Դատախազներն ինքնաբացարկ հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանին
Վերաքննիչ դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ չարձակելու գործով: Դատական նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը:
Դատավորը ներկայացրեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերն ու հարցրեց, թե արդյո՞ք կողմերն ունեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք ունեն ինքնաբացարկի միջնորդություն՝ կապված դատավորի անաչառության նկատմամբ իրենց ունեցած կասկածի հետ, որոնք կարող են ծագել արտաքին գործոնների ազդեցության ներքո:
Դատախազ Բաղդասարյանը, որպես իրենց միջնորդության հիմնավորում՝ բերեց armlur.am կայքում հրապարակված այն նյութը, թե դատավոր Պապոյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որովհետև Արտակ Գալստյան անունով ոմն օգտատեր իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վճիռը գրել են Վերաքննիչի 3 դատավորներ, որոնցից մեկն ինքն է:
Դատախազները համարում են, որ այս լուրն անհնարին է դարձնում Մխիթար Պապոյանի մասնակցությունը սույն քրեական գործին:
Տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպանները ևս միացան այս միջնորդությանը:
Սեդա Սաֆարյանը նշեց, որ քանի որ դատավոր Մխիթար Պապոյանը ոչ միայն գործընկերային, այլև ընկերական հարաբերություններ ունի Ռուբերտ Քոչարյանի հանդեպ դրական դիրքորոշում ունեցող դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Վազգեն Ռշտունու հետ, իրենք կասկածում են, որ նա անաչառ վճիռ կկայացնի:
Մխիթար Պապոյանը հաստատեց, որ Ալեքսանդր Ազարյանի հետ ունի ընկերական հարաբերություններ, բայց դա իրեն չի խանգարել բեկանել վերջինիս վճիռներն այն ժամանակ, երբ Ազարյանն աշխատում էր Առաջին ատյանում:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկեցին միջնորդության դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում