Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուզբեկստանից ժամանած մեր հայրենակիցներ։
Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակալի է համարել հայ համայնքի ներդրումը Ղազախստանի զարգացման գործում: «Շատ կարևոր է, որ դուք Ղազախստանի լավ քաղաքացի լինեք: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանաք, թե ինչ կրոն ու մշակույթ եք ներկայացնում, պետք է հպարտությամբ ներկայացնեք հայ ազգը»,- նշել է Հանրապետության նախագահը:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ամենակարևոր ռեսուրսը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսը: Այս առումով, նա մեծապես կարևորել է սփյուռքի ներուժի օգտագործումն ու հայ ժողովրդի միասնական լինելը: «Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է: Պետք է սովորենք միասին ապրել ու աջակցել իրար: Մենք քիչ ենք, սակայն մեկ ազգ ենք և պարտավոր ենք իրար աջակցել: Առաջնայինը մեր ազգային միասնությունն է: Հաջողության հասնելու այլ ուղի չկա: Սա հաջողության գրավականներից մեկն է»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Որպես հաջողության մյուս գրավական՝ Հանրապետության նախագահն առանձնացրել է ազնիվ ու նվիրված աշխատանքը:
Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանը կարևորել է նոր սերնդին բարձրակարգ կրթությամբ ապահովելը՝ որպես ավելի ամուր ու վստահելի ապագայի երաշխիք: «Մենք ունենք հարստություն, դա մարդկային հարստությունն է, դա դուք եք և ձեր երեխաները: Ինձ համար շատ էական է հաջորդ սերունդը: Մենք դպրոցից սկսած պետք է կարողանանք երեխաներին ճիշտ կրթել: Որպես նախագահ՝ իմ պարտականությունն եմ համարում առաջնորդել ժողովրդին որոշակի հստակ տեսլականներով: Եվ տեսլականներից առաջինն այն է, որ երկրում երեխաների նկատմամբ ուշադրությունը պետք է լինի ամենաառաջնայինը: Վաղը հայրենիքը պաշտպանող զինվորն այսօրվա երեխան է: Որպեսզի նա կարողանա վաղը երկիրը պաշտպանել, պետք է ունենա ամենավերջին տեխնոլոգիան, քանի որ հրացանով չի պաշտպանելու, այլ դրոններով: Ու դրա համար պետք է ճիշտ կրթություն ստացած լինի: Հայաստանը ինքը պետք է արտադրի իր դրոնը: Իսկ որպեսզի դրոն արտադրի, պետք է ունենա բարձրորակ կրթական համակարգ՝ մանկապարտեզից մինչև համալսարան»,- նշել է նա:
Հանրապետության նախագահը հայտարարել է, որ 21-րդ դարը հայերի դարն է և մենք ունենք հնարավորություն ու ներուժ՝ դառնալու հաջողակ ազգ:
Ելույթի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը լսել է հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին: