«Ռիսկերը շատ մեծ են, և կա էսկալացիայի բարձր ռիսկ». վերլուծաբան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2020 թվականի սկզբին: Այս մասին հայտնի դարձավ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների տարածած հայտարարությունից: Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որի արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Մենք ողջունում ենք կոնկրետ քայլերը, որոնք ձեռնարկվել են անցած տարի լարվածությունը նվազեցնելու և խաղաղության շուրջ բնակչությանը նախապատրաստելու համար, ինչի մասին Միլանյան հայտարարության ժամանակ համանախագահող երկրները կոչ են արել 2018 թվականին և 2019 թվականի հունվարին Փարիզում նախարարների հետ պայմանավորվածության համաձայն: Մենք բարձր ենք գնահատում հումանիտար միջոցներ ձեռնարկելու ջանքերը, որոնք քննարկվել են առաջնորդների կողմից մարտին Վիեննայում նրանց հանդիպման ժամանակ, և որոնք մշակվել են ապրիլին Մոսկվայում ԱԳ նախարարների կողմից, մասնավորապես, վերջերս ավարտված լրագրողների փոխանակումն ու միաժամանակ ազատազրկվածների ազատումը հունիսի 28-ին:

Նշելով, որ այդպիսի ջանքերը կարևոր դեր են խաղում խաղաղ կարգավորմանը նպաստող բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծմանը՝ երեք պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում նախաձեռնել լրացուցիչ կոնկրետ հումանիտար միջոցներ և անվտանգությանն ուղղված գործողություններ:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին ավելի վաղ ձեռք բերված հումանիտար միջոցների և անվտանգությանն ուղղված գործողությունների  իրագործման շուրջ անհապաղ ձեռնարկել կոնկրետ քայլեր: Հաշվի առնելով զոհվածների բարեկամների տառապանքները՝ մենք կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին անհայտ կորած անձանց մասին տեղեկությունների փոխանակման հարցում օգնելու համար, ինչպես հայտարարել են երկու առաջնորդները 2014 թ. հոկտեմբերին Փարիզում գագաթաժողովի ժամանակ:

Հասկանալով Գործող նախագահի Անձնական օգնականի նշանակալի ներդրումը հրադադարի հարցում՝ մենք նշում ենք մոնիտորինգի առաքելության իրականացման անհրաժեշտության ընդլայնումը գործող համանախագահության համար, ինչի մասին կողմերը պայմանավորվել են 2016 թվականին: Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մտադրությունը՝ հանդիպել 2020 թ. սկզբում համանախագահների հովանու ներքո խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ բանակցությունները վերսկսելու և բարձր մակարդակում հետագա բանակցությունները խթանելու նպատակով»,- նշել էին համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները:

Նրանք հայտարարել էին, որ արդարացի և կայուն կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի, ուժ չգործադրելու, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դարձյալ ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: «Այդ պատճառով մենք կոչ ենք անում կողմերին վարել բարեխիղճ բանակցություններ՝ առանց արհեստական պայմանների կամ հետաձգման: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համոզված են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն անփոխարինելի է կայուն կարգավորման համար: Մենք կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց և Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց մենք հանձնարարել ենք շարունակել միջնորդական ջանքերը»,- ասված էր տարածված հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Բրատիսլավայում կայացած նախարարական հանդիպումից ակնկալիքները շատ ավելի շատ էին: Նրա խոսքով՝ հանդիպումից առաջ որոշակի առաջընթաց էր գրանցվել, այցեր էին տեղի ունեցել կողմերի միջև հումանիտար բնույթի, որը լավատեսության հիմք էր տալիս: «Սակայն մենք համոզվեցինք, որ այս պահին կողմերի դիրքորոշումներն ավելի ազդեցիկ են, և այդ դիրքորոշումները կարող են տապալել հումանիտար նախաձեռնությունները: Կարծում եմ՝ հումանիտար ուղղության վրա հաջողությունների համար ևս հիմքեր են հարկավոր, ինչի մասին մենք անընդհատ կերպով խոսում ենք: Կարևորն այն է, որպեսզի կողմերը խուսափեն իրավիճակը սրող քայլերից, քանի որ կայունությունը չափազանց փխրուն է, և յուրաքանչյուր կտրուկ քայլ կարող է բանակցային գործընթացը տանել փակուղի, երբ չկա համաձայնություն կողմերի միջև ամենակարևոր մի շարք հարցերում»,- ասաց Ստյուարտը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ ԵԱՀԿ հայտարարությունում տեղ են գտել 2016 թվականի պայմանավորվածությունները՝ շփման գծում կայունության հաստատման և հրադադարի պահպանմանն ուղղված:

«Սա կարևոր է, քանի որ հակամարտությունը չի լուծվել տասնամյակներ շարունակ, սակայն  հրադադարը ևս չի պահպանվել: Թեև ստատուս-քվոն ընդունելի չէ, հակամարտության կարգավորումը երկարաձգվում է, այս ֆոնին  հրադադարի պահպանումը չափազանց կարևոր է, միջադեպերի բացառումը կարևոր է, որի համար հարկավոր է ընթանալ այս պայմանավորվածությունների կատարման  ճանապարհով: Զուգահեռաբար՝ բանակցային սեղանին հարկավոր է զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից, դրանք շատ վտանգավոր կարող են լինել: Կարծում եմ՝ հանդիպումներ կլինեն վերջին բոլոր հայտարարություններից հետո, բայց համոզվեցինք, որ իրավիճակը չափազանց փխրուն ու անկայուն է, ռիսկերը շատ մեծ են, և կա էսկալացիայի բարձր ռիսկ: Համանախագահ երկրներն այս պահին հնարավորինս ակտիվ են, բայց ավելին չեն կարող անել, եթե կողմերը պատրաստ չեն լուծումների և մի շարք հարցերում խոսակցության, զիջումների մասին լսել անգամ չեն ցանկանում, իմ տպավորությամբ:

Հարկավոր է, որպեսզի նման ցանկություն զուգահեռաբար ունենան երկու կողմերը և հերթականությամբ քայլեր իրականացնելու պատրաստ լինեն, քանի որ հակամարտության կարգավորման վերաբերյալ յուրաքանչյուր կողմ իր տեսլականն ունի, և այս տեսլականները որևէ ձևով չեն մոտենում միմյանց, սա է խնդիրը, և դրա նախադրյալներն էլ չկան: Այս դիրքորոշումների առկայության պայմաններում գոնե պետք է խուսափել շփման գծում իրավիճակի լարումից, աշխատել հրադադարի պահպանման և բանակցային գործընթացի շարունակականության ուղղությամբ, հատկապես, երբ համանախագահներն այսօր կոնսենսուսով են աշխատում այս ուղղությամբ՝ փորձելով չնպաստել իրավիճակի սրմանը»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս