«Այս ժողովուրդը, նույնիսկ՝ ամենացածր խավը, հիմար չէ, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին»
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանում շատ բան է փոխվել։ Եթե նախկինում իշխանության հասցեին որևէ քննադատական խոսք լիներ, ապա այն կհանդիպեր լուրջ քարկոծումների, այժմ հակառակ գործընթացն է։
«Չի կարելի, այս ժողովուրդը, նույնիսկ՝ ամենացածր խավը, հիմար չէ, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին և որոշել, որ այդ մարդիկ հիմար-հիմար պետք է ապրեն։ Ժողովուրդը կարողանում է մտածել. մարդը ջուր չունի, որ ծառը ջրի, ասում են՝ իշխանությունը խոստացել է՝ 2020 թվականին ջուր կտա, բա այս տարի ի՞նչ անեն, ծառը չորացնեն-կտրե՞ն։ Մարդիկ սխալ բան չեն ասում, ջուր են ուզում, որ իրենց ծառը ջրեն»,- նշեց Միհրդատ Մադաթյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, սակայն այսօր փաստացի կան քաղբանտարկյալներ, ավելին, եթե այսօր դրա կարգավիճակը չի տրվել, ապա կարճ ժամանակ անց Եվրոպայի խորհուրդն անպայման կտա։
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, այդ ստատուսը Եվրոպայի խորհուրդը կտա, նա անհիմն ձերբակալված մարդ է, որին մինչև այսօր չկարողացան որևէ քրեական հիմք կպցնել»,- իր կարծիքը հայտնեց հոգեբանը։
Անդրադառնալով «հեղափոխական» կառավարության հայտարարություններին՝ նա ասաց.
«Խոսում են թվով 10 հազար ուսուցիչների կրճատման մասին… Կրթության և գիտության նախարարը խոսեց, ասելով՝ այդքան «ավելորդ» վարժապետ կա, որոնց պետք է հեռացնեն աշխատանքից, և նրանց հաշվին ավելացնեն մյուս ուսուցիչների աշխատավարձերը, որը կազմելու է կոպեկներ։ Մենք ասում ենք, որ սովորական դպրոցներում պետք է լինի նաև ներառական կրթություն, բայց չունենք լոգոպեդներ և հոգեբաններ։ Միայն սիրուն խոսելով չէ, տակն իրականում ինչ-որ բան պետք է լինի, այսօր մենք տակն ունենք երկիրը քանդող գործողություններ, ընդ որում՝ այնպիսի քանդող, որի վերականգնման համար տասնյակ տարիներ են պետք լինելու»։
Ըստ նրա, եթե իշխանությունը պնդում է, որ Հայաստանում տնտեսության մեջ համախառն ներքին արդյունքն ավելացել է, ապա ինչո՞ւ դա իրենց վրա չեն զգում քաղաքացիները։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի բարձրացմանը, հոգեբանն ասաց, որ նման բան է տեղի ունեցել առաջին հերթին այն պատճառով, որ կա համեմատական կերպար։
«Մենք ունենք Հայաստանի չորս ղեկավարներ, և նրանց մեջ կերպարների համեմատությամբ հաղթում է երկրորդ նախագահը։ Մեծ դեր ունի նաև արած գործը, որքան էլ մենք սիրենք կամ չսիրենք, ակնհայտ տեսնում ենք, որ Քոչարյանն այս երկրի համար գործ է արել, որից մենք օգտվում ենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը փորձում է Ռոբերտ Քոչարյանին ամեն կերպ պահել ճաղերի հետևում, իր հյուրերին տանում է Հյուսիսային պողոտա, որը կառուցել է հենց նույն Քոչարյանը։ Ճիշտ է, մեծ թիկնազորով է գնում, քանի որ մեկ տարվա ընթացքում նրա ժողովրդավարությունն անկում է ապրել, և վախենում է առանց թիկնազորի դուրս գալ։ Քոչարյանի վարկանիշը բարձրացավ նաև վերջերս ցուցաբերած իր կեցվածքի շնորհիվ»,- նշեց հոգեբանը։
Երևանի ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը նույնպես պնդեց, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ ի դեմս ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի։
«Որպես բժիշկ՝ սրտի ցավով եմ նայում, թե ինչ են անում այդ մարդու հետ։ Այստեղ իրոք օգտագործել են քաղաքական տեխնոլոգիաներ, մենք ի՞նչ գիտենք Մանվել Գրիգորյանի գործի մասին, գիտենք միայն այն, ինչ մեզ ներկայացրել են իշխանությունները։ Ինձ մոտ տպավորվել է այն տեսանյութը, որտեղ երիտասարդը «տուշոնկաները» նկարել էր և ասում էր, որ զինվորների համար նախատեսվածը տալիս են արջերին։ Այս արտահայտությունը մեխվել է մեր ուղեղներում»,- ընդգծեց Մ. Խաչատրյանը։
Նա նաև իր զարմանքն արտահայտեց, թե ինչպես կարելի է նման առողջական խնդիրներով մարդուն պահել կալանքի տակ։
«Ես կարող եմ մեկ բան մտածել, որ պարզապես չեն ուզում, որ այս մարդը խոսի։ Եթե երկրորդ նախագահը՝ լինելով ուժեղ մարդ ու ունենալով կրթված ընտանիք, պայքարում է, կարողանում է իր իրավունքները պաշտպանել, ապա Մանվել Գրիգորյանի դեպքում ինձ մոտ այն տպավորությունն է, որ հույսը կորցրել և ձեռքերը ծալած նստել է։ Եթե կատարել է հանցագործություններ, թող պատասխան տա, բայց թող թույլ տան, որպեսզի մենք տեսնենք նաև մեդալի երկրորդ կողմը»,- ասաց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների հետ զրույցում վերջերս նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված գործին, ասել էր.
«Ես անձամբ կարծում եմ, որ գեներալ Մանվել Գրիգորյանը կարող էր 10 անգամ ավելի շատ զենք ունենալ, նույնիսկ БМП, БТР, 120 միլիմետրանոց թնդանոթ ունենալ։ Այդպիսի մարտական ուղի անցած մարդու համար զենքը տրամաբանական, հասկանալի ատրիբուտ է, և ես ինքս, 10 տարի լինելով զինդատախազ, որևէ զինծառայողի ապօրինի փամփուշտի ու զենքի համար քրեական պատասխանատվության չեմ ենթարկել։ Այո, առգրավել ենք, ներկայացրել ենք սպառազինություն, հաշվառման ենք վերցրել, բայց չեմ դատել։ Իրականում Մանվել Գրիգորյանի «փուչիկը» հենց սկզբից էլ շատ փչեցին»։
Նա նաև նշել էր, որ վստահ է՝ այդ խտացրած կաթի ու տուշոնկաների հետ նա ընդհանրապես կապ չի ունեցել։ Ըստ նրա՝ մատակարարները դրանք տվել են ՊՆ-ին, իսկ թե ո՞վ է տարել, լցրել նրա տունը, ինքը չգիտի։
«Հիմա քանի որ ժամանակ է անցել, սառել է, ուզում եմ ասել, որ մենք որևէ մեկի՝ մեր պետության առջև ունեցած ծառայությունները չպետք է մոռանանք։ Լավին լավ պետք է ասենք, վատին՝ վատ»,- ասել էր նախկին զինդատախազը
Զվարթ Խաչատրյան