Բաժիններ՝

ՊԲ զորամասում վիրավորված զինվորի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում վիրավորված զինվորի առողջական վիճակում դրական դինամիկա կա, սակայն նա դեռ մնում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նա անդրադարձավ դեպքի հետ կապված տարածված տեղեկություններին և դիտարկումներին՝ նշելով, որ դրանց մի մասն անհիմն է:

«Օրինակ, լսել եմ, ասում են, թե վիրավոր զինծառայողը Ստեփանակերտի հոսպիտալում է գտնվում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Առնվազն երկու օր առաջ մենք կազմակերպել ենք նրա տեղափոխումը Երևան, և Հայաստանի լավագույն բժիշկները մասնակցել են նրա բուժմանը, այդ թվում՝ վիրահատական միջամտությանը: Ես տպավորություն ունեմ, թե հասարակության մեջ փորձ է արվում դժգոհություն հրահրել»,-ասաց Գաբրիել Բալայանը:

Նախարարի տեղակալն անընդունելի համարեց կոնկրետ այս բացասական դեպքը ընդհանուր զորամասի հետ կապելը:

«Այդ զորամասը բավական տպավորիչ մարտական ուղի ունի: Հարցրե՞լ եք, թե այդ զորամասում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրված քանի սպա է ծառայություն անցնում, քանի «Մարտական խաչ» ունեցող զինծառայող է զորացրվել այդտեղից: Ի վերջո, չմոռանանք, որ դա Քյարամ Սլոյանի ծառայած զորամասն է, Արմենակ Ուրֆանյանի ծառայած զորամասն է: Որևէ բացասական դեպք զորամասով պայմանավորելը ես գտնում եմ անթույլատրելի»,-ասաց Գաբրիել Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ դեպքի հետ կապված քրեական գործը հարուցված է, օպերատիվ միջոցառումներն իրականցված են, նյութերը հանձնվել են համապատասխան կառույցին: ՀՀ ՊՆ-ն պարբերաբար կապի մեջ է Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս