Ֆիլիպիններում թայֆունն առնվազն 17 մարդու կյանք է խլել
Ֆիլիպիններում առնվազն 17 մարդ է զոհվել «Տիսոյ» թայֆունի պատճառով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Ավելի վաղ Agence France-Presse-ը տեղեկացրել էր չորս զոհվածի մասին:
Ինչպես նշում է Bloomberg-ը, գյուղատնտեսությանը տարերքի պատճառած վնասը տեղի իշխանությունների կողմից գնահատվում է15,7 մլն դոլար: Տարհանվել է մոտավորապես կես միլիոն բնակիչ: Ներկայում փակ են մնում երեք կամուրջ եւ մի քանի ճանապարհների առանձին տեղամասեր:
Մանիլայի միջազգային օդանավակայանի վարչակազմը, որպես նախազգուշական միջոց, նախօրյակին 12 ժամով փակել էր օդային հանգրվանի բոլոր չորս թերմինալները: Բացի այդ, զգալի վնասվածքներ է ստացել Ալբայի նահանգի Լեգասպի օդանավակայանը:
«Տիսոյ»-ը քսաներորդ թայֆունն է, որը Ֆիլիպինները պատուհասել է ընթացիկ տարում: Դրա քամու արագությունը հասնում է ժամում 150 կիլոմետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: