Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 6-ին առաջին անգամ ժամանել է Օսվենցիմում Աուշվից-Բիրկենաու նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի վայրում գտնվող թանգարան: Այդ մասին հայտնել է Լեհաստանի մամուլի գործակալությունը: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի ուղեկցությամբ նա այդ հուշավայրում կանցկացնի մի քանի ժամ եւ կհարգի զոհվածների հիշատակը:
«Սա կանցլեր Մերկելի առաջին եւ պատմության մեջ Գերմանիայի գործող կանցլերի երրորդ այցն է Աուշվիցի ճամբար»,- տեղեկացրել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին: Նրա խոսքով՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարների ժամանումն Օսվենցիմ «հնարավորություն է աշխարհին հիշեցնելու նացիստական Գերմանաիայի կողմից Աուշվիցում եւ մյուս համակենտրոնացման ճամբարներում կատարված հանցագործությունների, միլիոնավոր զոհերի մասին, այն մասին, թե որքան կարեւոր է հիշել նրանց, համարձակորեն ասել ճշմարտությունն այն ժամանակների մասին եւ դիմակայել պատմությունը վերանայելու փորձերին»:
Աուշվից-Բիրկենաուում ֆաշիստները գազախցերում ոչնչացրել եւ դիակիզարաններում այրել են ավելի քան 1 միլիոն հրեայի, այստեղ սպանել են նաեւ լեհ մտավորականության ներկայացուցիչների եւ խորհրդային ռազմագերիների: Տարբեր տվյալներով՝ ընդամենն այդ ճամբարում զոհվել է տարբեր ազգությունների 1,5-ից մինչեւ 2 միլիոն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: