Իջևանյան կայծն ու պերմանենտ հեղափոխությունը

Յուրաքանչյուր երկրում լինում են անցումային կամ ճգնաժամային փուլեր, և այդ շրջանում կարևորն այն է, որ իշխանությունների հաշվարկներն ու որդեգրած տեսլականը լինի իրատեսական, և ինչ-որ տեղ բխի նաև հանրային շահերից:

Ընդամենն օրեր առաջ՝ հուլիսի 10-ին, ԱԺ-ի կողմից ընդունվեցին Կառավարության կողմից ներկայացված նախագծերը՝ Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որոնց՝ նաև խստացվում է անտառահատման համար սահմանված պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած՝ քրեական պատասխանատվության էին ենթարկվելու նրանք, ովքեր երկրորդ անգամ կզբաղվեն ապօրինի ծառահատմամբ: Այս առիթով մամուլում հրապարակում էր եղել, ըստ որի՝ տեղացիների մոտ դժգոհություն է առաջանալու, քանի որ գազի գնի բարձրացումից հետո նրանք ի վիճակի չեն լինելու վճարել, կանգնելու են փաստի առաջ:

Ինչպես հայտնի է՝ նախօրեին Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ էին հայտնվել: Նրանք պահանջում էին հանդիպում այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: Նշենք, որ ամեն կերպ այս տեղեկատվությունը փորձում էին փակ պահել  հանրության ուշադրությունից: Միայն երեկոյան ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումից հետո տեղեկատվությունը սկսեց շրջանառվել լրատվականներում:

Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ երկրում, թեկուզ մեկ անգամ, պետական մարմնի կողմից իր ցանկալի նպատակի համար օրենքին հակասող գործողություն է կատարվում, և այդ նպատակը կոչվում է «արդարություն»։ Յուրաքանչյուրն ունի իր սուբյեկտիվ արդարությունը։ Իջևանում տեղի ունեցող իրադարձությունները երկրում տիրող իրավական անարխիայի հետևանք են։ Ակնհայտ է, որ սա սպասելի իրադարձություն էր, քանի որ այն անհեռատես քայլերը, որոնք արվում են կառավարության այս կամ այն ոլորտում արհեստական իրավակարգավորումներ սահմանելով՝ հանգեցնելու է նման ֆորս-մաժորի:

Կարևոր է նշել հետևյալ դետալը. այն, որ անտառահատումներն անթույլատրելի են, և ծառահատումները կհանգեցնեն էկոլոգիական լուրջ աղետի դա փաստ է և քննարկման ենթակա չէ, սակայն կարևոր հարց է նաև մարդկանց համար մինիմալ կենսապայման ապահովելու հարցը, երբ մարդիկ բառի բուն իմաստով ապրելու խնդիր ունեն:  Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ մի քանի հազար մարդ աշխատում են պետական հիմնարկներում, մնացած քաղաքացիները  կանգնած են օրվա հաց ճարելու խնդրի առաջ: Փաստ է նաև այն, որ նման անհեռատես քայլերը հանգեցնելու են արտագաղթի նոր ալիքի, ինչը ևս մեկ անգամ ազդելու է ՀՀ դեմոգրաֆիական քարտեզի վրա:

Կարևոր է ֆիքսել այն հանգամանքը, որ անընդհատ խոսվում է սահմանամերձ համայնքների մասին, որի մասին պարբերաբար բարձրաձայնում են իշխանությունները, սակայն էական և շոշափելի գրեթե ոչ մի լուրջ նախաձեռնություն այդպես էլ կյանքի չի կոչվում:

Փաստենք, որ Իջևանի դեպքերը ճնշելու համար մայրաքաղաքից մեծ թվով ոստիկաններ և ոստիկանության զորքեր էին տեղափոխել Իջևան՝ այնտեղ են նաև ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը: Ոստիկանության ներքին զորքերն և լրացուցիչ ուժերն Իջևան էին տեղափոխվել երթուղայիններով, որը բավականին խորհրդանշական հանգամանք էր այն պատճառով, քանի որ ժամանակին նույն Նիկոլ Փաշինյանը քննադատում էր նախորդ իշխանություններին ոստիկանապետություն հիմնելու և իրենց իշխանությունը ոստիկաններով պահելու համար: Հիմա նա նույնությամբ կրկնում է նախորդների, իր բառերով ասած, սխալները:

Ակնհայտ  է, որ Փաշինյանն Իջևանում տեղի ունեցած միջադեպից հետո լուրջ սթրեսային և խուճապային իրավիճակում է, այլապես անիմաստ կլինի և անտրամաբանական, թե ինչու է այդ ծավալի ուժայինների կենտրոնացրել այնտեղ: Հաշվի առնելով թեմայի լրջությունն ու ռիսկայնությունը, նա փորձում է հենց տեղում լուծել լոկալ այդ խնդիրը, որպեսզի այդ հուզումները չակտիվանան ձնագնդի էֆեկտով: Նա շատ հրաշալի պատկերացնում է, որ սովորական կայծից կարող է մեծ հրդեհ բռնկվել և տարածվել ողջ հանրապետության տարածքում: Նման կոշտ մեթոդիկայից ելնելով՝ կարելի է փաստել, որ նա բավականին ագրեսիվ մեթոդների կողմնակից է և իր իշխանությունը պահելու համար պատրաստ է լուրջ քայլերի գնալ, չնայած իր նախկին ելույթներում նա քանիցս շեշտել է, որ ինքը կառչած չէ վարչապետի աթոռից և ժողովրդի առաջին իսկ պահանջի դեպքում ինքն ու իր թիմակիցները կհանձնեն իշխանությունը:

Ամփոփելով՝ հավելենք հետևյալը. տարբեր փուլերում իշխանությունների դեմ պայքարի համար միշտ էլ եղել է ինչ-որ կայծ, որից հետո այդ կայծը վերածվել է մեծ հրդեհի՝ 1988-ին դա Աբովյանն էր, 2018-ին՝ Գյումրին: Արդյո՞ք Իջևանը կհանդիսանա այն ստարտը, որը կդառնա փաշինյանական Հայաստանի հակափաշինյանական լուրջ ակցիաների օրրանը, պարզ կդառնա ոչ հեռավոր ապագայում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս