«Նման հայտարարություններ անող գործիչները հակապետական գործիչներ են». Մակունցը՝ ՀՅԴ-ի՝ «պարտիզանական» ջոկատների վերաբերյալ հայտարարության մասին
«Նախորդ տարի դեկտեմբերի Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որովհետև ՀՀ քաղաքացիներն էին դա պահանջել, և դրանից առաջ էլ տեղի էր ունեցել հեղափոխություն, որովհետև դա քաղաքացիների կամքն էր: Իսկ այն ուժերը, որոնք չհայտնվեցին խորհրդարանում, դա նույնպես քաղաքացիների կամքն է: «Պարտիզանական» ջակատների հետ կապված, դա, իհարկե, ցնցել է շատերիս, և նման բաց տեքստով հանձնարարականներն առնվազն տարակուսանք են առաջացնում: Եվ այն առանձին անձինք, ովքեր արատավորում են Դաշնակցություն կուսակցությունը, կարծում եմ՝ հենց Դաշնակցությունը ներսից պետք է միջոցներ ձեռնարկի նման դրսևորումները կանխելու համար»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՅԴ առանձին ներկայացուցիչների այն բնորոշումներին, որ ՀՅԴ-ն «պարտիզանական հարվածներ» պետք է հասցնի իշխանություններին:
Նրա խոսքով՝ նման հայտարարություններ անող գործիչները հակապետական գործիչներ են:
«Կարծում եմ՝ իրավապահ մարմինները և Ազգային անվտանգությունը ցանկացած վտանգի դեպքում միջոցներ կձեռնարկի: Այլ հարց է, որ այստեղ ավելի շատ Դաշնակցություն կուսակցության ընդհանուր հեղինակության արատավորումն է, նսեմացումը, իսկ այդ կուսակցությունում, հանձին երիտասարդների, մենք տեսանք, որ այնտեղ բավականին ազնիվ ու պարկեշտ անձինք կան»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությանը, որ իշխանությունն այս ամենին պետք է գնահատական տա, Լիլիթ Մակունցն ասաց, որ խմբակցությունում դեռ չեն հասցրել քննարկում ունենալ, երբ քննարկում լինի, ապա թեմային կանդրադառնա: