«Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերևի հետ կապված հետկանչի կարգադրագիր է տրվել. Գեորգի Ավետիսյան

Երբ մենք կասեցնում ենք, տալիս ենք նաև հետկանչի կարգադրագիր. այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով «Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերևի հետ կապված խնդրին, որը ոչ միայն փչացած է եղել, այլև ունեցել է կրկնապիտակ:

«Այդ խմբաքանակը, որ կա շուկայում, պարտադիր պետք է հետ կանչվի: Իհարկե, մենք հիմա չենք կարող մեր ամբողջ ռեսուրսը ներդնել և յուրաքանչյուր խանութում փնտրել ու գտնել այդ «սննդամթերքը», բայց փաստաթղթային զննությունով  կփորձենք ապահովել այդ հետկանչը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ օրերս «Ֆուդ Ամ» ՍՊԸ արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել  ժամկետ խախտումները վերացնելու համար: Սա կատարվել է մի քաղաքացու ահազանգի հիման վրա, որն օրերս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգել է, որ «Փեթակ» կոչվող իրացման կետի տաղավարներից մեկից գնել է «Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերև, որը ոչ միայն փչացած է եղել, այլև ունեցել է կրկնապիտակ:

Ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասում անցկացրել են պետական վերահսկողության միջոցառումներ և պարզել, որ այն գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով՝ սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել  պատշաճ մաքրման ու ախտահանման, առկա են եղել մակնշման թերություններ, բացակայել է պիտանիության ժամկետը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը չեն ունեցել որակը և անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթեր:

Տեսանյութեր

Լրահոս