Փնթի քաղաքականության արգասիքը
Ազգի և պետության զարգացման գենեզիսը կանխորոշում է նրա արտաքին քաղաքականության և դիվանագիտության սկզբունքները, որոնք առաջին հերթին որոշում են դիվանագիտական բանակցությունների ռազմավարությունն ու մարտավարությունը։ Արցախի խնդրի կարգավորման ռիսկերի ու տիրող վակուումի մասին վերջին շրջանում բավական շատ է խոսվել: Ավելին՝ ներկայումս այնպիսի տպավորություն է, որ գործող իշխանությունները խնդրի կարգավորման տեսլական ընդհանրապես չունեն։
Այս առիթով քննադատությունները բավականին փաստարկված են ու խորքային, քանի որ տեղի ունեցող զարգացումներն ու հնչող հայտարարությունները կամ անատամ են կամ զուտ պոպուլիզիմի ժանրից։ Վստահաբար կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանն իր հռետորաբանության մեջ քանիցս փաստել է, որ չի տիրապետում Արցախի բանակցային գործընթացի ընդհանրական փաթեթին։
Նա իր խոսքում հիմնականում լղոզված է խոսում ղարաբաղյան հակամարտության տարբեր թեմաների մասին և իրեն հարմար «ռակուրսից» այն հրամցնում հանրությանը։
Մեկուկես տարի հետևելով նրա խոսքին, հասկանում ենք, որ ՀՀ իշխանությունները որևէ հստակ մոտեցում չունեն Արցախի հարցի բանակցությունների վերաբերյալ։ Ինչպես հայտնի է՝ Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև տեղի կունենա հանդիպում։
Ըստ տեղեկությունների՝ սպասվող հանդիպման արդյունքներով ակնկալվում է հնգակողմ հայտարարության ընդունում։ Այդ մասին Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Այստեղ տարօրինակն ու զարմանալին այն է, թե ինչ հայտարարության մասին է խոսքը, երբ փաստացի բանակցությունները տապալված են, և ըստ էության ոչ մի առաջընթացի արձանագրում չկա։ Սա տարօրինակ է նաև այն տեսանկյունից, քանի որ Փաշինյանն իշխաության ղեկը ստանձնելուց հետո հրաժարվել է Ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցած երեք հայտնի հանդիպումների (Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Ժնև) ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններն ու դիրքերը։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում բավականին «կասկածելի» կերպով Մինսկի խմբի համանախագահների խոսքից աստիճանաբար դուրս է մղվել «ինքնորոշման իրավունք» ձևակերպումը, և անհասկանալի կերպով աստիճանաբար խոսվում են «Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության կարծիքի» մասին։ Փաշինյանի ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում Ադրբեջանը բավականին շոշափելիորեն ամրացրել է իր դիրքերը և կարողացել է ռուսական կողմի որոշակի աջակցություն ստանալ, այսպես ասած՝ «տակից»։
Այլ կերպ չես մեկնաբանի Լավրովի՝ Մամեդյարովի հետ սինխրոն գրեթե «նույն գծի մեջ» հնչող հայտարարությունները և «Վալադայ»-ում հայտարարծ այն միտքը, թե Արցախի հարցում բանակցությունները մտել են փակուղի և հասկացրեց, թե ով է այդ փակուղու մեղավորը։
Սա նաև պայմանավորված է Փաշինյանի կողմից արված այն փնթի քայլով, որ դեռևս Արցախի ԱԱԽ խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, թե՝ «Արցախը դառնալու է բանակցային կողմ»։ Ըստ էության՝ ՄԽ համանախագահներն այդ գաղափարի մասին լսել են ուղիղ եթերում՝ նախապես ոչ մի պայմանավորվածություն չունենալով։
Մի կարևոր առանձնահատկություն ևս. վերջին շրջանում ռուսական շրջանակներում պարբերական հաճախականությամբ, տարբեր փորձագետներ իրենց հռետորաբանության մեջ, խոսելով Արցախի բանակցային գործընթացի մասին, ակնարկներ են անում «ռուսական կոնտինգենտի» տարածաշրջանում տեղակայման գաղափարի մասին, ինչ խոսք սա իր տակ բավականին խորքային ու նուրբ տարրեր է պարունակում և լուրջ վերլուծությունների տեղիք է տալիս։
Վստահաբար կարող ենք փաստել, որ վերջին շրջանում Արցախի խնդրի շուրջ ընթացող քննարկումներում ու մեկնաբանություններում տեղ են գտնում ձևակերպումներ, որոնք, տարակուսանք ու լուրջ անհանգստություն են առաջացնում գործընթացի ներկա փուլում հայկական դիրքերի և դիրքորոշումների շահեկանության հետ կապված:
«Հեղափոխության» կարկառունների համար առաջնային նշանակությունը միայն իրենց «թավիշն» է, ուրիշ ոչինչ, և միջազգային բոլոր հարթակներում պարբերաբար թմբկահարում են այդ կեղծ կատեգորիայի համար։ Փաստ է, որ իշխանափոխությունն արտաքին ոլորտի ոչ մի դրվագում չհանգեցրեց դրական հետևանքի, այլ կապիտալազրկեց այն։ Այն հայտարարությունը, որ ժողովրդավարությունը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության այցեքարտը, իրականության հետ ոչ մի աղերս չունի։
Արմեն Հովասափյան
Հ․Գ․ Նացիստական Գերմանիան իր տոտալիտար ռեժիմն ակտիվորեն երևակում էր արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության վրա` իրագործելով ժողովուրդների բռնաճնշում ու ոչնչացում, տարածքների բռնազավթում, մարդատյացության սերմանում։ Սրան զուգահեռ, եթե պետության ներքին քաղաքականությունը լիբերալ է և ժողովրդավարական, ապա այդ միտումները նկատվում են նրա արտաքին քաղաքականության մեջ։