«20-րդ դարի կրթական համակարգը փորձում է մեր 21-րդ դարի աշակերտներին, քաղաքացիներին տանել հետ…». Արայիկ Հարությունյան
Նոր ժամանակներում անհրաժեշտ են դասավանդաման նոր մեթոդներ, և այն վերափոխումները, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում, միտված են դրան:
Այս մասին «Edcamp Armenia – 2019» առաջին ուսուցչական-կրթական կոնֆերանսի բացման արարողության ժամանակ հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Բարեփոխումներ մեծ մասը միտված է նրան, որպեսզի մենք մեր փայլուն սերնդին (վերջին իրադարձութունները վկայում են դրա մասին) հարիր կրթական համակարգ ձևավորենք, 21-րդ դարի քաղաքացու համար ձևավորենք 21-րդ դարի կրթական համակարգ, մինչդեռ, ցավոք սրտի, դեռ այդ կրթական համակարգը 20-րդ դարում է:
Հիմա այդ պայքարն է գնում՝ 20-րդ դարի կրթական համակարգը փորձում է մեր 21-րդ դարի աշակերտներին, քաղաքացիներին տանել հետ՝ կրթել այդ մեթոդներով: Սա չի վերաբերում բոլոր դպրոցներին, բոլոր ուսուցիչներին, բայց սա ընդհանուր մթնոլորտն է, որ այսօր ունենք հանրակրթական ոլորտում: Այս ներկայությունը՝ բազմաթիվ ուսուցիչների ներկայությունը, վկայում է նրա մասին , որ ուսուցչական համայնքնում էլ պահանջ կա վերափոխելու, իսկ անցյալ տարվա հեղափոխությունից հետո հիմնական գաղափարախոսությունը յուրաքանաչյուր անհատի վերափոխումն է»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ աջակցելու են նման նախաձեռնություններին:
Նշենք, որ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի միջոցով Հայաստանը 2019 թվականին առաջին անգամ միացել է աշխարհի 43 երկրում գործող ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված Edcamp (Էդքեմփ) նորարար կոնֆերանսին:
168.am-ի հետ զրույցում կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը տեղեկացրեց, որ միջոցառմանը ներկա են շուրջ 400 մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից, 40 գյուղերից, Սփյուռքից, միջոցառմանը մասնակցելու են նաև հրավիրյալ դասախոսներ և շուրջ 60 խոսնակներ. «Սա բացառիկ հնարավորություն է ուսուցիչների համար շփվել միմյանց հետ, սովորել միմյանից, կիսել գործնական փորձը և դրա արդյունքում բարելավել իրենց դասավանդումը»:
«Մենք բոլորս հավատում ենք, որ աշխարհի բոլոր երեխաները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց պոտենցիալը կրթության միջոցով»,-իր խոսքում նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը՝ կարևորելով կրթական ոլորտին նպաստող նման միջոցառումներն ու աշխարհում կրթությունը գնահատող արժեհամակարգի ձևավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ 168.am-ն ապրիլին արդեն տեղեկացրել էր , որ ս. թ. հունիսի 29-ին Հայաստանում կազմակերպվելու է առաջին ուսուցչական (չ)կոնֆերանսը՝ Edcamp-ը, որն ուսուցչական միջազգային մասնագիտական հարթակ է։
Այն ներառում է աշխարհի 43 երկիր, այդ թվում՝ Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Բելգիան, Ֆրանսիան։ Հայաստանն այս հարթակին միացող 44-րդ երկիրն է։
Զարուհի Դիլանյան