Նիդերլանդների պատգամավորները կառավարությունից հետաքրքրվել են հայ- նիդերլանդական հարաբերությունների մասին

Նիդերլանդների խորհրդարանի երկրորդ պալատի մի քանի անդամներ Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Երևանում Նիդերլանդների դեսպանության հնարավոր բացման և մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր են ուղղել կառավարությանը:

Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ ապրիլի 19-ին Նիդերլանդների խորհրդարանի երկրորդ պալատի անդամներ Կես վան դեր Ստայը (Բարեփոխական քաղաքական կուսակցություն), Մարտին վան Հելվերտը (Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն), Պիտեր Օմզիխտ (Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն) և Ջոել Վորդեվինդը (Քրիստոնեական միություն կուսակցություն) գրավոր հարցապնդում են արել վարչապետ Մարկ Ռութեին և ԱԳ նախարար Ստեֆ Բլոկին՝ Հայաստան – Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման վերաբերյալ: Հարցադրման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել է Մարտին վան Հելվերտը «Թվիթերում»:

Պատգամավորները, մասնավորապես, հետաքրքրվել են, թե արդյոք վարչապետը հիշո՞ւմ է
իր  և Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի հանդիպումը, որտեղ ինքը ջերմորեն շնորհավորել է նրան թավշյա հեղափոխության և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։ Նրանք հետաքրքրվել են, թե արդյոք Նիդերլանդները պատրաստվո՞ւմ է Հայաստանի հետ համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների ոլորտները։ Պատգամավորները, մասնավորապես, հետաքրքրվել են, թե արդյոք պատրաստվո՞ւմ են աշխատել Հայաստանի հետ Արժույթի Միջազգային Հիմնադրամի (IMF) և Միջազգային Բանկի հետ համագործակցության շրջանակում։ Նրանց նաև հետաքրքրել է, թե  արդյոք Նիդերլանդները պատրաստվո՞ւմ է Հայաստանում դեսպանություն բացել:

Պատգամավորները վարչապետին հիշեցրել են նաև Հայաստան – Եվրամիություն համագործակցության շրջանակներում 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին: Նրանք հարցրել են, թե Նիդերլանդների կողմից ե՞րբ է վավերացվելու վերը նշված համաձայնագիրը և արդյոք այն ուղարկվե՞լ է Պետական խորհուրդ (Raad van State), եթե չի ուղարկվել, ապա հետաքրքրվել են նաև ուշացման պատճառներով:

Պատգամավորները նաև հետաքրքրվել են, թե ճի՞շտ է, արդյոք, որ Նիդերլանդներն ունի դիվանագիտական ներկայացուցչություններ Եվրախորհրդի անդամ բոլոր երկրներում՝ բացառությամբ Հայաստանի և Մոնտենեգրոյի:

Տեսանյութեր

Լրահոս