«Տեսնեմ՝ քանի՞ գլխանի է ՀՔԾ-ն, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին նշված ժամանակահատվածով բացակայել երկրից». Արմեն Աշոտյան

«Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

Նա վստահ է, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, որը, ըստ նրա, ունեցել է «տեղեկատվական ռումբի էֆեկտ», ոչ թե բացասական ձևով է ազդելու կուսակցության արտաքին ու ներքին գործունեության վրա, այլ արագացնելու է «հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները»:

Աշոտյանը վստահ է, որ այսօրվա իշխանությունը երկարաժամկետ հաշվարկներ անել չգիտի ու բացառապես առաջնորդվում է օրվա տեղեկատվական բումն ապահովելու գործով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Աշոտյանը հաստատեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում Սերժ Սարգսյանի ՀՔԾ-ում լինելու և մեղադրանք առաջադրելու մասին լուրը ստանալիս՝ «կուսակցությունը եռում էր»:

Նա վստահ է, որ մեղադրանքի առաջադրումն ավարտին է հասցնելու ՀՀԿ վերակառուցման գործընթացները:

Կուսակցության համար իրենց նախագահին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է: Դրա ապացույցն «իմքայլականների», իրենց խոսքով, «մանթրաժն է»:

Արմեն Աշոտյանը մեջբերեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցազրույցները, թե՝ «Մենք 1.5 տարի իշխանության ենք, ընկել ենք Սերժի հետևից, մի՞թե սա ենք կարողացել ընդամենը՝ բռնել գործ սարքելու համար: Սա քիչ ա, սա ի՞նչ ա, որ: Հլը տեսեք՝ ինչեր ա դուրս գալու»:

Ըստ Աշոտյանի՝ իշխող խմբակցությունը հավանաբար մոնիտորինգ է արել  ու պարզել, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը չի բերել այն էյֆորիկ վիճակին, ինչին սպասում էին:

«Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը նպատակ ուներ նաև կանխելու նրա արտաքին քաղաքական գործունեությունը»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ իրենք պլանավորում էին Ս. Սարգսյանի արտասահմանյան այցեր, ու իշխանությունը տեղյակ էին դրանից, և մեղադրանք առաջադրելով՝ փորձել են կանխել նրա գործունեությունը:

ՀՀԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ շարունակում են նախապատրաստել 2020թ. Սերժ Սարգսյանի այցերը տարբեր մայրաքաղաքներ՝ խոստանալով օրակարգի մանրամասները հայտնել ավելի ուշ:

«Տեսնեմ՝ քանի՞ գլխանի է ՀՔԾ-ն, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին նշված ժամանակահատվածով բացակայել երկրից և վերադառնալ երկիր: Հաջորդ տարի ուզում եմ տեսնել, թե քանի գլխանի է այս իշխանությունը, եթե փորձի թույլ չտալ Հանրապետականի պատվիրակությանը քաղաքական օրակարգով ժամանակավոր բացակայել երկրից»,- խոսքն ավարտելով՝ ասաց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում

Տեսանյութեր

Լրահոս