Ներարցախյան օրակարգում ցնցումներ չեն ուրվագծվում. Գրիգորի Սահակյան

168.am-ի զրուցակիցն է Արցախի «Վստահություն» կուսակցության նախագահ, մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը:

– Պարոն Սահակյան, սկսենք Հայաստան-Արցախ հարաբերությունների թեմայով: Տպավորություն կա, որ առաջիկա նախագահական, խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու հնարավորություն ունեն այն ուժերը, որոնք համագործակցում են Հայաստանի իշխող ուժի հետ: Օրեր առաջ էլ Հայաստանի վարչապետը հանդիպում ունեցավ արցախյան մի քանի ուժերի ղեկավարների հետ:

– Անկասկած, Հայաստանի ու Արցախի հարաբերությունները բոլոր մակարդակներում պետք է լինեն օրինակելի, բայց չեմ կարող համաձայնել այն հարցադրմանը, որ ընտրություններում հաջողություններ գրանցելու համար վճռորոշ է լավ հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ:

Մեծ թվով հարցերում մեր օրակարգը նույնն է, սակայն կան հարցեր, որտեղ անկախ ցանկություններից՝ որոշիչ դերը արցախցունն է: Խոսքս առաջին հերթին ընտրություններին է վերաբերում: Արցախում ապրող մարդը պետք է որոշի, թե ով պետք է ստանձնի կառավարման պատասխանատվություն և երկրի համար վճռորոշ իրավիճակներում որոշումներ կայացնի:

– Ինչո՞ւ որոշեցիք քաղաքական գործընթացներին մասնակցել առանձին, չկա՞ն ուժեր, որոնց քաղաքականությունն ու գաղափարախոսությունը կիսում էիք: Օրինակ՝ այն ուժերի, որոնց հետ վարչապետ Փաշինյանը հանդիպեց:

– Հայաստանի վարչապետը հանդիպել է այն ուժերի հետ, որոնք վերջին 10-12 տարում պատասխանատվություն են կրել երկրում տեղի ունեցող գործընթացների համար, յուրաքանչյուրը՝ իր մասով: Եթե նրանք այդ պատասխանատվությունը տանեին այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, կամ դրանք մոտ լինեին մեր մոտեցումներին, ապա միգուցե առհասարակ անհրաժեշտություն չլիներ կուսակցություն հիմնելու, մեր գաղափարակից ընկերներին համախմբելու:

Այսօր երկրում մեծ թվով խնդիրներ են կուտակվել, որոնց համար պատասխանատու են նաև ձեր կողմից նշված ուժերը: Մենք գալիս ենք փոփոխությունների համար, մենք գալիս ենք շատ դեպքերում ճահճային թվացող ոլորտներում կտրուկ իրավիճակ փոխելու: Մեզ չի բավարարում այն տեմպն ու մոտեցումները, որոնք այսօր դրված են,  և մենք գալիս ենք այս իրավիճակը փոփոխելու համար:

– Այս փուլում Արցախի ամենաակտուալ հարցադրումներից է՝ ո՞ւմ եք պաշտպանելու նախագահական ընտրություններում, կամ արդյո՞ք առաջադրելու եք ձեր թեկնածուին:

– Առաջարկներ ունեցել ենք այս թեմայով քաղաքական կոնսուլտացիաների սկսելու հարցում ամենատարբեր ուժերի հետ, սակայն ձեռնպահ ենք մնացել: Այս պահին մեր կուսակցությունում այդ թեմայով քննարկումներ չունենք, առաջիկա շաբաթների ընթացքում մեր կուսակցության առաջահերթությունների շրջանակներում ենք գործելու: Շրջաններում նոր կառույցներ ենք հիմնում, ամենօրյա ռեժիմով մեզ նոր գաղափարակից ընկերներ են միանում, մի խոսքով, ակտիվ կուսակցական եռուզեռի մեջ ենք: Անձնապես որևէ թեկնածուի հետ խնդիրներ չունենք, սակայն կան մեծ թվով հարցեր, որի պատասխաններն էլ չունենք, և դա է պատճառը, որ մինչ այս պահը առաջադրվելու մտադրություն հայտնած թեկնածուների մասով նախընտրություններ չունենք: Թեմային վերջնական կանդրադառնանք հունվարից հետո:

– Կարծիքներ կան, որ հունվար-փետրվար ամիսներին Արցախը կարող է անկայուն փուլ մտնել, որը մի կողմից՝ պայմանավորված է Արցախում սպասվող համապետական ընտրություններով, մյուս կողմից՝ բանակցային գործընթացում առկա են մտահոգիչ գործընթացներ: Մտավախություններ ունե՞ք:

– Եթե խոսքը զուտ ներարցախյան օրակարգին է վերաբերում, ապա չեմ կարծում, թե անկայունության փուլ է սպասվում, համենայնդեպս, նախընտրական փուլում:

Որքան էլ մեծ թվով քաղաքական անհամաձայնություններ ունենք քաղաքական դաշտում ակտիվություն հանդես բերող շատ ուժերի հետ, հատկապես երկրի կառավարման հարցում պատասխանատվություն ստանձնածների, այնուամենայնիվ, այդ ուժերի մեջ ապակառուցողական, ռադիկալ տրամադրություններ նկատելի չեն, ավելին, կարծում եմ, որ կա լուռ կոնսենսուս` առավելագույնս զսպվածություն դրսևորելու և գործընթացը իր բնականոն հունով տանելու առումով:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակին, ապա մտահոգիչ ազդակներ նկատելի են, և չեմ բացառում, որ դրանք կարող են տարածաշրջանային անկայունությունների հանգեցնել:

– Պարոն Սահակյան, Հայաստանի վարչապետն ասում է, որ պատրաստ է փոխզիջումների, որոնք կբավարարեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին: Ինչպիսի՞ն է ձեր կուսակցության դիրքորոշումը:

– Ադրբեջանի կոշտ, իսկ որոշ դեպքերում՝ լկտի պահվածքի պարագայում ես անիմաստ ու միաժամանակ անթույլատրելի եմ համարում զիջումներից առհասարակ խոսելը: Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է խոսել Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի ու Մարտունու որոշ բնակավայրերի օկուպացիայի մասին: Ասացեք խնդրեմ, այս բնակավայրերի հարցը քննարկումների օրակարգո՞ւմ է, ես որ չեմ նկատում, համենայնդեպս, դրանք հրապարակային հայտարարություններում չեն շոշափվում:

Կամ երբ խոսվում է փախստականների իրավունքների մասին, ինչո՞ւ է դա միակողմանի: Ես ինքս փախստականի ընտանիքից եմ, բայց այս երեք տասնամյակների ընթացքում երբեք չեմ զգացել, որ իմ կամ իմ ճակատագիրն ունեցած մարդկանց իրավունքների վերականգնման հարցը քննարկվում կամ պաշտպանվում է:

Ադրբեջանն անընդունելի է համարում ցանկացած տիպի փոխզիջում, իսկ մենք քննարկում ենք, թե ինչ փոխզիջման հնարավորություն կա, այն էլ՝ այնպիսի, որը կարող է բավարարել նաև Ադրբեջանին: Ադրբեջանն 90-ականներից հետո արդեն երկրորդ անգամ՝ 2016 թվականին, փորձեց այդ հարցը լուծել պատերազմի ճանապարհով՝ չստացվեց, հետագայում կրկին փորձելու է, որովհետև նրա համար չկա փոխզիջում, կա Արցախի ու Հայաստանի քարտեզի վրայից վերջնական վերացում, ինչը երբեք թույլ չենք տա, ինչ գնով էլ լինի:

– Պարոն Սահակյան, որպես բանակն ու նրա հնարավորությունները լավ ճանաչող, ներսից իմացող մարդ, ի՞նչ եք կարծում՝ պատրա՞ստ ենք հնարավոր տարածաշրջանային ցնցումների:

– Միանշանակ: Մեր քաղաքական ուժը խորհրդարանական աշխատանքներին ներգրավվելու հայտ է ներկայացրել, որովհետև զինված ուժերի հզորացմանը զուգահեռ՝ պետք է ուժեղ, ամուր պետություն կառուցենք, պետական ինստիտուտներ, որոնք իրենց վրա կկարողանան կրել ցանկացած սպառնալիք: Ես համոզված եմ, որ մենք մեր ներկայությամբ այդ հարցերի լուծմանը հասնելու մեծ ներուժ ունենք, և դա մեզ մոտ ստացվելու է:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս