Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան
Դեկտեմբերի 1-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
«Արցախպրես»-ը դիմել է հանդիպման մասնակից քաղաքական գործիչներին՝ պարզելու, թե ինչքանո՞վ են բավարարված այդ հանդիպումից: Առաջին հարցազրույցը ներկայացնում ենք ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
– Պարոն Ղուլյան, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դուք մասնակցել եք Նախագահ Սահակյանի և ՀՀ Վարչապետ Փաշինյանի կազմակերպած հանդիպմանը: Քննարկված հարցերից էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Հետաքրքիր է՝ այս առումով ինչքանո՞վ եք բավարարված ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությամբ և ինչքանո՞վ է այն համապատասխանում Ձեր գլխավորած քաղաքական ուժի մոտեցումներին:
– Անկախ քննարկված հարցերի քանակից, կարևոր եմ համարում այդօրինակ հանդիպումների փաստն ընդհանրապես: Հուսով եմ, որ այդ ձևաչափով հանդիպումներ կլինեն նաև առաջիկայում և կընդգրկեն ավելի մեծ շրջանակ, հաշվի առնելով նաև թեմաների հրատապությունը: Ղարաբաղյան կարգավորման թեմայով խոսակցությունը միշտ էլ ակտուալ է, քանի դեռ այդ գործընթացը, իմ խորին համոզմամբ, հեռու է հանգուցալուծման փուլից:
Այս հարցում իմ բավարարված լինելը չէ ամենակարևորը. մեր հանրությունը այս թեմային միշտ զգայուն է արձագանքում, ինչը բնական է այն իմաստով, որ խոսքը հենց իր անվտանգության, բնական իրավունքների ու ապագայի մասին է:
Կարծում եմ՝ պետք չէ ավելորդ կասկածամտությամբ վերաբերել այն քայլերին, որ արվում են գործող իշխանությունների կողմից՝ համազգային նշանակության հարցերի լուծման նպատակով, առավել ևս, որ հարցը վերջին մի քանի հարյուրամյակների անհաջողությունների մեջ միակ լուսավոր և հպարտություն հաղորդող ակունքին է վերաբերում՝ Արցախ-Ղարաբաղի ապագային: Ինձ չի թվում, որ որևէ իշխանություն ուզենա այս պատասխանատվության ֆոնին իրեն զրկել համազգային փառքի պտուղներից` ժողովրդի կամքին հակառակ լուծման գնալով:
Ես չէի ուզենա այս թեմայով առանձնացնել քաղաքական ուժերի պատկերացումներին համապատասխանելու թեզը, բայց քանի հարցրել եք՝ նշեմ, որ իմ գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշումը կառուցված է երկու կարևոր գաղափարների վրա. առաջինը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն բանակցություններին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության պարագայում և երկրորդը՝ առաջարկվող լուծման տարբերակներն ու գաղափարները առաջին հերթին պետք է ընդունելի լինեն հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի ժողովրդի համար:
-Իսկ ի՞նչ կասեք բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նշվում է, որ ՀՀ Վարչապետի հետ, փաստորեն, նաև այդ հարցն է քննարկվել: Բավարար ե՞ք համարում իրականացվող աշխատանքների մակարդակը:
– Այս հարցին անդրադարձ կատարվել է հանդիպման ընթացքում, բայց չեմ կարծում, որ դրա մանրամասները հրապարակայնացնելու կարիք կա: Ամեն դեպքում այդ ոլորտը որոշակի տեղեկատվական սահմանափակումներ է ենթադրում, բայց բոլորին էլ հետաքրքիր է, թե մենք ինչքանով ենք երաշխավորված և պաշտպանված՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը և անկանխատեսելի հարևանները:
Հակամարտության մեջ գտնվող երկրի համար միշտ էլ տեղ կա անվտանգության պաշարի ավելացման համար, առավել ևս, որ այդ բնագավառում տեխնիկական միտքն ու տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, որ երկու տարին նույնիսկ մեծ ժամկետ է նոր սերնդի սպառազինությամբ համալրվելու համար: Հետևաբար՝ այս հարցով պետք է զբաղվել մշտապես՝ ամենօրյա ռեժիմով՝ արդիականացնելով պաշտպանության համակարգը և համալրելով այն անխափան գործունեության համար նախատեսված զինատեսակներով: Այն, ինչ մեզ ներկայացվել է, թույլ է տալիս եզրակացնելու, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
– Պարոն Ղուլյան, Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին՝ սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է կարևոր այդ աջակցությունը:
– Ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ կազմակերպումն ու անցկացումը առաջին հերթին Արցախի իշխանությունների և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի պարտավորությունն է, և այս ուղղությամբ մեր պատրաստակամությունը որևէ կասկած չի հարուցում: Իհարկե, այս հարցում շատ կարևոր է նաև Հայաստանի իշխանությունների աջակցությունը: Գիտեք, որ միջազգային ճանաչվածության բացակայության պայմաններում մենք խնդիր ենք ունենում ընտրություններում միջազգային դիտորդների մասնակցության առումով, ուստի Հայաստանի աջակցությունը նաև այս հարթության մեջ պետք է լինի. հրավիրել և ներգրավել ընտրությունների դիտարկմամբ զբաղվող միջազգային կառույցների ներկայացուցչիներին: Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս, ուստի հուսով եմ, որ 2020 թվականին մենք ականատես կլինենք այս ուղղությամբ Արցախի և Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև արցախյան քաղաքական ուժերի հանձնառության գործնական իրագործմանը: