«Ինչպե՞ս այս ամենից հետո ընդունել Փաշինյանի հայտարարությունները` որպես խաղաղ կարգավորմանը միտվա՞ծ, ադրբեջանցիների համար ընդունելի՞, ո՛չ իհարկե». Արիֆ Յունուսով
168.am-ի զրուցակիցն է ադրբեջանցի հայտնի կոնֆլիկտաբան, պատմաբան, արդեն երեք տարի իր կնոջ՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսի հետ որպես քաղաքական էմիգրանտ Հոլանդիայում բնակվող, Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների հետազոտության բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը:
– Պարոն Յունուսով, օրերս հայտնի դարձավ, որ նոյեմբերի 17-21-ը Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողական խմբերի փոխանակում է տեղի ունեցել: Այս օրերին ծրագրին մասնակցող լրագրողները ներկայացնում են իրենց ստացած տպավորություններն իրենց հոդվածներում և հարցազրույցներում, մանրամասնում այցը, և այլն: Սա նմանատիպ առաջին փոխանակումն էր վերջին տարիների ընթացքում: Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը: Ըստ Ձեզ՝ ներկայումս ի՞նչ կարող են տալ նման նախաձեռնությունները կողմերին:
– Ես մշտապես եղել եմ և մնում եմ խաղաղ բանակցությունների, «ժողովրդական դիվանագիտության» շրջանակում կազմակերպվող հանդիպումների կողմնակից: Այսինքն, եթե մոտենանք ռազմավարական տեսանկյունից, ապա այցը գնահատում եմ դրական: Սակայն, լինելով «ժողովրդական դիվանագիտության» գծով նմանատիպ հանդիպումների ակտիվ մասնակից, այդ թվում՝ լրագրողական մի շարք ուղևորությունների կազմակերպիչ, ցանկանում եմ ասել, որ նույնիսկ «ժողովրդական դիվանագիտությունն» ունի իր կանոնները: Դիվանագետների և քաղաքական գործիչների հանդիպումների ու հասարակայնության ներկայացուցիչների հանդիպումների գլխավոր տարբերությունը բաց ձևաչափն է: Չէ՞ որ նման ուղևորություններն ու միջոցառումներն ուղիղ կերպով չեն հանգեցնում հակամարտության կարգավորման, կարիք չկա գերագնահատել դրանց նշանակությունը կարգավորման գործընթացի համար: Հատկապես, երբ նման այցերը և հանդիպումները մշտական բնույթ չեն կրում, այլ պարբերական՝ մի քանի տարին մեկ: Չէ՞ որ հակամարտության արդյունքում երկու կողմերն էլ չեն վստահում միմյանց, և երբ հասարակությունը տեղեկանում է նման հանդիպումների մասին «ժողովրդական դիվանագիտության» շրջանակում, որոնք, ի դեպ, գաղտնի են պահվում, ապա անխուսափելիորեն առաջանում են կասկածներ, դավաճանության մեջ մեղադրանքներ, և այլն:
Այն փաստը, որ այս այցերը տեղի ունեցան նույնիսկ Ղարաբաղյան հակամարտության համար արտառոց գաղտնիության պայմաններում, ցույց է տալիս, որ կազմակերպիչները վախենում էին արտահոսքերից, վախենում էին իրականում թափանցիկությունից: Սա այն է, ինչ ես վաղուց անվանում եմ «գաղտնի ժողովրդական դիվանագիտություն»: Գաղտնիությունը «ժողովրդական դիվանագիտությանը» միայն վնասում է: Ընդհակառակը՝ հարկ է ամեն ինչ կազմակերպել բաց, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեղեկատվություն ունենա այցերի և հանդիպումների մասին: Իսկ այս դեպքում տպավորություն ստեղծվեց, որ այս ամենն արված էր «галочка»-ի համար, կամ հակամարտող կողմերի նկատմամբ երրորդ կողմի ճնշումների ներքո:
– Խաղաղ գործընթացի համար հիմքեր տեսնո՞ւմ եք, եթե Ադրբեջանը դեմ է Արցախի վերադարձին բանակցային սեղան, իսկ Հայաստանը պնդում է, որ առանց Արցախի՝ հնարավոր չէ կարգավորել այս հակամարտությունը, և Արցախը պետք է մասնակցի այնպիսի հարցերի քննարկման, որոնք վերաբերում են հենց Արցախին: Ինչպե՞ս եք գնահատում բանակցային ներկայիս փուլը:
– Ես վաղուց չեմ տեսնում նախադրյալներ խաղաղ գործընթացի համար, բանակցային գործընթացն ընկալում եմ՝ որպես իմիտիացիա, և դեռ շատ երկար է այսպես շարունակվելու: Թերևս, կա տարբերակ, որ Ռուսաստանը ճնշումներ կգործադրի Ադրբեջանի նկատմամբ, և կսկսվի Մադրիդյան սկզբունքների իրագործումը, բայց կրճատված տարբերակով՝ հայերը փուլ առ փուլ վերադարձնում են ԼՂՀ-ի շուրջ օկուպացված 5 շրջանները, և այնտեղ «բազմազգ խաղաղապահ ուժերի» անվան տակ տեղակայվում են իրականում ռուսական զորքեր: Ադրբեջանում իշխանությունները դա կներկայացնեն՝ որպես սեփական մեծ հաղթանակ՝ իբրև թե՝ ներկայումս այդ 5 շրջանները, իսկ հետո՝ նաև մնացածը: Այսինքն՝ կսկսվի Լավրովի պլանի իրագործումը: Թեև ես այնքան էլ չեմ հավատում դրան և հոռետեսորեն եմ տրամադրված, չեմ հավատում վերջնական կարգավորմանն առաջիկա տարիների ընթացքում առնվազն:
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակամարտության բոլոր կողմերին առաջարկում է աշխատել հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակի ուղղությամբ, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Փաշինյանն Ադրբեջանի նախագահին կոչ է անում հետևել իր օրինակին և նման հայտարարությամբ հանդես գալ: Այս բանաձևը, ըստ Ձեզ՝ ընդունելի՞ է Ադրբեջանի իշխանությունների համար:
– Դա պարզապես քարոզչական հռետորաբանություն է, եկեք իրատես լինենք: Ադրբեջանի իշխանությունները ևս ասում են համարյա թե նույնը և հետո առաջարկում են, որպես վերջնական փոխզիջումային տարբերակ՝ «ինքնավարություն ամենալայն լիազորություններով», և որպես օրինակ են բերում Տրիեստից սկսած մինչև Ալանդյան կղզիները: Ձեռնտո՞ւ է արդյոք սա հայկական կողմի համար: Ո՛չ, սա դիտարկվում է՝ որպես անընդունելի պայման:
Իր հերթին՝ Փաշինյանը խոսում է խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին, և միևնույն ժամանակ հռչակում է Ղարաբաղը՝ որպես Հայաստանի մաս: Եվ ինչպե՞ս այս ամենից հետո ընդունել նրա բոլոր հայտարարությունները՝ որպես խաղաղ կարգավորմանը միտվա՞ծ, որպես ադրբեջանցիների համար ընդունելի՞: Ո՛չ իհարկե:
– Ըստ Ձեզ՝ վերոնշյալ բանաձևով կարգավորում կարո՞ղ է լինել:
– 90-ական թթ. բանակցային գործընթացում բազմիցս է խոսվել այն մասին, որ հարկ է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար: Այսինքն՝ իրականում սա նոր բանաձև չէ, այլ հին և ծեծված արտահայտություն է: Պետք է ելնել ոչ թե գեղեցիկ արտահայտություններից, այլ ցանկանալ հակամարտության կարգավորում, բայց հասկանալով, որ առանց լուրջ զիջումների չի հաջողվի որևէ բանի հասնել: Սկզբի համար հարկավոր է հասնել նրան, որպեսզի շփման գծում դադարեն զոհերը, պետք է դադարեցնել դիպուկահարների պատերազմը: Հետո շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների իրագործման ուղղությամբ և կազմակերպել կանոնավոր հանդիպումներ «ժողովրդական դիվանագիտության» շրջանակում՝ բաց կերպով և ներգրավելով հնարավորինս շատ մասնակիցների: Միայն այս դեպքում հնարավորություն կստեղծվի խաղաղ կարգավորման համար: Իսկ ներկայումս ամեն ինչ կրում է իմիտացիոն բնույթ՝ երկրների ղեկավարները գեղեցիկ բառեր են արտաբերում խաղաղության մասին, և դրան անմիջապես հետևում է ագրեսիվ և անընդունելի հռետորաբանություն նրանց և իշխանական այլ քաղաքական գործիչների կողմից:
– Ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել բանակցային գործընթացում և հակամարտության գոտում ապագայում:
– Դեռ, ինչպես ասացի, չեմ տեսնում որևէ լուրջ նախադրյալ խաղաղ գործընթացում լուրջ բեկման համար: Ավելի հավանական է, որ ղեկավարները կհանդիպեն, կշարունակեն գեղեցիկ բառեր արտաբերել, իսկ առաջնագծում, նախկինի նման, շարունակելու են զոհվել երիտասարդ ադրբեջանցիներ ու հայեր: Չեմ բացառում նաև կարճ ռազմական գործողություններ, ինչպես դա եղավ 2016 թվականի ապրիլ ամսին: