Գումարի դիմաց բանակում չծառայել այլևս հնարավոր չի լինի. Գաբրիել Բալայան

Հայաստանում հաջորդ տարվանից կդադարի գործել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցնելու դեպքում գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից խուսափելու օրենքը: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում: «Այսօր նախարարական կոմիտեում կքննարկվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որը սահմանում է գործող օրենքի երկարաձգում, սակայն կառավարության դիրքորոշումը խիստ և վերջնական է, որ օրենքն այլևս չի երկարաձգվելու: Բոլոր այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է մինչև 2019թ. մարտի 1-ը, ես ցանկանում եմ հաղորդել և հորդորել՝ վերադառնալ Հայաստան, 2019թ. դեկտեմբերի 31-ից հետո ենթադրվում է քրեական պատասխանատվություն»,-հայտարարեց փոխնախարար Բալայանը:

Գործող ձևաչափով, որը կիրառվում է 2004 թվականից, յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար վճարվում է 200 հազար դրամ: Եթե բոլոր զորակոչերից՝ տարեկան երկու անգամ, խուսափել է (18 զորակոչ), ողջ գումարը կազմում է 3 միլիոն 600 հազար դրամ:

Բալայանը խոսեց ևս մեկ նախաձեռնության մասին, որով հանդես էր եկել Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նա «Արագացված զինվորական ծառայության մասին» անվանմամբ նախագծով առաջարկում էր զինծառայությունից խուսափող քաղաքացիների համար ստեղծել հնարավորություն ՝ 10 միլիոն դրամ վճարելով ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով։ «Մենք չենք կարծում, որ Հայկ Սարգսյանի նախաձեռնած նախագծում մեջբերվող միջազգային փորձը կիրառելի է Հայաստանում։ Հայաստանի զինված ուժերը, հասարակությունը, քաղաքացիները, պետական իշխանությունն առանձնահատուկ պայմաններում են իրենց գործունեությունը ծավալում, որևիցե միջազգային փորձ, որ կիրառվել է այլ երկրում, չի կարելի վերցնել և առաջարկել, որ կիրառվի Հայաստանում։ Մենք բաց ենք քննարկումների համար, ցանկացած լավ փորձ, կարող ենք լոկալիզացնել և կիրառել: Բայց մենք մեր գործընկերոջն էլ ասել ենք, որ այն, ինչ առաջարկում է, մեզ համար սկզբունքորեն ընդունելի չէ»,-ասաց Գաբրիել Բալայանը։ Նա նկատեց, որ զորակոչվելուց հետո ցանկացած զինծառայող 5 ամսվա ուսումնական փուլ է անցնում՝ 17 առարկայով, հատուկ ուսումնական ծրագրով՝ մշակված հատուկ ՀՀ զինված ուժերի համար: Արագացված ընթացակարգն այդ հնարավորությունը չի տա:

Տեսանյութեր

Լրահոս