Փաշինյանը հաջորդիվ Աննա Հակոբյանին պիտի կալանավորի. Կոնստանտին Տեր-Նակալյան
«Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն այսօրվա ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես եք մեկնաբանում երեկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, արդյոք դրանում իրավական տարր տեսնու՞մ են, եթե ոչ, ապա ի՞նչ քաղաքական նպատարկներ է հետապնդում Սարգսյանին մեղադրանք առաջադրելը, ասաց.
«Իհարկե, մենք սրա մեջ տեսնում ենք հստակ քաղաքական ենթատեքստ։ Այդ մեղադրանքը ծիծաղելի է։ Նույն Փաշինյանի ստեղծած միֆերի շրջանակներում, երբ մեկուկես տարի միկրոսկոպով ուսումնասիրելուց հետո չէր գտնում որևիցե այլ մեղադրանք, քան Սերգո Կարապետյանի կլյաուզայի վրա հիմնված ինչ-որ 400 միլիոնի մեղադրանքը, այն պարագայում, երբ խոսում էին միլիարդավոր դոլարների մասին, դա ինքնին արդեն ծիծաղելի է։ Երկրորդը՝ ժամանակի ընտրությունը․ պարզ է, չէ՞, որ Սերգո Կարապետյանը երեկ չէր այդ ցուցմունքը տվել, ինչո՞ւ հենց Բրատիսլավյան բանակցությունների նախօրեին դա ասպարեզ նետվեց և, ի դեպ շատ թույլ արդյունք տվեց, որովհետև նրանք չկարողացան հասնել իրենց նպատակին․․․․։
Սերժ Սարգսյանի կալանքը նրա վերջին փամփուշտն է, եթե դա էլ օգտագործի, էլ նա ոչ մի գործիքակազմ չի ունենալու` իր բոլոր բացթողումներն արդարացնելու նախկինների միֆերով։ Եթե Սերժ Սարգսյանին էլ կալանավորեն, ապա հաջորդիվ ի՞նչ պիտի անեն, Հռոմի պապի՞ն պիտի կալանավորի։ Եթե ինքը հաջորդիվ իրեն կամ Աննա Հակոբյանին չձերբակալի, էլ ուրիշ ոչ մի ձերբակալություն չի տալու ցանկալի արդյունք»։