«Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք». Միրոսլավ Լայչակ. «Հայաստանի Հանրապետություն»
«ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ, գնահատելով անցնող տարին, բավականին ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք»։
Ինչն է հիմք հանդիսացել բարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարության համար։
«ՀՀ»-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ նման հայտարարության պատճառներից կարող է լինել Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների եւ մոտեցումների մեջ նկատվող հստակ տարբերությունները։ «Եթե Ադրբեջանը բավականին անզիջում եւ ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում, ապա հայկական կողմը պնդում է փոխվստահության մթնոլորտի խորացման շուրջ իր մոտեցումները»,- ասում է նա։
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով, ԵԱՀԿ գործող նախագահի գնահատականը, ցավոք, ոչ թե հոռետեսական է, այլ՝ իրատեսական: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով են բանակցությունները համապատասխանում հայկական օրակարգին, ապա տեղեկատվության պակասի պատճառով զրուցակիցս դժվարացավ միարժեք գնահատել այն։ Միեւնույն ժամանակ նշեց, որ մինչ այս պահը կողմերը բանակցություններին մասնակցում են հակամետ օրակարգերով:
«Հայկական ու ադրբեջանական կողմերը առնվազն հրապարակավ ներկայացնում են իրար հակընդդեմ օրակարգեր եւ անգամ տարակուսանք է առաջացնում, թե այդ պայմաններում ինչի շուրջ են ընթանում բանակցությունները: Այս առումով ուշագրավ էր, որ Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը հանդիպման վերաբերյալ իր ելույթում օգտագործեց ոչ թե «բանակցություններ», այլ «կոնսուլտացիաներ» եզրը, ինչը ենթադրում է էականորեն ավելի ցածր կարգավիճակ եւ պակաս բովանդակային քննարկում»,- մանրամասնեց պատգամավորը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: