
«Ի պաշտոնե ինձ հասած տեղեկությունները չեմ կարող այժմ հրապարակել». Գաբրիել Բալայանը՝ զինվորի մահվան դեպքի մասին

Հիմքեր չկան պնդելու, որ Պաշտպանության բանակում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած միջադեպը թաքցրել են: Պաշտպանության նախարարությունն այնքան բաց է, որ երբևէ այդքան բաց չի եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Արցախում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան դեպքին, որը որակվում է՝ որպես սպանություն, և ըստ հարազատների, դեպքի մանրամասներն իրենցից թաքցնում են:
«Ի պաշտոնե ինձ հասած տեղեկությունները չեմ կարող այժմ հրապարակել, կան նախնական վարկածներ, որը չի հրապարակվել: Ես տեսա մի կին, որը ներկայացավ փաստաբան և որը հստակ իրականությանը ոչ համապատասխան իրականություն էր հաղորդում»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ այն տեղեկատվությանը, որին օպերատիվ կերպով տեղեկացել է՝ համարվում է ծառայողական գաղտնիք, որն ի պաշտոնե չի կարող հրապարակել:
Հիշեցնենք, որ փաստաբան Հայարփի Սահակյանն ասել էր, որ զորամասը, որտեղ հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ նախկինում ևս աչքի է ընկել միջադեպերով: