Բաժիններ՝

«Հինգ մեքենան այս պահի դրությամբ հարցի լուծում չէ». Ավագանու անդամը՝ 5 աղբատար «ԿամԱԶ»-ների մասին

«Ես մինչ օրս չեմ հասկանում, թե քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն ինչպե՞ս են աշխատում, ինչպե՞ս են վճարվում վարորդները, եթե հաստիքացուցակ չի բերվել և չի հաստատվել: Երևանն ինչպե՞ս է դարձել  երրորդ օպերատոր, ինչքա՞ն աշխատավարձ են տալիս բանվորներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով 5 աղբատար «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների մասին, ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը։

««ՍանիՏեք» ընկերությունն ինքն իրենից երկու օպերատոր է: Փաստաթղթով կա «ՍանիՏեք Ինթերնեյշնալ» և «ՍանիՏեք Արմենիա»: Հիմա, եթե քաղաքը դառնում է ոչ թե երրորդ, այլ երկրորդ օպերատոր, արդյո՞ք լուծվում է պայմանագրերից մեկը, ու ոչ մի պատասխան չեմ ստանում: Այո՛, այս պահին չեն կարող պատասխանել, որովհետև «ՍանիՏեքը» միջազգային կազմակերպություն է, լուրջ խնդիրներ կլինեն, հետևաբար՝ պետք է ցանկացած հարցում զգույշ լինենք, որ  միջազգային ատյաններում Երևանը խնդիր չունենա»,- նշեց Անի Խաչատրյանը՝ հավելելով, որ պայմանագիրը լուծելու շատ առիթներ է տվել այդ ընկերությունը:

Ավագանու անդամն ընդգծում է՝ «ՍանիՏեքի» հետ պայմանագիր կնքելիս բանավոր պայմանավորվածություն է եղել նախկին քաղաքապետի հետ, որ կլուծվի աղբավայրի խնդիրը:

««ՍանիՏեքի» վատ աշխատելու պատճառն աղբավայրն է: Մեքենաները շուտ են փչացել ու խոստում է  եղել՝ 2-3 տարում նոր աղբավայր սարքել, ինչը չեն արել նախկին իշխանությունները: Կարծում եմ՝ այս նոր աղբատար մեքենաները գնելու փոխարեն՝ միգուցե գումարը ծախսեինք աղբավայրի համար, որպեսզի աղբահանության խնդիրը լուծվեր: Հիմա կրիտիկական շրջանն է սկսում, ամռանը տեսնենք՝ ինչ կլինի աղբի վիճակը։ Հինգ մեքենան այս պահի դրությամբ հարցի լուծում չէ»,- հավելեց Անի Խաչատրյանը:

Ավագանու անդամի տեղեկացմամբ՝ հունիսի 26-ին տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը, որի ժամանակ էլ, հավանաբար, անդրադարձ կկատարվի այս հարցին։

«Նախորդ նիստին ավագանու օրակարգից հանվեց հաստիքացուցակների հարցը, այս անգամ նույն հաստիքացուցակի նախագիծն են մեզ ուղարկել, ուղղակի առանց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման։ Որպես այդպիսին, հաստիքացուցակը 40 տոկոս չի ավելանում, ինչպես որ հայտարարվում էր։ Այստեղ հիմնադրամների և մնացածի հաշվին է ավելանում, տարբեր հիմնադրամների վրա գրանցված աշխատակիցներ էին։ Այսինքն, այդ աշխատողները, միևնույն է, քաղաքապետարանի ենթակայության տակ են, ուղղակի ցրված են, և հիմա բոլորը դառնում են քաղաքապետարանի աշխատակիցներ»,-  նշեց Անի Խաչատրյանը:

Ավագանին վերջին նիստերի ժամանակ նաև որոշում կայացրեց, որ աղբահանությանը գումարները պետք է հավաքագրեն ոչ թե համատիրությունները, այլ վարչական շրջանները։ Նոր նախագծով՝ նախատեսվում է հաստիքացուցակը 50-ով ավելացնել՝ վարչական շրջանների կողմից աղբահանության գումարների հավաքագրման համար։

«Եթե 50 աշխատատեղ ավելացնում ենք, թող համատիրությունները հավաքեին։ Այս պահին վարչական շրջաններում կան գույքահարկ հավաքագրող աշխատակիցներ, և ևս 50 հաստիք ավելանում է, այսինքն, երկու մարդ է գնալու մարդկանց բնակարաններ։ Եթե գույքահարկի համար գնում ես մարդու բնակարան կամ զանգահարում ես, մեկ աշխատողը լրիվ բավարար էր, մենք այդպես էինք պատկերացնում»,- մանրամասնեց ավագանու անդամը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս