Հայաստանը կմիանա Edcamp ուսուցչական միջազգային հարթակին
Ս.թ. հունիսի 29-ին Հայաստանում կկազմակերպվի առաջին ուսուցչական (չ)կոնֆերանսը՝ Edcamp-ը, որին ակնկալվում է ՀՀ (ներառյալ՝ Արցախը) տարբեր բնակավայրերից շուրջ 400 ուսուցչի մասնակցություն։ Կլինեն ավելի քան 10 լսարանում զուգահեռ ընթացող շուրջ 30 մասնագիտական քննարկումներ, Հայաստանի և արտերկրի տարբեր կրթական կառույցներից հրավիրված խոսնակների ելույթներ։
Edcamp-ն ուսուցչական միջազգային մասնագիտական հարթակ է։ Այն ներառում է աշխարհի 43 երկիր, այդ թվում՝ Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Բելգիան, Ֆրանսիան։
Հայաստանն այս հարթակին միացող 44-րդ երկիրն է։
Այս նախաձեռնության մասին զրուցել ենք Հայաստանյան Edcamp-ը նախաձեռնող «Պարադիգմա» կրթական հիմնադրամի տնօրեն, ուսուցիչների կրթության մասնագետ Հասմիկ Կյուրեղյանի հետ։
«Հայաստանում ուսուցչական մեծ ներուժ կա, որը համախմբման և աջակցության կարիք ունի։ Ուսուցիչների կրթության վերաբերյալ հետազոտությունները ցույց են տալիս, որ կրթության որակի աճը հստակ կապ ունի ուսուցչական սովորող համայնքների ձևավորման հետ։ Մեր նպատակն ուսուցչակենտրոն միջավայրի ձևավորումն է, որը թույլ կտա լիարժեք աշակերտակենտրոն ուսուցում իրականացնել»,- նշում է Հասմիկ Կյուրեղյանը։
Կյուրեղյանը հավելում է նաև, որ «Ի տարբերություն սովորական կոնֆերանսների, Edcamp-ի օրակարգը ձևավորում են խոսնակները. յուրաքանչյուր խոսնակ ինքն է որոշում՝ մասնագիտական ինչ փորձ ներկայացնել իր գործընկերներին։ Խոսնակները կարող են իրենց թեման ներկայացնել երեք ձևաչափով՝ պրեզենտացիաներ, թեմատիկ քննարկումներ և աշխատարաններ։ Մասնակիցները, իրենց հերթին, ազատ են ընտրել, թե որ քննարկմանը մասնակցել։
Edcamp-ը հնարավորություն կտա մեկ օրում առնչվել թեմատիկ այնպիսի բազմազանության, որ այլ դեպքերում շատ ավելի տևական ժամանակ կպահանջվի։ Կլինեն դասավանդման մեթոդների, ռազմավարությունների, տեխնիկաների, կրթության հետազոտությունների ներկայացումների, մարտահրավերների և դրանց լուծումների, կոնցեպտների քննարկումներ»:
Նշենք, որ Edcamp-ին Հայաստանի մասնակցության մեկնարկը կտրվի ս.թ. հունիսի 29-ին՝ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կողմից, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ համագործակցությամբ։
Edcamp-ին գրանցվելու և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ֆեյսբուքյան էջի միջոցով։
ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ