«Վստահ եմ, որ այդ արարքն անողն անգամ չգիտի, թե ո՞վ է Գրիբոյեդովը». Հոգեբանը՝ Շահեն Հարությունյանի արարքի մասին
Ռուսաստանում Գարեգին Նժդեհի դեմ իրականացվող ակցիաները ռուսական քաղաքական էլիտան չի ուղղորդում. մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կողմից ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը կարմիրով ներկելուն: Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դա պատասխան է Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի՝ հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակի պղծմանը:
«Ռուսաստանում ապրում են տարբեր ազգություններ, այնտեղ նաև կան տարբեր պետություններից կայացած մարդիկ, և տարբեր պետությունների լոբբիստներ են աշխատում, այդ թվում՝ ադրբեջանական և թուրքական:
Մենք պետք է հասկանանք, որ ադրբեջանական լոբբիստները, լավ հասկանալով, որ Գարեգին Նժդեհի թեման կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունների մեջ կոնֆլիկտային թեմա, անընդհատ փորձելու են նրա անունն արծարծել ռուսական հասարակական և քաղաքական շրջանակներում: Այստեղ մենք պետք է բարձր գիտակցություն ունենանք՝ հասկանալու համար, որ Ռուսաստանում Գարեգին Նժդեհի դեմ անցկացվող ակցիաները ոչ թե գալիս են ռուսական քաղաքական էլիտայի կողմից, ոչ թե Կրեմլից են ուղղորդված, այլ դա կարող է անել ադրբեջանական լոբբին: Հնարավոր է, որ այդ ռուսական անուն-ազգանունով մարդուն ֆինանսավորում են ադրբեջանցիները»,- ենթադրում է Մենուա Հարությունյանը:
Քաղաքական մեկնաբանը պնդում է, որ պետք չէ Ռուսաստանում տեղի ունեցող նման երևույթներին արձագանքել այս կերպ: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը պնդում է, որ կատարվածը բարբարոսություն է, և դեռ հարց է, թե ինչպե՞ս է աշխարհը սա ընկալելու:
«Պետք է հասկանալ, սա աշխարհն ընկալելու է՝ որպես խուլիգանական արա՞րք, թե՞ պետական կողմնորոշում: Սա կախված է նրանից, թե ինչ ընթացք կտա Կառավարությունն այս արարքին, եթե լուռ ու մունջ անցկացրին, ապա սա կընկալվի՝ որպես պետական դիրքորոշում, եթե ոչ, ապա՝ որպես խուլիգանական արարք: Սա դեռահասության շրջանի դևիանտ վարքագիծ է, վստահ եմ, որ այդ արարքն անողն անգամ չգիտի, թե ո՞վ է Գրիբոյեդովը, ուղղակի «ով» վերջավորություն է տեսել և ներկը լցրել է վրան: Ինքնակայացման խնդիր է լուծվում, այսօր Հայաստանում առհասարակ ինքնակայացման խնդիր է լուծվում՝ նախարարները, վարչապետը»,- ասաց հոգեբանը:
Դեպքին անդրադարձել էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն տարածելով:
«Կիսում ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս.Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ իրականացված տգեղ արարքի վերաբերյալ առավելագույն հստակ բնորոշմամբ հանդես եկած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:
Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»,- գրված է հայտարարության մեջ: