Բաժիններ՝

Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել

Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվեց 27-ամյա մի երիտասարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվեցին տարբեր տրամաչափի 10-ից ավելի կրակված պարկուճ, ինչպես և տուժողի «Մերսեդեսը»՝ կրակոցների հետքերով։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի ծառայողները ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և դեպքի նախաքննությունը վարող մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Արդյունքում հայտնի դարձավ զինված միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։

Պարզվեց նաև, որ սպանության փորձ կատարած անձինք եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, որը շահագործվել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի կողմից։ Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Երիտասարդին մեղադրանք առաջադրվեց, ինչից հետո նա կալանավորվեց։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը Բյուրական գյուղից տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներով հայտնի դարձավ, որ հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը հիվանդասենյակում հրազեն է պահում։

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկեցին հիվանդասենյակը և հայտնաբերեցին ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս