Բաժիններ՝

«Մեր ապագայի կերտման, ինքնության պահպանման և զարգացման համար և այդ ճանապարհին մենք պետք է ավելի խորը իմանանք մեր պատմությունը». Նիկոլ Փաշինյան

Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը։ Նիկոլ Փաշինյանը շրջել է Հռոմի Հայ Կաթողիկե եկեղեցում, ծանոթացել հայկական հոգևոր, կրթական մշակութային կառույցի և Քահանայապետական վարժարանի գործունեությանը, հանդիպել նաև Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի սաներին և Անարատ հղության հայ քույրերի միաբանության քույրերին։

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և «Լևոնյան» Քահանայապետական վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում և եկեղեցու անունից աջակցություն հայտնել Հայաստանի վարչապետի այն բոլոր քայլերին, որոնք միտված են հզորացնելու հայոց պետականությունը և բարեկեցիկ կյանք տալու հայ ժողովրդին ու Հայաստանին։ «Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք Սփյուռքի հայկական գաղթօջախներ կատարած Ձեր այցելություններին և ոգևորվում ենք հայկական ազգային նկարագիրը պահպանող կենտրոններ, ինչպիսիք են Վենետիկի Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարյան միաբանությունը և Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցին Ձեր այցելություններով, որոնք, բացի կրթական և մշակությանին կենտրոններ լինելուց, հայ հոգևոր ինքնության պահպանման և հոգևորականների պատրաստման կաճառներ են», – նշել են նրանք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր խոսքում, մասնավորապես, նշել. «Ընդհանրապես երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, մեր ինքնության պահպանման և զարգացման մասին, դրա համար և այդ ճանապարհին կա շատ կարևոր մի բանաձև. մենք իսկապես որպես ժողովուրդ պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորը իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, և մեր ապագան կառուցելու ամենակարևոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու, մեր անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է։ Իտալիա կատարած այս այցը, ինչպես նաև այլ երկրներ կատարած այցերը իսկապես շատ հսկայական հայկական ենթատեքստ ունեն. մենք սկսեցինք Վենետիկից՝ այցելելով Մխիթարյան միաբանություն, որը մեր ինքնության պահպանման և զարգացման գործում անուրանալի և անգնահատելի վաստակ է ունեցել»:

Փաշինյանը նշել է, որ շատ բարձր է գնահատում Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթոլիկ եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու դերը ինքնության պահպանման և զարգացման գործում։

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական ինքնությանն այսքան մոտիկ և հարազատ մնալու, այդ ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու համար։ Մեր ժառանգությունն առաջին հերթին հոգևոր է, որովհետև կապ չունի՝ Հայ Առաքելական եկեղեցու, թե Հայ Կաթոլիկ եկեղեցու մասին ենք խոսում։ Կարծում եմ, որ շատերը չէ, որ սրա մասին գիտեն և ինձ համար նույնպես պետք է խոստովանեմ՝ անակնկալի որոշակի տարրեր կային, որ հենված են նույն արժեքների վրա։ Սուրբ Ղազար կղզում հաճույքով արձանագրեցի, որ տաճարի հիմնական խորանները նվիրված են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Գրիգոր Լուսավորիչին, և սա այն հոգևոր ամբողջությունն է, որ մեզ բոլորիս միացնում է։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր պատմության և ժողովրդի այս նոր ժամանակաշրջանը հենց դրա մասին է, որ մենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի ամբողջական գնահատենք, չզլանանք դիտել մեր թերությունները, չվախենանք շեշտել մեր առավելությունները, չվարանենք բարձրաձայնել մեր նպատակները և չվախենանք հաստատ քայլերով գնալ մեր նպատակների հետևից»-իր խոսքում ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս