Մադրիդյան սկզբունքներն այլևս բանակցային սեղանին չե՞ն

«ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները պարալիզացված են»,- «168 Ժամի» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, վերջին միտումներին:

Հիշեցնենք, որ օրերս «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Aravot.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի հետ զրույցի բովանդակությունից: Նա նշել էր. «Ասաց` Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն. սա շատ կարևոր է, որովհետև մեր ժողովուրդը չընդունեց դրանք: Գաղտնի ոչ մի բան չի լինելու, և ես ՀՀ վարչապետի անկեղծությանը հավատում եմ»:

Հարցին՝ եթե Մադրիդյան սկզբունքները չեն բանակցային սեղանին, ապա ի՞նչ են քննարկում կողմերը բարձրաստիճան հանդիպումների ընթացքում, Մանվել Սարգսյանը պատասխանեց, որ դատողություններ է անում՝ ելնելով պաշտոնական հայտարարություններից: Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի միջև, որից հետո Փաշինյանն ասել է, որ մինչ այդ հարցադրումներ է արել, և իր համար շատ կարևոր էր եղել մի շարք հարցեր պարզել: Ըստ նրա՝ հարցերից առաջինը վերաբերել է բանակցային ձևաչափին:

«Հիշո՞ւմ եք, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում՝ Ստեփանակերտում, հստակ ասվեց, որ պարզելու հարցեր կան, թե ով ում է ներկայացնում բանակցային գործընթացում, քանի որ ՀՀ-ն չի կարող բանակցել Արցախի փոխարեն: Այսինքն՝ բարձրացվել է պատասխանատվության և իրավունքների հարց, թե Մինսկի խմբի, թե Ադրբեջանի առջև ասվել է, որ Հայաստանը ներկայացնելու է իր իրավունքները և պատասխանատվությունն այդ բանակցային գործընթացում:

Մադրիդյան սկզբունքների հետ կապված ևս առաջարկ էր հնչել: Ն. Փաշինյանը նշել էր, որ խնդիր ունի, թե ով և ինչպես է հասկանում այդ սկզբունքները ու մեկնաբանում: Նա առաջարկում էր հստակեցնել այդ սկզբունքների մեկնաբանությունները: Դրան հաջորդեց նրա հանդիպումն Ալիևի հետ, որից հետո Փաշինյանն ասաց, որ իր հարցերի պատասխանները չի ստացել, դրան հաջորդել էր նաև ԱԳ նախարարների հանդիպումը, կրկին ասվել էր, որ այս ամենի շուրջ է ընթանում խոսակցությունը: Դրանից հետո Փաշինյանն առաջարկեց, որ ցանկացած լուծում պետք է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լինի: Բազմաթիվ անգամներ տարբեր ամբիոններից ասվեց, որ, ցավոք, Ադրբեջանի կողմից նմանատիպ պատասխան չկա, որն անորոշություն է մտցնում: Բանակցությունների իմաստը ո՞րն է, եթե տարրական հարցերում փոխըմբռնում չկա:

Ցանկացած բանակցող կողմ պետք է պատրաստ լինի: Գործընթացը դրանում է, ես ուրիշ որևէ բան չեմ նկատել: Մեկ ամիս առաջ Լավրովը ևս ասաց, որ չի հաջողվում վերականգնել բանակցային գործընթացը, սակայն դա չի նշանակում, որ մենք կանգնած ենք պատերազմի շեմին: Սա ևս ապացուցեց, որ բանակցությունները պարալիզացված են»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Նա նշեց, որ հանդիպումներ կան, սակայն կարգավորման սկզբունքների ու տարրերի շուրջ փոխըմբռնում չկա: Ըստ նրա՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն ամիսներ առաջ ասաց, որ իրենց համար հիմա պարզ է բարձրացված խնդիրների շրջանակը, իմաստը, սակայն պատասխաններ և հստակություն դեռ չկա: Մ. Սարգսյանը նշեց, որ, թեև առաջարկված է, որպեսզի Ստեփանակերտը մասնակցի բանակցություններին, բայց չի բացառվում նաև, որ չմասնակցի, եթե համաձայնություն չլինի կողմերի միջև այդ հարցի շուրջ: «ԵԱՀԿ ՄԽ-ում առարկություն չկա, նրանք ասել են, որ, եթե կողմերը համաձայնության գան, խնդիր չեն տեսնում, որ Արցախը մասնակցի: Եթե Արցախը չի մասնակցում, ապա շատ պարզ է ու հստակ, որ ՀՀ-ն չի կարող քննարկել հարցեր, որոնք Արցախի իշխանությունների լիազորությունների ներքո են: Ես կարծում եմ, որ հենց դա է, որ Ադրբեջանին բավականին բարդ իրադրության առջև է դրել, Ադրբեջանը չի կարող բացատրել ոչ մի կերպ Մինսկի խմբին, թե ինչու ցանկություն չունի քննարկել հարցեր, որոնք վերաբերում են Արցախին»,- ասաց Մ. Սարգսյանը:

Մեր դիտարկմանը, թե բարդ իրավիճակի առջև Ադրբեջա՞նն է կանգնած, թե՞ Հայաստանը, որին ՌԴ ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովը քննադատում է «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության համար, հակասություն չկա՞, վերլուծաբանն ասաց, որ ոչ մի հակասություն չկա: Նրա որակմամբ՝ դա մի բան է, որը Լավրովը պետք է ասի, որովհետև ամբողջ խնդիրն այն է, որ ՄԽ համանախագահող երկրները ևս չեն կարող պարզաբանել, թե ինչու են բանակցային ձևաչափը փոխել: «Ի վերջո, բոլորս գիտենք, իրենք ևս փայլուն գիտեն, որ բանակցային ձևաչափը որոշվել է 1994 թ. մայիսի 12-ին զինադադարի եռակողմ փաստաթղթով՝ ԵԱՀԿ գագաթաժողովում, դա պարզ ու հստակ է եղել: Հետո ԵԱՀԿ գործող նախագահն առանձին գրավոր կերպով ներկայացրել է հակամարտության կողմերին, որ երկու պետություն են և ԼՂ-ը, բայց, չգիտես ինչու, փոխվել է ձևաչափը, այնինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն ունեցել նման բան անելու մանդատ: Դրա համար, երբ Հայաստանը փորձում է պարզություն մտցնել, Փաշինյանը փաստաթղթերը ցույց է տվել և հարցրել, թե ինչու է խախտվել մանդատը, պատասխան գոյություն չի ունեցել: Հենց այդ պատճառով ՄԽ-ն ևս փորձում է պատճառներ գտնել՝ ինչու Արցախը չի մասնակցում, բանակցություններ այս հարցերի շուրջ կան, բարդ իրավիճակ է ստեղծվել: Հենց այդ պատճառով գալիս-գնում են, բայց պատասխաններ չունեն»,- ասաց Մ. Սարգսյանը:

Խոսելով Մադրիդյան սկզբունքների ներկայիս կարգավիճակից, քաղաքական վերլուծաբանն ասաց, որ ՀՀ դիրքորոշումը շատ պարզ է եղել՝ Հայաստանը հայտարարել է, որ իր մոտեցումն այդ սկզբունքների վերաբերյալ կախված է լինելու այդ բանակցություններից և պատասխաններից, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք դրանք ընդունելի՞ են մեզ համար, թե՞ ոչ: «Այսինքն՝ պետք է եզրակացության գան՝ ելնելով այդ պատասխաններից: Այդ պատասխանները չկան, բացատրություն չկա, թե ինչու չկան պատասխաններ: ՄԽ գործընթացը դրա արդյունքում պարալիզացված վիճակում է: Անգամ Վիեննայում դրվել էր շփման գծում մեխանիզմներ տեղակայելու առաջարկը, այդ ժամանակ հստակ չէր՝ ինչ պատասխանատվություն մենք ունենք, բայց այդ առաջարկով առաջին անգամ դրվեց պատասխանատվության հարց շփման գիծը խախտելու համար: Դա շատ էական խնդիր է: ՄԽ-ն պատրաստ չէ, Ադրբեջանի համար էլ դա շատ բարդ հարց է, Ադրբեջանն ի վիճակի չէ հասկանալու՝ ինչպես իրեն դրսևորի: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի բանակցել, պետք է այդ հարցերին պատասխանի: Այս անորոշությունից է, որ Ադրբեջանը չգիտի նաև, թե ինչպես վարվել հակամարտության գոտում: Չէ՞ որ նախկինում ավելի հաճախ էր խախտում հրադադարի ռեժիմը, իսկ ներկայումս դա ևս խնդրահարույց է Ադրբեջանի համար»,- ասաց Մ. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս