Բաժիններ՝

«Պակիստանից ներկրվող մթերքը վտանգավոր է մեր բնակչության համար». Գրիգոր Գրիգորյան

2019-ի հունվար-օգոստոս ամիսներին գրանցվել է 2739 սննդային ինֆեկցիայի դեպք։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Մեկ առողջություն» կոալիցիայի հիմնադիր, ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։

Նա վստահեցնում է, որ սննդային ոլորտը չի վերահսկվում, և որպես ապացույց՝ մատնանշում է այն, որ Հայաստան Պակիստանից մթերք է ներկրվում։

Ըստ Գրիգոր Գրիգորյանի՝ Պակիստանը Թուրքիայի և Ադրբեջանի աջակիցն է, և հնարավոր է՝ այդ երկրի միջոցով Հայաստանի դեմ կենսաբանական զենք օգտագործվի։

«Այս թեման 2013 թվականից պարբերաբար բարձրաձայնվել է, երբ Գյուղատնտեսության նախարարությունը թաքուն հաստատեց մի հրաման՝ համաձայն որի՝ թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող մթերքի ներկրումը թույլատրվեց։ Մեր երկրում կան մարդիկ, ովքեր հայտարարում են, թե առևտուրը հայրենիք չունի, այդպես մտածողներն իրենք անհայրենիք մարդիկ են։ 2016-17 թվականներից Պակիստանից Հայաստան էին ներկրվում տարբեր տեսակի մթերքներ։ Դա սպառնալիք կարող է հանդիսանալ բնակչության համար։ Պակիստանը միակ երկիրն է, որ չի ճանաչել Հայաստանի անկախությունը, աջակցում է Ադրբեջանին, Թուրքիային, Պակիստանը հանդիսանում է աշխարհում ահաբեկչության կենտրոններից մեկը, աջակցում է Կենսաբանական արգելված զենքի կուտակման աշխատանքներին»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը։

Ըստ ՍԱՊԾ նախկին պետի՝ օր առաջ հարկավոր է կասեցնել Գյուղատնտեսության նախարարի՝ ադրբեջանական և թուրքական ծագման մթերքների ներկրման թույլտվության հրամանը, որով կարգելվի թուրքական, ադրբեջանական, անգամ Պակիստանից եկող մթերքների ներկրումը։

«Դեպքը կատարվում է, նոր մեր ՍԱՊԾ-ն արձագանքում է, պետք է կանխարգելեն, բայց մեր ծառայությունը բավականաչափ հնարավորություններ չունի։ Կենսաբանական գրոհը կանխարգելելու համար»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը։

«Մեկ կոալիցիայի» հիմնադիր Գրիգոր Գրիգորյանն ասում է, որ ինքը հետևում է հիվանդությունների կանխարգելման կենտրոնի տվյալներին, ըստ որոնց՝ 2019-ի հունվար-օգոստոս ընկած ժամանակահատվածում 2739 սննդային և 3006 ջրային ինֆեկցիաների դեպք է գրանցվել։ Փոխարենը՝ ՍԱՊԾ-ն հայտնաբերի սննդի մեջ հարուցիչը հիվանդության ու բժիշկներին հայտնի, հակառակն է լինում, բժիշկներն արդեն հիվանդ մարդկանց ընդունելով ու ուսումնասիրելով՝ հայտնում են, որ սննդի մեջ ինֆեկցիայի հարուցիչ կա, ինչպես, օրինակ, եղավ սիբիրախտի դեպքում»,- ասաց ՍԱՊԾ նախկին պետը։

«Թուխմանուկ» հ/կ հիմնադիր Մարիամ Չախոյանը վստահեցնում է, որ դպրոցներում և մանկապարտեզներում ևս բավարար ուսումնասիրություններ չեն կատարվում։ Ըստ նրա՝ դրանով արդեն պետք է զբաղվեն նաև ծնողները։

«Շատ դժվար է վերահսկել՝ ի՞նչ սննդամթերք է վաճառվում դպրոցներում, մանկապարտեզներում, միևնույն տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ անընդհատ վերահսկողություն ԱԱՊԾ-ն չի կարող իրականացնել։ Ծնողները նախաձեռնություններ պետք է ստեղծեն, հանձնաժողովներ պետք է ստեղծվեն, շաբաթական դիտարկումներ պետք է արվեն, պետք է ժամկետներ նայեն, դպրոցներում կախված պետք է լինեն թերթոններ, որտեղ տեղեկատվություն պետք է լինի, թե ինչը պետք է ստուգել։ Ծնողները պետք է թույլ չտան թուրքական արտադրանքի առկայությունը դպրոցում։ Եթե ՍԱՊԾ-ի հնարավորությունները սահմանափակ են, ապա հասարակությունը սահմանափակված չէ»,- ասաց Մարիամ Չախոյանը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս