«Մարդը, որը պարտքը գրել էր սառույցին, մենք նրան այսօր ասում ենք՝ եղբա՛յր, կարո՞ղ է՝ ձեզ փող է պետք». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի միջազգային պահուստները 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ գտնվում են պատմական բարձր մակարդակի վրա, իսկ  2018 թվականի համեմատ աճել են 386 մլն դոլարով կամ 19 տոկոսով։

Այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ սա ոչ թե զուտ վիճակագրություն է, այլ փող, որն այնտեղ դրված է։

Ներկայացնելով  վիճակագրական ցուցանիշներ՝  Փաշինյանը նշեց, որ ՀՀ  Կենտրոնական բանկն աննախադեպ ցուցանիշ է արձանագրել։

«Այս տարի 521 միլիոն դոլար գնվել է Հայաստանում. սա տնտեսական ցուցանիշի ուղիղ վկայություն է, որովհետև 521 մլն դոլար  դարձվել է դրամ։ Ինչ են արել այդ փողը. եթե բարձի տակ  պետք է պահեին, դոլար կպահեին, ինչի՞ էին դրամ պահում. Այսինքն՝ այդքան դոլարը ծախսվել է ՀՀ-ում։ Բա դա տնտեսական էֆեկտ չի՞ ունեցել։ Մյուս կողմից՝ ՀՀ 2019 թ.  պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով. բա էս թվերը որտեղի՞ց, եթե էս վիճակագրության թվերը կեղծ են, սուտ են, սա էլ հո կոնկրետ փող է… էլ չեմ խոսում աննախադեպ ցուցանիշների մասին։ ՀՀ կառավարությունն այսօր փակում է 30 տարվա ավելացված արժեքի հարկի՝ գործարարներին ունեցած պարտքը.  56 միլիարդ դրամ մենք հատկացնում ենք։ Մարդը, որը դա գրել էր սառույցին, մենք նրան այսօր ասում ենք՝ եղբա՛յր, կարո՞ղ է՝ ձեզ փող է պետք»,- ասաց  Փաշինյանը։

Խոսելով  կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ վարչապետն առանձնացրեց ճանապարհաշինարարության ծավալները՝ պնդելով, որ շինարարական ընկերությունները թաղված են պատվերների մեջ։

«330 կիլոմետր ասֆալտ է արվել։ Էսօր շինարարական բոլոր կազմակերպությունները ծանրաբեռնված են։ Երբ ասում ես՝ հնարավոր է՝ նոր տենդեր լինի, գույնները գցում են, որովհետև այնքան գործ են կուտակել, որ չգիտեն՝ դրանց տակից ինչպես դուրս գան»,- ասաց նա։

Վարչապետն առանձնացրեց նաև կառավարության արձանագրած բացասական ցուցանիշները և  դրանք ծնող պատճառները։

«Գյուղատնտեսության ոլորտում ունենք անկում, բայց պետք է հասկանանք, թե որքանով այդ անկումը կապ ունի նախկինում արձանագրված, օրինակ՝ կեղծ մթերումների, կեղծ արտահանումների հետ: Դուք չգիտե՞ք դրա մասին, որ կեղծ խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյակներ են բերել, որ ձևակերպեն՝ որպես հայկական կոնյակ: Մենք փակել ենք դրա ճանապարհը: Չգիտե՞ք, որ Թուրքիայից կամ այլ տեղերից լոլիկ են բերել, հայկականի տակ ձևակերպել են: Փակել ենք այդ ճանապարհը, ճիշտ ենք արել, որովհետև ներսի տնտեսությունը սկսել է աշխատել»,- ասաց  նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս