Բաժիններ՝

Բանկերում առնվազն 150 միլիարդ դրամ սառեցված է դատական վեճերի պատճառով

Կառավարությունը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում արձանագրել է, որ Հայաստանում ֆորմալ դատական վեճերի պատճառով առնվազն 150 միլիարդ դրամ սառեցված վիճակում է: ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այստեղ հարցը միայն դատական համակարգի անկախությունը չէ, այլև դատական համակարգի բարեփոխման խնդիրը ,և որոշ դեպքերում դատական վեճերը կարող են տևել տարիներ:

«Դրա համար կառավարությունը պետք է ներդնի էլեկտրոնային դատական համակարգ, դատական քննության ոլորտից հանենք նմանատիպ վեճերը և դնենք նոտարական քննարկման տիրույթ, որպեսզի այդ գումարները սառած չմնան»,- նշեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի, դատական համակարգի շատ արագ փոփոխություններն անթույլատրելի են:

«Համենայն դեպս, մի շարք երկրների փորձը ուսումնասիրում ենք, այդ թվում՝ եվրոպական երկրների, այնպես է եղել, որ դատական համակարգի բարեփոխումները բերել են կոլապսի: Ես գոհ չեմ դատական համակարգից, բայց մյուս կողմից, եթե դժգոհությունը փոխակերպվի զգացմունքային գործելակերպի, կարող է վնասներ բերել: Այստեղ կարևորը հետևողականությունն է և համբերությունը, որպեսզի ունենանք ինստիտուցիոնալ արդյունք»,- եզրափակեց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս