«Եթե մեզ հիմա պատասխան չտան, խոստանում ենք դին բերել ու դնել այստեղ, սպասել պատասխաններին». Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն ԱԺ-ի մոտ պահանջում են ասել, թե ո՞վ է սպանել զինվորին
Ազգային Ժողովի մոտ հավաքվել են դեկտեմբերի 2-ին Արցախում մահացած զինվոր Արթուր Աջամյանի ծնողները, հարազատները: Հարազատներն ասում են, որ եթե Արթուր Աջամյանը մահացած լիներ թուրքի գնդակից, չէին գա Խորհրդարանի մոտ:
Նրանք պահանջում են, որ իրենց ասեն, թե ո՞վ է սպանել իրենց տղային, ու ի՞նչ հանգամանքներում է նա մահացել: Հարազատները պնդում են, որ նրան սպանել են: Ասում են, թե Արթուր Աջամյանի մարմնի վրա դիահերձման ժամանակ կապտուկներ են հայտնաբերվել:
Նրանք պահանջում էին ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպում ու պարզաբանումներ:
Նրանց հետ հանդիպելու էր եկել Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե մեզ հիմա պատասխան չտան, խոստանում ենք դին բերել ու դնել այստեղ, սպասել պատասխաններին»,- Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում ասաց Արթուր Աջամյանի հորեղբայրը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ հավաքվածների հարցերի հասցեատերը պաշտպանության նախարարն է: Այդուհանդերձ, Զոհրաբյանը հարազատների հետ հանդիպման ժամանակ երդվեց, որ ամեն ինչ անելու է, որ գործը բացահայտվի:
Այս պահին նրանց մոտ հանդիպման է իջել նաև ԱԺ Պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: