Սարգսյան-Նալբանդյան մշակած բանակցային փաթեթը՝ փրկօղակ Փաշինյան-Մնացականյան զույգի համար. Արմեն Աշոտյան
«Այս 1.5 տարվա ընթացքում Փաշինյան-Մնացականյան զույգի դեգերումներն ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրոֆայից խուսափելու համար Փաշինյան-Մնացականյան զույգը կրկին բռնվեց Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից՝ որպես փրկօղակ»,- անդրադառնալով Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպումներին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Բրատիսլավայում Զոհրաբ Մնացականյանի ելույթից Աշոտյանը տպավորություն է ստացել, թե խոսողը Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն էր:
Այդուհանդերձ, ՀՀԿ փոխնախագահի բնորոշմամբ՝ Բրատիսլավայի քննարկումը մշուշոտ էր, որովհետև հստակ անհամաձայնություն կար մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում բանակցային գործընթացի և վերջնարդյունքի միջև:
«Ի՞նչ կարիք կար 1.5 տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, ասել, որ «ես ամեն ինչ գիտեմ, ես սկսում եմ բանակցային գործընթացը սեփական կետից», հետո վերջում գալ և էլի բռնվել որպես փրկօղակ՝ Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության այդ հատվածից»,- ասաց նա՝ հավելելով, թե այս ամենին միայն մի վերնագիր կարելի է տալ՝ «Սերժը փրկեց Նիկոլին»:
Ասածի հիմնավորումը Աշոտյանի համար Բրատիսլավայի հանդիպումից հետո ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն էր, որը, ըստ նրա, վերջին 1.5 տարվա ընթացքում համանախագահների կողմից թողարկված լավագույն փաստաթուղթն էր, քանի որ շեշտված էին կարգավորման սկզբունքները, հատկապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, քանի որ այնտեղ խոսվում է 2009-2012 թվականներին համատեղ հայտարարությունների մասին, խոսվում է, թեկուզ հատվածական, 2016 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորության մասին:
Աշոտյանի կարծիքով՝ այս ամենի բացասական հետևանքը միայն ժամանակի կորուստը և այն «լոպազությունը» չէ, որով խոսում էին իշխանությունները ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին մինչև այս հանդիպումը: Բացասական հետևանք է այն, որ փախստականների վերադարձի, հայկական կողմից հնչեցվող խաղաղասիրության հետ կապված մեսիջների «համը մնացել է Ադրբեջանի բերանում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում