Վարչապետի տիկնոջ խոսքերը շատ վտանգավոր են և անընդունելի. Մարինա Խաչատրյան
«Երեկ ուշադիր լսում էի Նիկոլ Փաշինյանի պատասխաններն Ազգային ժողովում, և պատկերացրեք, խոստովանեց, որ ինքն է խնդրել քաղաքապետին, որպեսզի Արաբական Էմիրություններից եկած ներդրողներին ընդունի: Երբ վարչապետը նման բան է ասում քաղաքապետին, նշանակում է՝ գործին ընթացք տուր դրական ելքով, միայն թե՝ եթե չի ասում՝ մերժիր,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական գործիչ Գրիշա Վիրաբյանը, ապա շարունակեց,- Իսկ ինչո՞ւ է մերժել. չի ուզում ներդրումներ լինեն, որովհետև, երբ քաղաքական դաշտում լինի մեկը, ով կարողանում է ներդրումներ բերել Հայաստան, իսկ մենք գիտենք՝ կառավարությունը դա չի կարողանում անել, ժողովուրդն ունենում է համեմատելու բան: Դրա համար էլ Փաշինյանը շեշտեց՝ եթե լուրջ ներդրողներ են, թող դիմեն դեսպանատուն, հետո՝ ինձ, որ այդ ամեն ինչը կազմակերպեմ»:
Նրա խոսքով՝ վարչապետը խոստովանեց նաև այն, որ ամեն ինչ հանրապետությունում կատարվում է իր կամքով՝ խոսելով «Կամազ»-ների մասին, իբր նվիրաբերության դիմաց ոչինչ չեն ստացել նվիրատուները:
«Բայց ինքն ինչո՞վ է վստահ, որ չեն ստացել, կամ ի՞նչ պարտադիր էր, որ հենց այդ պահին ստանային փոխհատուցում: Կարող է՝ վաղը կամ մյուս օրը ստանան: Մենք հասկացանք նաև, որ կալանքների հարցը նախապես քննարկվում է ուժային կառույցների հետ՝ ում դեմ գործ հարուցեն և ինչ անեն: Դա չի նշանակում, որ դեմ եմ, որպեսզի Սերժ Սարգսյանի նկատմամբ գործ հարուցվի, ուղղակի զարմացած եմ, որ 20 տարի Փաշինյանն աղմկում էր ղարաբաղյան կլանի մասին, բայց այսօր միայն Սերժ Սարգսյանի դեմ գործ հարուցվեց՝ 2 միլիարդի կտրվածքով, և այն պարագայում, որ ՀԺ-ի արխիվներում շատ նյութեր կան, որոնց հիման վրա կարելի էր այնպիսի գործ հարուցել, որ Քննչական կոմիտեից Սերժ Սարգսյանն ընդհանրապես չկարողանար դուրս գալ: ժողովրդի մոտ տպավորություն են ուզում ստեղծել, որ, եթե մենք գնանք, Ռոբերտ Քոչարյանն ուՍերժ Սարգսյանն են գալու: Ուզում եմ ասել, որ բացառվում է այդ երկու ուժերի քաղաքական վերադարձը: Կան ավելի առողջ, մտահոգ ուժեր, որոնք կարող են իշխանությունը վերցնել իրենց ձեռքը»,- նշեց Գրիշա Վիրաբյանը:
Հարցին, թե որ ուժերն են՝ Վիրաբյանը պատասխանեց. «Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նման պոտենցիալ ունի նաև Դաշնակցությունը: Իհարկե, Փաշինյանը ստեց, երբ ասաց, որ ՀՅԴ-ն զրո ուժ է, զրո կարողություն ունի: Մենք մտահոգ ենք վարչապետի արարքներով, գործելաոճով»:
«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի կարծիքով՝ ներկայիս ԱԺ-ն պետք է ցրվի.
«Որովհետև այս ԱԺ-ն զբաղված է հակահայկական օրենքներ ընդունելով և երկիրը կեղեքելով: Պետք է ցրվի նաև Երևանի ավագանին, Կառավարությունը: 4 սորոսական նախարարները՝ Արայիկ Հարությունյանը, Զարուհի Բաթոյանը, Արսեն Թորոսյանն ու Ռուստամ Բադասյանը, պետք է հրաժարական տան: Փաշինյանն ասում է՝ Դաշնակցությունը զրո է: Նիկո՛լ Փաշինյան, ժամանակին «Ելք» խմբակցություն էիք կազմել երեք կուսակցությունով, ու 7 տոկոս էիք, ու Ձեր սիրելի Սերժ Սարգսյանն ասաց՝ դե դուք 7 տոկոս եք, ոչ մի բան եք: Բա այդ ո՞նց եկաք-հասաք իշխանության: Առաջին հերթին՝ դուք եք զրո»:
Անդրադառնալով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախօրեին արված հայտարարությանը Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելու և մուղամ լսելու մասին, Մարինա Խաչատրյանը հարց ուղղեց. «Տիկի՚՛ն, դու Արցախի հետ ի՞նչ գործ ունես: Քո ամուսինը հայտարարել է, որ Արցախն իրեն ձայն չի տվել, չի ընտրել, հետևաբար՝ որոշումներ կայացնելու իրավունք չունի: Դու ընդհանրապես Արցախ մուտք չպետք է գործես ու «պերսոնա նոն գրատա» հայտարարվես Արցախի իշխանության կողմից:Եվ հետո, մուղամ լսե՞լ: Խի դու Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս չես ճանաչո՞ւմ. ի՞նչ է նշանակում՝ հայկական հողում գալ, մուղամ լսել: Ես չեմ բացառում, որ սա լինի կոդավորված, պատերազմ հրահրելու խոսակցություն: Այնտեղից Մեհրիբանն ասում է, որ մենք սկսում ենք պատերազմ, և այստեղից Աննան ասում է՝ սկսի՛ր: Վարչապետի տիկնոջ այս խոսքերը շատ վտանգավոր են և անընդունելի»: