«Դավիթի անձը պաշտպանելու մոտիվացիա չկա». ինչո՞ւ Իոաննիսյանը չի վստահում ԱԱԾ քննչական գործողություններին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը չի վստահում Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), համարում է, որ պետական այս կառույցը փակ է և ունի ցածր հաշվետվողականություն: Իսկ որպեսզի հակառակը լինի՝ քննչական գործառույթ չպիտի իրականացնի: Որպես ասվածի հիմնավորում՝ նա գործարք է տեսնում Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու դիմաց՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին կասկածյալի կարգավիճակ տալու հիմքում:
«ԱԱԾ-ի նման փակ և ցածր հանրային հաշվետվողականությամբ կառույցում կարող են մարդուն ասել՝ «շեֆիդ (Սանասարյանի) դեմ ցուցմունք տուր, ու խափանման միջոցդ կփոխենք, կալանքից դուրս կգաս»: Այս պայմաններում Հայաստանում իրավապահների նկատմամբ հանրային վստահության բարձրացում չենք ունենալու: Ուկրաինայում էլ մի 3 տարի առաջ անվտանգության ծառայությունն ընկել էր նորաստեղծ ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հետևից, քանի որ «կոնկուրենցիան չի դզում»: ՀՍՏԱԿԵՑՈՒՄ. Սույն գրառումն ԱԱԾ-ի ֆունկցիաների և հանրային հաշվետվողականության մակարդակի անհամատեղելիության մասին է, և ոչ՝ կոնկրետ քրեական գործի»,- Դ. Իոաննիսյանը գրել էր ֆեյսբուքյան իր էջում:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ։
– Որտեղի՞ց է Ձեզ հասու դարձել ինֆորմացիան, որ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունքը գործարք է եղել ՊՎԾ գործով կալանավորված անձի և ԱԱԾ-ի միջև:
– Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, և ներեցեք, ես չեմ գրել, որ այդպիսի բան է տեղի ունեցել, ես գրել եմ, որ ԱԱԾ-ի նման փակ և ցածր հանրային հաշվետվողականությամբ կառույցում կարող է նման բան տեղի ունենալ: Իմ պնդումը վերաբերում է նրան, որ կարող է նման բան տեղի ունենալ, այլ ոչ թե, որ եղել է:
– Այդ վարկածը, որը Դուք հավանական եք համարում, ինչի՞ց եք եզրակացրել:
– Այդ հավանական վերսիային մարդ գալիս է ակամայից, այն բանից հետո, երբ ՊՎԾ աշխատակիցը՝ Դավիթ Սանասարյանի ենթակա անձը, մոտ 10 օր առաջ ազատ արձակվեց կալանավայրից, և փոխվեց նրա խափանման միջոցը՝ առանց մինչ այդ քրեական գործում էական փոփոխությունների:
– Ձեզ հայտնի՞ են ԱԱԾ-ում քննվող ՊՎԾ գործի մասնրամասները, հասո՞ւ է Ձեզ ամբողջ ինֆորմացիան, որ համարում եք, թե ինչ-որ էական փոփոխություն այս ընթացքում տեղի չի ունեցել, բայց արդյունքում՝ կալանավորվածներից մեկի նկատմամբ խափանման միջոց է փոխվել:
– Ֆեյսբուքյան իմ գրառումը վերաբերում է ոչ թե՝ կոնկրետ գործին, այլ՝ առհասարակ նման իրավիճակին և իրավակարգավորումներին: Այսինքն՝ իմ պնդումն այն է, որ ԱԱԾ-ի նման փակ կառույցը չպետք է ունենա հնարավորություն, որ ասի՝ շեֆիդ դեմ ցուցմունք տուր՝ կալանքից դուրս կգաս։ Իսկ այս հնարավորությունը տրվում է նրան՝ նախաքննություն իրականացնելու լծակով: Եվ սա պնդում եմ, որովհետև նման հնարավորությունն ինքնին հանրային վստահություն է կորցնում: ԱԱԾ-ի այդ ֆունկցիաները պիտի փոխանցվեն Քննչական կոմիտեին (ՔԿ), այդ թվում՝ ՊԵԿ-ին է սա վերաբերում:
– Այսինքն՝ Դուք անում եք Ձեր գաղափարների, կամ, այսպես ասած, ծրագրի լոբբինգը, այն է՝ ՀՀ Քննչական կոմիտեին (ՔԿ) զինել անասելի մեծ լծակներով, քանի որ հակակոռուպցիոն միակ մեծ մարմինը Դուք տեսնում եք՝ ի դեմս ՔԿ-ի՞, այո՞:
– Ոչ, դա կապ չունի, ԱԱԾ-ն, միևնույն է, պիտի զբաղվի բացառապես հակահետախուզական և հետախուզական գործողություններով: Նա չպետք է ունենա նախաքննական գործառույթ իրականացնելու ֆունկցիա: Առավել ևս, այնպիսի քրեական գործեր, ինչպիսին, օրինակ, Պետական վերահսկողական ծառայության գործն է, պետք է վարեր կամ Քննչական կոմիտեն, կամ Հատուկ քննչական ծառայությունը, սա իր գործառույթը չէր:
Այսինքն՝ տվյալ դեպքում մենք խնդիր ունենք Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանության հետ: Մենք գործ ունենք կոնկրետ իրավիճակի հետ, երբ կալանքից ազատվում է Դավիթ Սանասարյանի ենթական, և դրանից կարճ ժամանակ անց Դավիթ Սանասարյանին նույն գործով կասկածյալի կարգավիճակ են տալիս, և անգամ խափանման միջոց է ընտրվում՝ ստորագրություն չհեռանալու մասին, և այստեղ ակամայից, ուզած թե չուզած, մարդ սկսում է կասկածել, որ ԱԱԾ-ում նման գործարք է եղել, նրան առաջարկել են ցուցմունք տալ շեֆի՝ Դավիթ Սանասարյանի դեմ, և դրա դիմաց՝ փոխել խափանման միջոցը:
Սա կասկած է, պնդում չէ… Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է Հայաստանում օրենսդրությունն այնպիսի իրավակարգավորումներ պարունակում, որ այսպիսի սցենարները հնարավոր լինեն… ԱԱԾ-ի նման փակ կառույցը չպետք է մարդկանց նման բան առաջարկի, խոսքս սրա մասին է:
– Ուզում եք ասել, որ ԱԱԾ-ն ինքնուրո՞ւյն է գործել, կամ բացառո՞ւմ եք, որ, օրինակ, Քննչական կոմիտեն՝ Ձեր նշած իրավակարգավորումների դեպքում, նույն բանը կաներ: Արդյոք Ձեր առաջարկած փոփոխությունների դեպքում իրավական որևէ կառույց կարո՞ղ է այդքան սուվերեն լինել և նման հնչեղություն ունեցող քրեական գործերի դեպքերում սուվերեն որոշում կայացնել:
– Տարբերությունը մարմնի՝ բաց և փակ, հանրային հաշվետվողականության մեջ է: Այո, մեր իրավական կառույցները պիտի ունենան սուվերեն իրավունք, և Քննչական կոմիտեն՝ որպես հակակոռուպցիոն կառույց, պիտի ունենա իր սուվերենությունը երաշխավորող օրենսդրություն: Ստեղծվելիք մարմնին պիտի որևէ մեկը չկարողանա պատվեր տալ:
– Արդյո՞ք Ձեր գրառման տակ չկար «Սորոս»-ական գործընկերոջը պաշտպանելու մոտիվացիա, չխոսենք հակակոռուպցիոն կառույցի լոբբինգի մասին:
– Դավիթին համարում են «Սորոս»-ակա՞ն, չգիտեի: Ինձ որ համարում են «Սորոս»-ական, լրիվ հասկանալի է, իմ հիմնադրած կազմակերպությունը «Սորոսի» հիմնադրամից գրանտներ է ստացել, բայց Դավիթի դեպքում չեմ հիշում նման բան, ինձ հայտնի չէ նրան ֆինանսավորելու որևէ դեպք կամ կապեր: Ինչևէ… Դավիթի անձը պաշտպանելու մոտիվացիա չկա… Այս գրառման մոտիվացիան այն է, որ պնդում եմ՝ իրավապահները պիտի ունենան հանրային վստահություն, պիտի հանրային հաշվետվողականություն ապահովեն: Ես առաջ եմ մղում այս գաղափարը և այս մթնոլորտն ունենալու մոտեցումը: Ի դեպ, ֆիքսենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը կուլմինացիա է… Դավիթ Սանասարյանն ամենաբարձր պաշտոնյան է վերջին 20 տարիների ընթացքում, որ քրեական գործում մեղադրվում է կամ ներգրավված է՝ որպես կասկածյալ: Այս դեպքն ուշադրության արժանի է նաև այս իմաստով:
Սյուզի Բադոյան