«Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով». Արայիկ Հարությունյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է իր տեղակալ Գևորգ Լոռեցյանին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկելու մասին.
«ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ձերբակալվել է իմ տեղակալներից մեկը, խոսքը Գևորգ Լոռեցյանի մասին է։ Արդեն բոլոր լրատվամիջոցներում նրա անունը կա և ասվում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզազգեստ և մարզագույք ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթներում, աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողին, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ստանալով առանձնապես խոշոր չափերի գումար։ Այդ գումարը փոխանցելու պահին տեղի է ունեցել ձերբակալություն։ Ես հիմա այս բուն գործին չեմ անդրադառնա, քանի որ կա անմեղության կանխավարկած։ Անմեղության կանխավարկածը պահպանելով՝ ես ցանկացա մեկնաբանություն անել, քանի որ որոշ լրատվամիջոցներ փորձեցին տարբեր մեկնաբանություններ անել այս կոռուպցիոն հաղորդագրության հետ կապված։
Սիրելիներս, հարգելիներս, մեր իշխանությունը, մեր քաղաքական ուժը շարունակում է և հավատարիմ է մնալու իր հանձնառությանը՝ կոռուպցիան արմատախիլ անել իր բոլոր դրսևորումներով, անկախ նրանից դա ինչ ծավալի է և ովքեր են ներգրավված։ Եվ եթե մեր ամենամտերիմ, ամենահարազատ մարդն է, մենք որևէ կաշկանդավածություն չունենք դիմելու իրավապահներին և համապատասխան ընթացակարգեր ապահովելու։ Սա բոլորը պետք է հստակ արձանագրեն։ Օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում»։
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կոռուպցիոն ցանկացած դրսևորում մերժվելու է.
«Եթե մեր ամենահարազատ մարդն էլ փորձի գնալ օրինազանցության, օրենք խախտի, կատարի հանցանք, անկախ դրա ծավալից, անի թայֆայաբանություն, առաջնորդվի իր ընտանեկան, մտերմական շահերով, մենք դա կանխելու ենք և արմատախիլ ենք անելու։ Ուզում եմ՝ բոլորը ֆիքսեն, կոռուպցիոն ցանկացած դրսևորում մերժվելու է»։
‼️Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով
Gepostet von Arayik Harutyunyan am Mittwoch, 4. Dezember 2019