«ՊՊԾ գնդի գրավումը բոլոր առումներով ահաբեկչություն էր». Վիտալի Բալասանյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը զրուցել է ԼՂՀ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, որտեղ զրուցակիցը ներկայացրել է մանրամասներ «Սասնա ծռերի» գործողության օրերի, նրանց հետ ունեցած պայմանավորվածությունների և ներքին հաղորդակցության մասին:
Վ. Բալասանյանը քննադատել է խմբավորման արարքը և, մասնավորապես, ասել է.
«Հանդիպել ենք Ժիրայրի հետ, նա սկսել է խոսել տարբեր թեմաներից: Ասում էին՝ Ժիրայր ՍեՖիլյանը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը… Այո, այդպես է եղել, կա ձայնագրություն, եթե անհրաժեշտությունն լինի, կարելի է հրապարակել, բայց կարծում եմ՝ չկա անհրաժեշտություն: Մենք ավելի շատ ձայնագրություններ ունենք: Հիմա կարող եմ անկեղծ ասել, որ բոլորը լսեն՝ իմ ամբողջ շարժերը ձայնագրել եմ: Բոլորին խորհուրդ կտայի ձեռնպահ մնալ այդպիսի հայտարարություններից: Կարող ենք հրապարակել մի օր այդ ձայնագրությունները, ու իրենք էս երկրում ընդհանրապես տեղ չեն ունենա ապրելու: Իմ հորդորն է՝ այդ մարդիկ զուսպ մնան, պետք չի ասել՝ Բալասանյանը սուտ է ասել, նախագահը սուտ է ասել և այլն… Չկա նման բան: Ինչ եղել է, պարզ ներկայացրել եմ հանրությանը լրատվամիջոցների օգնությամբ: Հետո հանդիպել ենք Ժիրայրին, հետո ՊՊԾ գնդում՝ տղաներին: Այնտեղ, ճիշտն ասած, սկզբնական ժամանակներում իրենց շատ վատ են պահել: ժամանակը կգա, եթե պետք լինի, դա էլ ժողովրդին կներկայացնենք, թե ինչ էր կատարվում»:
Խոսելով խմբավորման անդամների՝ զենքը վայր դնելու մասին, զրուցակիցն ասել է. «Նրանք զենքերը կամավոր վայր չեն դրել: Չկա նման բան: Զենքերն իրենք պարտադրված են վայր դրել: Երբ նրանք սկսել են ճնշումներ գործադրել, զենք կիրառել, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել, և իրենք ստիպված են եղել զենքերը վայր դնել»:
Վ. Բալասանյանը ստոր քայլ է որակել բժիշկներին պատանդ պահելը և հայտնել է, որ այդ իրենք են հատուկ գործողություն կատարել և դուրս բերել բժիշկներին գնդի տարածքից:
Թերթի զրուցակիցը «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունը բոլոր առումներով որակել է որպես ահաբեկչություն և ներկայացրել է հիմնավորումներ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: