«Ես չեմ գողանում բյուջեից». Նիկոլ Փաշինյան

2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2020 թվականի բյուջեի ցուցանիշներն ու 2019 թվականի՝ արդեն արձանագրած արդյունքները, նշեց, թե դրանց մասին չի բարձրաձայնում ՀՀ կառավարությանը գովերգելու համար։

«Ես այս ցուցանիշները բարձրաձայնում եմ ՀՀ քաղաքացուն գովերգելու համար։ Այս թվերը նշանակում են, որ նրանք անսացել են մեր կոչին և հավատացել են իրենց անհատական ջանքին, ընդունել են պատասխանատվությունը երկրի տնտեսական իրավիճակի համար, հավատացել են կառավարությանը, որն ասել է, որ մենք չենք եկել այս կաբինետներում նստել, որ հարստանանք, ասել ենք՝ եկել ենք այս կաբինետներում նստել, որ դուք հարստանաք, որ Հայաստանը հարստանա։ Նրանք հավատացել են, երբ ասում ենք՝ հարստացեք և հարստացրեք, նրանք հավատացել են, երբ ասում ենք՝ աղքատությունը կարելի է հաղթահարել միայն աշխատանքով»,- ասաց  Փաշինյանը։

Նա  շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք քարը քարին են դրել և սկսել են տնտեսական գործունեություն, ինչպես նաև տվել են ՀԴՄ կտրոններ։

«Ես ուզում եմ մեր ուշադրությունը կենտրոնացնել նաև հաշիվ-ապրանքագրերի վրա, որովհետև առևտրի հիմնական ծավալը տեղի է ունենում հաշիվ-ապրանքագրերով։ Ես կոչ եմ անում բոլորին՝ և՛ առաքողներին, և՛ ապրանքներ ընդունողներին, չաշխատել առանց հաշիվ-ապրանքագրերի։ Էլի ուզում եմ ասել, որ պետությունից հարկ թաքցնողն ու դրան միտված գործողություն անողը գողանում է էն զինվորից, որն այսօր սահմանին կանգնած պաշտպանում է մեր բոլորիս՝ այս դահլիճում բանավիճելու իրավունքը։ Եթե նրանք այնտեղ կանգնած չլինեն, ամեն ինչ կլինի անիմաստ և, հետևաբար, մի գողացեք զինվորից։ Ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ բոլորը գիտեն, որ ես չեմ գողանում բյուջեից ոչ մի լումա, և ասում եմ՝ այո՛, կկտրենք այն ձեռքերը, որոնք մեր երկրից, ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, թոշակառուից, ուսուցչից»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս