Արցախի կարգավիճակի ճանաչումն Ադրբեջանի կողմից լինելու է բանակցությունների ավարտական, ոչ թե ելքային կետը. Ալեքսանդր Իսկանդարյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այն փուլում չէ, որից կարելի է ակնկալել լուրջ զարգացումներ՝ լինի դա կարգավորման թե հակառակ ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ հակամարտության կարգավորման վերջին փորձը եղել է 2011-ին՝ Կազանում:
Ըստ քաղաքագետի՝ այն, որ շոշափելի առաջընթաց կարգավորման գործընթացում հնարավոր չէ, կարելի է տեսնել նաև ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարություններում, որտեղ խոսվում է գերիների փոխանակման, հասարակություններին խաղաղության պատրաստելու մասին:
«Պատրաստել չի նշանակում՝ որոշել»,- ընդգծեց Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է Բրատիսլավիայի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումից առաջ խնդրի կարգավորման մասին ադրբեջանական կողմի դիրքորոշման արտահոսքին, այնուհետև հայկական կողմի պատասխանին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց՝ կողմերն արտահայտեցին իրենց դիրքորոշումները:
«Ադրբեջանցիները փաստացի ասացին, որ համաձայն չեն այն ամենի հետ, ինչ հայերն են ասում, հայկական կողմն էլ փաստորեն հայտարարեց, որ համաձայն չէ նրա հետ, ինչ ասում է Ադրբեջանը: Սա բավականին համոզիչ էր ասված երկու փաստաթղթերում էլ: Ինչի՞ շուրջ են ընթացել բանակցությունները, Մամեդյարովը խոսել է Ստեփանակերտում դատապարտված ադրբեջանցիների փոխանակումից՝ «բոլորին բոլորի հետ» բանաձևով, ինչին հայկական կողմերը համաձայն չեն: Այն մարդկանց, ում վերաբերում է խոսքը, նրանցից առնվազն մեկը մարդասպան է, ինչը հատուկ իրավիճակ է ստեղծում, և որի դեպքում չի կարող աշխատել «բոլորին բոլորի հետ» բանաձևը հայկական կողմի համար: Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում ուղիղ տեքստով ասաց, ըստ էության, բավականին ակնառու բաներ, որ բանակցություններ են ընթանում երեք սկզբունքի հիման վրա, և այն, որ այդ սկզբունքներից մեկը մերժվում է և ասվում, որ խնդիրը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, իսկ ինքնորոշման իրավունքը բացառվում է այս կոնտեքստում, նշանակում է՝ հարցի դուրսբերում ԵԱՀԿ ՄԽ խմբի շրջանակում ընթացող բանակցությունների տրամաբանությունից և փիլիսոփայությունից: Լուրջ չեն հայտարարությունները, թե Արցախի ինքնավարությունը պիտի լինի Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ Մնացականյանն ասաց՝ կան սկզբունքներ, որոնցից ոչ մեկը չի կարելի բացառել, քանի դեռ կա բանակցային գործընթաց: Արցախի կարգավիճակի ճանաչումն Ադրբեջանի կողմից լինելու է բանակցությունների ավարտական, ոչ թե ելքային կետը: Եվ քանի դեռ այդ ավարտական կետին չենք հասել, ոչ մի տարբերակ չի կարելի բացառել»,- շեշտեց քաղաքագետը:
Այս համատեքստում Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ադրբեջանական կողմից արտգործնախարարների հանդիպումից առաջ դիրքորոշման արտահոսքը կարելի է տեղավորել Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, որոնք շատ կարևոր են: Ադրբեջանի ներսում ներքին զարգացումներ են ընթանում, էլիտաների դիրքերի ամրապնդման պայքար:
Այս պրոցեսները համապատասխան կոնսոլիդացիայի անհրաժեշտություն են առաջ բերում, իսկ ղարաբաղյան հարցը միշտ կոնսոլիդացիայի գործոն է եղել: Ղարաբաղի հարցը միշտ որպես գործիք է օգտագործվել՝ էլիտաների և հասարակության կոնսոլիդացիայի համար: Սա շատ հարմար գործիք է, և հենց ներքաղաքական իրավիճակն է թելադրում, որ Ադրբեջանը դիրքորոշման կոշտացման անհրաժեշտություն է զգում»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Միաժամանակ քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ թեպետ Ադրբեջանը կոշտ հայտարարություններ է անում, դժգոհում բանակցային գործընթացից, սահմանին ժամանակ առ ժամանակ սրում իրավիճակը, այդուամենայնիվ բանակցային գործընթացից դուրս չի գալիս և պատրաստվում է հաջորդ հանդիպմանը: