Զուգահեռ իրողություններ, կամ՝ ահաբեկիչների խրախճանքը

2016թ. հուլիսի 17-ին՝ առավոտյան ժամը 5-ի սահմաններում, «Սասնա ծռեր» խմբավորումը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ ապստամբների 31 հոգանոց զինված խումբը՝ «Սասնա ծռերը», գրավել է Ոստիկանության պարեկապահակային գունդը (ՊՊԾ) և պահանջում է Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ժիրայր Սէֆիլյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը:

ՊՊԾ գնդի վրա հարձակման հետևանքով սպանվում է գնդապետ Արթուր Վանոյանը, ևս 4 անձ հրազենային վիրավորում է ստանում։ Ավելի ուշ սպանվեցին ոստիկանության ևս երկու ծառայողներ՝ Գագիկ Մկրտչյանն ու Յուրի Տեփանոսյանը, ընդ որում, վերջինս՝ դիպուկահարի կրակոցից։ Պատանդառվել էին Հայաստանի ոստիկանապետի նախկին տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի նախկին փոխոստիկանապետ, այժմ՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Երեք տարի առաջ հուլիսյան այս օրերին հասարակության առաջին արձագանքը շոկն էր, անվտանգային խնդիրներն ու իրենց՝ անպաշտպան լինելը։

Փաստորեն, հնարավոր դարձավ մինչ այդ անհավանական մի բան. ինչ-որ զինված խմբավորում կարող էր անարգել գրավել պետական պահպանության կառույց։ Ուրեմն՝ ի՞նչ երաշխիք կար, որ իրենց տների վրա զինված հարձակում չի լինի։

Այդ օրերին հուզական ֆոնն ալիքաձև տատանվում էր։ Հասարակության, բարեբախտաբար, մի զգալի հատված հասկանում էր, որ կատարվածն ահաբեկչություն է, իսկ որոշ մասի համար էլ այդ անձինք հերոսներ էին։ Իհարկե, չպետք է մոռանալ, որ նրանց հերոսացման ուղղությամբ որոշ լրատվամիջոցների և գործիչների կողմից տարվում էր բավականին լավ մշակված ու ճիշտ թիրախավորված աշխատանք։

Եվ եթե այն ժամանակ իշխանությունները չհապաղեին կամ չվախենային կատարվածի ճիշտ գնահատականը տալ, եթե դա որակվեր ահաբեկչություն, եթե գլխավոր դատախազը հեռուստաեթերից ինչ-որ անհասկանալի երաշխիքներ չտար ահաբեկիչներին, «Սարի թաղի դեպքեր» անվանմամբ քրեական գործ դժվար թե ունենայինք, իսկ այսօր էլ ահաբեկիչներն ազատության մեջ չէին լինի։

Ավելին, եթե իրերն իրենց անուններով կոչվեին,  այսօր՝ այդ ողբերգական իրադարձությունների 3-րդ տարելիցին, զինված խմբավորման կոչումով գնդապետ  առաջնորդներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը, չէր ասի, թե իրենք ՊՊԾ գունդ չէին գնացել մարդ սպանելու. «Եթե մենք ուզենայինք մարդ սպանել, տասնյակներով կարող էինք մարդ սպանել, եթե ոչ՝ հարյուրով։ Նպատակ չի եղել որևէ մեկին սպանելու և որևէ մեկի վրա կրակոց չի արձակվել, առավել ևս՝ սպանելու նպատակով»,- ապա նշել էր՝ ինչ եղել է, եղել է ինքնապաշտպանության նպատակով: Իսկ «Սասնա ծռերի» անդամ Գևորգ Սաֆարյանն (ով ներկայիս ոստիկանապետ Վ. Օսիպյանին, ով այդ գործով դատարանում ցուցմունք էր տալիս, «լակոտ» անվանեց)  էլ երեկ նշել է. «Ես ձեզ հիշեցնում եմ, որ ֆրանսիական հեղափոխության ժամանակ եղել են 100 հազարավոր զոհեր, Կուբայի հեղափոխության ժամանակ եղել են տասնյակ-հազարավոր զոհեր։ Այո, զինյալ հակամարտությունների ժամանակ լինում են զոհեր և վիրավորներ»: Ապա ավելացրել է, որ իրենք պահանջում են Հայաստանում օրինականացնել զինված ապստամբության իրավունքը:

Այդ օրերին քչերն էին համարձակվում բարձրաձայնել ահաբեկչության թեման, և այդ քչերից էր Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով նաև ահաբեկիչների հետ բանակցություններն էր վարում պատանդներին ազատ արձակելու, հետագայում նաև՝ նրանց հանձնվելու դետալների շուրջ։

Ահաբեկչությունից 10 օր անց, երբ կրքերն այնպես էին թեժացել, որ հավաքված ժողովրդին չկարողացավ կառավարել անգամ այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (հիշենք այն պատմությունը, երբ զինված խմբավորման անդամներից մեկը՝ Պավլիկ Մանուկյանը, ժողովրդին կոչ էր անում Նիկոլին չսպանել, միայն աղբարկղը գցել), Վիտալի Բալասանյանը քննադատեց խմբավորման արարքը և, մասնավորապես, ասաց. «Հանդիպել ենք Ժիրայրի հետ, նա սկսել է խոսել տարբեր թեմաներից: Ասում էին՝ Ժիրայր Սէֆիլյանը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը… Այո, այդպես է եղել, կա ձայնագրություն, եթե անհրաժեշտություն լինի, կարելի է հրապարակել, բայց կարծում եմ՝ չկա անհրաժեշտություն: Մենք ավելի շատ ձայնագրություններ ունենք: Հիմա կարող եմ անկեղծ ասել, որ բոլորը լսեն՝ իմ ամբողջ շարժերը ձայնագրել եմ: Բոլորին խորհուրդ կտայի ձեռնպահ մնալ այդպիսի հայտարարություններից: Կարող ենք հրապարակել մի օր այդ ձայնագրությունները, ու իրենք էս երկրում ընդհանրապես տեղ չեն ունենա ապրելու: Իմ հորդորն է՝ այդ մարդիկ զուսպ մնան, պետք չի ասել՝ Բալասանյանը սուտ է ասել, նախագահը սուտ է ասել, և այլն… Չկա նման բան: Ինչ եղել է, պարզ ներկայացրել եմ հանրությանը լրատվամիջոցների օգնությամբ: Հետո հանդիպել ենք Ժիրայրին, հետո ՊՊԾ գնդում՝ տղաներին: Այնտեղ, ճիշտն ասած, սկզբնական ժամանակներում իրենց շատ վատ են պահել: ժամանակը կգա, եթե պետք լինի, դա էլ ժողովրդին կներկայացնենք, թե ինչ էր կատարվում»:

Խոսելով խմբավորման անդամների՝ զենքը վայր դնելու մասին, նա ասել էր. «Նրանք զենքերը կամավոր վայր չեն դրել: Զենքերն իրենք պարտադրված են վայր դրել: Երբ նրանք սկսել են ճնշումներ գործադրել, զենք կիրառել, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել, և իրենք ստիպված են եղել զենքերը վայր դնել»:

Վ. Բալասանյանը ստոր քայլ էր որակել բժիշկներին պատանդ պահելը և հայտնել, որ այդ իրենք են հատուկ գործողություն կատարել և դուրս բերել բժիշկներին գնդի տարածքից:

Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունը բոլոր առումներով որակել էր՝ որպես ահաբեկչություն, և ներկայացրել հիմնավորումներ: Այնինչ պետք էր, որ այն օրերին հրապարակային, կշիռ ունեցող ավելի ու ավելի շատ գործիչներ դատապարտեին զինված խմբավորման գործողությունը, սեփական երկրում շինություն գրավելը, մարդկանց պատանդառությունը, ոստիկաններին սպանելը։ Դա պետք է հասարակության կողմից պախարակվեր անդադար. մամուլը, հեռուստատեսությունը, սոցիալական ցանցերում ակտիվություն դրսևորող հանրային գործիչները, բոլորը պետք է անխնա քննադատեին ՊՊԾ գնդի ահաբեկչությունը։

Չարվեց… Ու, ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Փոխարենը՝ տարատեսակ շրջանակների կողմից սկսեց այլ քարոզչություն տարվել։ Ու դեռ լավ է, որ մեծ հաշվով հայի հետին խելքն իր գործն արեց, ու ժողովուրդը չգնաց զենքի հետևից, այլապես պարզ չէ, թե ինչ կարող էր լինել դրանից հետո՝ առհասարակ նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային լոկալ իրողությունների առումով։

Իսկ այսօր ունենք այն իրողությունը, որ այդ մարդկանց համար այսօր տոն է, ու դա տիրաժավորվում է։

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ժիրայր Սէֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում կարող է գրել. «Վստահ եմ, ոչ ուշ ապագային Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն»։

Մարդը վստահ է. իսկ գուցե հիմքեր ունի՞ այդ վստահության համար։ Որովհետև երբ 2018թ. հեղափոխական այս նոր իշխանությունների օրոք ահաբեկիչների խափանման միջոցը փոխելու համար Խորհրդարանի պատգամավորներ են որպես երաշխավոր ներկայանում դատարան, մի օր էլ, չի բացառվում, որ Սէֆիլյանի երազած տոնն իր տեղը գտնի մեր տոնացույցում՝ շնորհիվ նույն այդ կամ այլ, նույնիսկ էական չէ, պատգամավորների։

Տեսանյութեր

Լրահոս