Գիտնականներն «աննկարագրելի տառապանքներ» են կանխատեսել ամբողջ մարդկության համար
11 հազարից ավելի գիտնականներ աշխարհի 153 երկրից իրենց ստորագրություններն են դրել այն փաստաթղթի տակ, որում պնդվում է, թե մարդկությանն «աննկարագրելի տառապանքներ» են սպասում, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն ածխաթթվական գազի արտանետումների կրճատման համար: Հետազոտողների աշխատությունը հրապարակված է BioScience գիտական հանդեսում։
Մասնագետների եզրակացությունները հիմնված են 40 տարվա դիտարկումների ընթացքում ստացված տեղեկատվության վրա: Այդ տվյալները ներառում են էներգիայի սպառումը, երկրի մակերեւույթի ջերմաստիճանը, ազգաբնակության աճը, անտառազրկման տեմպերը, բեւեռային սառույցների զանգվածը, համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) եւ ածխաթթվական գազի արտանետումները: Փաստաղթի հեղինակներից մեկի՝ Սիդնեյի համալսարանի աշխատակից Թոմաս Նյուսոմի խոսքով՝ գիտնականները պետք է կատարեն իրեն բարոյական պարտքը՝ ամբողջ աշխարհին նախազգուշացնելով արտակարգ բնապահպանական իրավիճակի մասին:
Օրեգոնի համալսարանից նրա գործընկեր Ուիլյամ Ռիփլը հավելել է, որ կլիմայական փոփոխություններն շատ ավելի սրընթաց են տեղի ունենում, քան սպասում էին շատ հետազոտողներ: Մասնագետներն ընդգծել են, որ մարդկությունն դեռեւս կարող է որոշակի միջոցներ ձեռնարկել իրադրության բարելավման համար: Նրանք նշել են մի քանի ոլորտներ, որոնցում անհրաժեշտ է քայլեր անել գլոբալ տաքացման դանդաղեցման համար: Մասնավորապես, գիտնականները կոչ են արել հանածո վառելիքը փոխարինել էներգիայի վերականգնվող աղբյուրներով, սահմանել բարձր «ածխածնային հարկեր», կրճատել անկայուն աղտոտիչների արտանետումները, հրաժարվել ՀՆԱ-ի աճի եւ նյութական վիճակի բարելավման ձգտումից, դադարեցնել զանգվածային անտառահատումը եւ գործածել ավելի քիչ կենդանական սնունդ հօգուտ բուսականի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: