Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակում է քննվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ վերջինիս գրավի դիմաց ազատ չարձակելու հետ կապված:

Նախորդիվ հայտնել էինք, որ դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, որին միացել էին տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկեցին միջնորդության դեմ:

Նրանց միացավ նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ֆեյսբուքյան այն գրառումը, որը վկայակոչեցին դատախազներն իրենց միջնորդությունը ներկայացնելիս, կարող է նախադեպ ստեղծել երկու կողմերի համար՝ չեզոքացնելու իրենց համար անցանկալի դատավորներին, և շեշտեց, որ չպետք է թույլ տալ, որ նման պրակտիկա ձևավորվի:

Դատավոր Մխիթար Պապոյանը, ի գիտություն տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան սեդա Սաֆարյանի, ասաց, որ բացարձակապես տեղյակ չէ, թե իր տված հաղորդման մասով ինչ քննություն է իրականացվում ԱԱԾ-ում, երբևէ հարցաքննության չի հրավիրվել ու չի կարող գնահատական տալ նրանց գործողություններին:

Միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է քննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Տեսանյութեր

Լրահոս