Ժողովրդավարությունը Հայաստանում հետընթաց է ապրում
Երկրի համար շատ կարևոր է ունենալ զարգացման նպատակային և արդյունավետ ռազմավարական ծրագրեր: Ժողովրդավարությունը պահանջում է, որ այդ ռազմավարական ծրագրերը կառավարությունով մշակվեն և համաձայնեցվեն քաղաքացիական հասարակության կառույցների (ՔՀԿ) հետ:
2014թ -ին հայաստանյան մի շարք ՔՀԿ -ներ, կամավորության հիմունքներով, միավորվեցին և ստեղծվեց Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանց (ՌԾ ՔՀՑ):
ՌԾ ՔՀՑ-ի ստեղծման նպատակն է ՀՀ կառավարության հետ միասին մասնակից լինել ՀՀ ռազմավարական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման գործընթացներին, որով, ոչ միայն կապահովվի ռազմավարական ծրագրերի հանրային լայն քննարկում, այլև` իրականացվող ծրագրերը կդառնան ավելի արդյունավետ:
ՌԾ ՔՀՑ -ում ներգրավված էին 200-ից ավելի տարբեր ոլորտները ներկայացնող ՔՀԿ -ներ, որոնցում ներկայացված էին երկրի զարգացմամբ մտահոգված տարբեր ոլորտների ճանաչված գիտնականներ, դոկտոր-պրոֆեսորներ, իրավաբաններ, հայտնի մտավորականներ և այլն:
ՌԾ ՔՀՑ-ի ներսում ձևավորվեցին՝ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության և գյուղի զարգացման, կրթության, կանանց, երեխաների և երիտասարդների, համայնքային և տարածքային համաչափ զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և սփյուռքի, մշակույթի և զբոսաշրջության, սոցիալական և բնակչության հատուկ կարիքավորների, տնտեսության զարգացման և գործարարության հարցերով զբաղվող ոլորտային խմբեր: ՌԾ ՔՀՑ ժողովը ընտրեց խորհուրդ, խորհրդի նախագահ, նախագահի տեղակալներ և հաստատեց ոլորտային խմբերից առաջադրված համակարգողներին:
ՌԾ ՔՀՑ-ն դիմեց ՀՀ կառավարության ղեկավարին, և ՀՀ վարչապետի 2015թ.-ի փետրվարի 10-ի 89-Ն որոշմամբ ստեղծվեց ՀՀ ՌԾ իրականացման աշխատանքները համակարգող խորհուրդ, հաստատվեց դրա կազմը և աշխատակարգը: Իսկ, 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունում, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ, ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների և ՌԾ ՔՀՑ ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրվեց կառավարություն-ՌԾ ՔՀՑ սոցիալական գործընկերության համաձայնագիրը:
Համաձայնագրի ստորագրումից հետո, կառավարությունը իր սոցիալական գործընկերոջը` ՌԾ ՔՀՑ-ին, տրամադրեց գրասենյակ և որոշակի գույք:
ՌԾ ՔՀՑ ոլորտային խմբերի կողմից բազմիցս հրավիրվել են նիստեր Քննարկվել են երկրում առկա աղքատության և արտագաղթի վիճակը, վիճակից դուրս գալու ուղիները, ոլորտի հիմնախնդիրները, ոլորտի զարգացմանը նպատակաուղղված արդյունավետ առաջարկություններ, զարգացման ծրագրերի նախագծեր: Հաճախակի, տեղի էին ունենում նաև ոլորտներին վերաբերող ՌԾ ՔՀՑ ՔՀԿ-կառավարության կառույցներ երկկողմ քննարկումներ, երկխոսություններ, առողջ բանավեճեր: Ներկայացվում էին փոխլրացումներ, դիտողություններ, առաջարկությունները:
Տարբեր երկրների (ԱՄՆ, ԵՄ և այլն) դեսպանների և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, նրանց կողմից հավանության է արժանացել ՌԾ ՔՀՑ -ի ստեղծման կարևորությունը:
2018թ-ի թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ մարդկանց թվում էր, թե բազում ամպագոռգոռ խոստումներով և ժողովրդավարական կոչերով իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդյունավետորեն կօգտագործի ՔՀԿ -ների հնարավորությունները, ներուժը և երկիրը կտանի ժողովրդավարության ուղիով: Որոշ ժամանակ անց, պարզ դարձավ, որ այդ խոստումները դատարկ խոսքեր էին միայն և ժողովրդավարության բաստիոն երկրում հանրային կարծիքը անտեսվում է, երկրի զարգացման ռազմավարական ծրագրերի արդյունավետությունը նոր կառավարությանը չի հետաքրքրում: Շատերի նման, ՌԾ ՔՀՑ ՔՀԿ -ները նույնպես բաժանվեցին սևերի և սպիտակների, մոռացվեց ՌԾ ՔՀՑ -ի գոյությունը, իսկ ՌԾ ՔՀՑ գրասենյակը և գույքը կառավարությունը հետ վերցրեց: Ժողովրդավարության անունից հանդես եկող Փաշինյանը քանդեց ՌԾ ՔՀՑ ժողովրդավարական կառույցը:
Հիշեցման կարգով նշեմ, որ վերջերս ՌԾ ՔՀՑ և ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ կառույցների անդամ «Ֆերմերային Շարժում» ՔՀԿ-ն, էկոնոմիկայի նախարարի գյուղատնտեսության գծով դեղնակտուց տեղակալներ և ոլորտի քաղաքական պատասխանատուներ Արման Խոջոյանին և Տաթև Սարգսյանին իրենց թիմով, հրավիրել էր «Գյուղատնտեսության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման: Քննարկմանը հրավիրվել էին գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, փորձագետներ, գյուղացիներ հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարարի տեղակալները հավանաբար վախեցան և հրաժարվեցին մասնակցել այդ քննարկմանը:
Վերլուծելով ներկա իշխանությունների վարած սխալ ագրարային քաղաքականությունը, հույս ունենակով, որ առաջիկա ընտրություններում նրանք չեն վերընտրվի, «Ֆերմերային Շարժում» ՔՀԿ-ն Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում, պատրաստակամ է իր նոր մշակված և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությամբ աջակցել նորընտիր իշխանություններին:
ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ
«Ֆերմերային Շարժում» ՀԿ նախագահ,
Ռազմավարական ծրագրերի
Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ



