Հայաստանում սուր շնչառական վարակների աճ է նկատվում
Հայաստանի Հանրապետությունում սկսվել է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը, ներկայումս նկատվում է դրանց աճ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
«Սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է յուրաքանչյուր տարվա 40-րդ շաբաթից, այսինքն՝ հոկտեմբերից, և շարունակվում մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը ներառյալ: Համաձայն իրականացված վերլուծությունների՝ արդեն նկատվում է շնչառական վարակների աճ»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ այս տարի ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույնն են, ընդ որում` 2019 թվականին ծանր դեպքերը քիչ են:
Նրա խոսքով՝ պոլիկլինիկաներ դիմողներն ավելի շատ են, քան ստացիոնար բուժում ստացողները, ինչը վկայում է դեպքերի ոչ այդքան ծանր լինելու մասին։
«Հանրապետությունում առավել տարածված են A և B տեսակների գրիպները։ Խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին լինել զգոն, կանխարգելիչ նպատակներով ավելի շատ հեղուկ խմել, հաճախ լվանալ ձեռքերն ու սահմանափակել շփումն արդեն վարակված մարդկանց հետ։ Վերջիններին հորդորում եմ տանից դուրս չգալ, ինքնաբուժությամբ չզբաղվել ու հակաբիոտիկներ չօգտագործել»,- շեշտեց մասնագետը և կոչ արեց քաղաքացիներին գրիպի դեմ պատվաստում ստանալ։
Ռիսկային խմբում ներառված քաղաքացիների՝ հղիների, թոշակառուների, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, մանկահասակ երեխաների, բուժաշխատողների, զինծառայողների և նորակոչիկների համար, գրիպի դեմ պատվաստումներն անվճար են։