«Պետք է իրատես լինել և իրատեսական սպասումներ ունենալ». Միքայել Զոլյանը՝ արտգործնախարարների հանդիպման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն անդրադառնալով դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նշեց, որ ընդհանուր առմամբ այդ ամենի մասին խոսելիս պետք է իրատես լինել և իրատեսական սպասումներ ունենալ:

168.am-ի հարցին, թե՝ ինչպե՞ս կմեկնաբանեք արտգործնախարարների հանդիպումից հետո երկուստեք արված հայտարությունները, Միքայել Զոլյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամենակարևորն ինքնին հենց հանդիպման փաստն է և այն հանգամանքը, որ երկխոսությունը շարունակվում է, այս փուլում որևէ լուրջ ակնկալիք ունենալ այս երկխոսությունից պետք չէ, քանի որ, ինչպես պարզ դարձավ նաև այս անգամ, կողմերի մոտեցումները շատ տարբերվող են, և այսօր խոսել նրանից, թե կարող է ինչ-որ համաձայնության հասնել, կամ ինչ-որ ներդաշնակեցում տեղի ունենա այդ մոտեցումների հետ՝ չի կարելի: Բայց դրական է այն փաստը, որ երկխոսությունը շարունակվում է»:

Ըստ նրա, արդեն 25 տարի է՝ բանակցային գործընթացում Ադրբեջանը ցուցաբերում է նույն հարցը փուլային տարբերակով լուծելու մոտեցումը:

«Ինչպես 25  տարի այդ մոտեցումը չի աշխատել, կարող է ևս այդքան էլ չաշխատել: Կարծում եմ՝ մեր արտաքին գործերի նախարարը շատ հստակ մեր բոլոր դիրքորոշումներն իր խոսքում արտահայտեց, դրան ավելացնելու շատ բան չունեմ: Կարելի է նորից վերընթերցել այդ հայտարարությունը»,- ասաց Միքայել Զոլյանը:

Ինչ վերաբերում է Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու իշխանությունների հայտարարություններին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ առաջընթաց կա այն առումով, որ հարցը վերադարձել է օրակարգ և այսօր քննարկվում է:

«Թե երբ Արցախը կոնկրետ կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ կդժվարանամ ասել, դա կախված է շատ գործոններից՝ թե՛ Հայաստանի ու Արցախի գործողություններից, թե՛ համաշխարհային իրավիճակից, շատ գործոններ կան, բայց այն, որ այդ ուղղությամբ պետք է աշխատեն, փաստ է»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս