Մեր ու մյուսների աղքատությունը

Հրապարակվեց տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Ճշգրիտ լինելու համար հարկավոր է ասել, որ այս մրցանակը Նոբելի և մրցանակի համար թողած նրա գումարների հետ կապ չունի: Շվեդիայի ազգային բանկն է 1969թ. տնտեսագիտության ոլորտում սահմանել Նոբելի անվան մրցանակ: Մրցանակի հետ տրվող գումարն էլ է բանկը տրամադրում:

Այս տարվա մրցանակին արժանացան երեք հարվարդցիներ` Մայքլ Կպեմերը և Էսթեր Դյուֆլո-Աբիդժիթ Բեներջի ամուսինները: Արժանացան շատ հետաքրքիր ձևակերպմամբ` «Համընդհանուր աղքատության դեմ պայքարի փորձնական մոտեցման համար»: Աղքատությունն ու դրա դեմ պայքարը տնտեսագիտության «հավերժական թեմաներից» է: Այդ խնդիրը հուզել է բոլոր խոշոր տնտեսագետներին` հիմնադիր Ադամ Սմիթ-Դավիթ Ռիկարդոյից, Մալթուս ու Մարքսից՝ մինչև մեր ժամանակակիցներ:

«Աղքատության էկոնոմիկան» պարբերաբար տնտեսագիտության նոբելյանի թեմա էր դառնում: Սակայն այն նախկինում մի տեսակ փաթեթավորված էր: Աղքատության խնդիրը նախկինում քննարկվում էր «տնտեսական հավասարակշռություն», «ռեսուրսների արդյունավետ տնօրինում» և այլ համանման ձևակերպումներով: Նույնիսկ անցած տարվա տնտեսագիտական մրցանակը բավական երկարաշունչ ու «քողարկված» ձևակերպումով շնորհվեց` «Մակրոտնտեսական երկարաժամկետ վերլուծություններում տեխնոլոգիական նորարարական ներմուծումների համար»:

Մրցանակի հեղինակների աշխատությունները, պարզ, մարդկային լեզվով ասած, այն մասին էր, թե ինչպես խուսափել ճգնաժամներից, որոնք խորացնում են աղքատությունը: Իսկ այս տարի պարզ տեքստով գնահատվեց աղքատության դեմ պայքարի փորձարարական աշխատանքը և նշվեց, որ մրցանակակիր երեք հեղինակներն աղքատության դեմ պայքարի յուրօրինակ լաբորատորիա են ստեղծել: Ստեղծել են՝ ակադեմիական աշխատասենյակները լքելով՝ գնալով հնդկական և աֆրիկյան գյուղերն ուսումնասիրելու:

Արդյունքում՝ բավական տարօրինակ հայտնագործություններ են արել: Օրինակ՝ այն, որ կրթության ոլորտում 15 անգամ ավելի արդյունավետ է ֆինանսները կրթության առավելությունների ու օգուտի քարոզչության վրա ծախսելը, քան դեսից-դենից «թանկուկրակ» դասախոսներ հրավիրելը: (Սրա պարզ դեպքը մենք ունեինք` տարիներ առաջ Ավստրալիայի կողմերից ծիրան աճեցնող մեկին էին Հայաստան բերել, որ մեր գյուղացիներին ծիրան աճեցնել սովորեցներ):

Մեկ այլ տարօրինակ հայտնագործություն կարելի է համարել այն, որ մրցանակակիրներն առաջարկում են կրթության համար նախատեսված գումար-դրամաշնորհները ծախսել աշակերտների առողջության համար: Նրանց վերլուծության համաձայն՝ տասնապատիկ ավելի արդյունավետ է եղել այն, որ կրթության համար նախատեսված գումարով բուժել են երեխաներին (բերվում է ստամոքսի մակաբույծի դեմ պրոֆիլակտիկայի օրինակը, որի արդյունքում աշակերտների մոտ կտրուկ փոխվել է կրթության հանդեպ վերաբերմունքը և առաջադիմությունը): Նման հետազոտություններ ու արդյունքներ ստացվել են 26 երկրներում 20 մլն աշակերտների հետ տարվող աշխատանքների ու ուսումնասիրությունների արդյունքում: (Այս ուսումնասիրությունները ներկայացվել են Դավոսում տեղի ունեցող վերջին համաժողովին):

Աղքատության մասին հայաստանյան վերջին ուսումնասիրություններն արձանագրում են 2017թ. պատկերը: Երբ հրապարակվեց, որ մեր երկրում աղքատ է բնակչության 25.7 տոկոսը: Ընդ որում, միայն այն, որ աղքատների 60 տոկոսը պաշտոնապես ապրում է քաղաքային բնակավայրերում, հուշում էր, որ ուսումնասիրությունը պակաս վստահելի է: Մեր վիճակագրությունը միշտ էլ «հրաժարվել է» ընդունել, որ գյուղական համայնքներում գործազուրկներ ու աղքատ (իմա` սոված) մարդիկ կան: Պաշտոնական վիճակագրությունը մեր երկրի աղքատ բնակչությանը դասակարգում է երեք խմբերի:

Աղքատ են համարվում այն չափահաս անձինք, ովքեր ամսական 41 հազար 612 դրամից պակաս են «տնօրինում»: Նրանց քանակը մեր երկրում 766 հազար է: Այս թվից 316 հազարին իշխանությունն ու սոցիալական ոլորտի  մասնագետները համարում են չափավոր աղքատ: Որովհետև այս խումբն ամսական ծախսում է 34 հազար 253 դրամ:

Աղքատ բնակչության մեջ 42 հազար մարդ համարվում է ծայրահեղ աղքատ. նրանք ամսական 24 հազար 269 դրամից պակաս են ծախսում: Այս թիվը պաշտոնապես անվանվում է աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ: Սպառման այս չափը վերջնագիծ է: Սննդի վրա ավելի քիչ դրամ ծախսող մարդը, ենթադրվում է, որ պիտի ապրի քաղցի պայմաններում:

Մրցանակ շնորհող հանձնաժողովը, հարկավ, մեր ցուցանիշների պատճառով չէ, որ կարևորել է աղքատության թեման: 2015թ. ՄԱԿ-ի մի ուսումնասիրության արդյունքում հրապարակվեց, որ երկրագնդի բնակչության մեկ տոկոսը տիրապետում է այնքան միջոցների, որքան մնացած 99 տոկոսը: Այնպես որ, աղքատությունը համաշխարհային խնդիր է, բայց այդ փաստը մխիթարություն համարելը, մեղմ ասած, բարոյական չէ:

Տեսանյութեր

Լրահոս