայց նա ինքը 3 նախագահների օրոք էլ աշխատել է, տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Ինքը, բացի ֆուտբոլային ընտանիքի անդամ լինելուց, նաև ՈՒԵՖԱ-ում է պաշտոններ զբաղեցրել, Համլետ Մխիթարյանի կինն է, ՈՒԵՖԱ-ի պաշտոնյա Մոնիկա Մխիթարյանի ու մեր պարծանք Հենրիխ Մխիթարյանի մայրը: Ինքը ոչ միայն լավ կին ու մայր է, այլև լավ պաշտոնյա Ի դեպ, շնորհակալ եմ, որ նա մեկ օր մտածելուց հետո դրական պատասխանեց իմ առաջարկին:

Տեսանյութեր

Լրահոս